Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծառուկյանին «ղազագիր» գրած ու սեփական դստեր անունով երդված Նաիրա Զոհրաբյանը շարունակում է վիրավորել Իշխանասարի բնակիչներին

Ծառուկյանին «ղազագիր» գրած ու սեփական դստեր անունով երդված Նաիրա Զոհրաբյանը շարունակում է վիրավորել Իշխանասարի բնակիչներին
Քաղաքականություն
20:49, 03 октябрь 2022
Նիկոլ Փաշինյանին ընտրած Հայաստանի քաղաքացիներին «ժեխ» անվանող ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանին հանգիստ չի տալիս այն միտքը, որ սեպտեմբերի 25-ին ՀՀ-ում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Իշխանասարում ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները։ 

Տիկին Զոհրաբյանն այնքան չէր կարողացել զսպել իր ցասումն Իշխանասարի բնակիչների ընտրության առթիվ, որ հենց ընտրությունների երեկոյան կատարել էր հետևյալ գրառումը՝ սկզբում իշխանասարցիների ընտրությունը վերնագրելով «Անասնաֆերմա», հաջորդ օրը դարձնելով «Ջորջ Օրուել»։

«Հանրապետության մի շարք բնակավայրերում այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Սիսիան խոշորացված համայնքի որոշ գյուղական բնակավայրերում, որտեղից թուրքը մի քանի մետր հեռավորության վրա է, առաջատարը Նիկոլի կուսակցությունն է։  Իշխանասար համայնքում, որտեղ հենց հիմա թուրքի ամրակայված դիրքերն են, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ պատերազմ էր, ու բազմաթիվ տղաների դիակներ դեռ չկան, իսկ ում դին թուրքը «մեծահոգաբար» հետ է տվել, եղել են դաժանորեն խոշտանգված, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել է առավելագույն ձայներ»,- գրել էր Նաիրա Զոհրաբյանը՝ Ադրբեջանի հարձակման պատասխանատվությունը գցելով ՔՊ-ի վրա։

Իսկ այսօր տիկինը չի խորշել անգամ շահարկել 18-20 տարեկան անզեն հայ գերիների գնդակահարությունը։ Այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր զինվորներին դաժանաբար գնդակահարել են Իշխանասարի դիրքերում։ Ու թուրքի հետ միասին այդ ինքնաձիգը սեղմել են բոլոր Նիկոլ ընտրածները»։

Թե ինչ կարգի շահարկման է դիմում տիկին Զոհրաբյանը Ադրբեջանի հարձակման ֆոնին և ինչ մեծ ծառայություն է մատուցում Հայաստանի վրա հարձակված Ալիևին՝ հարձակման պատասխանատու կարգելով ՀՀ վարչապետ Փաշինյանին, թերևս ակնհայտ է։  

Հասկանալի է, որ տարիներ առաջ Ծառուկյանին «ղազագիր» գրած և սեփական դստեր անունով երդված տիկնոջ համար դժվար է ընկալել Իշխանասարում բնակվողների ընտրությունը, որոնք, ի տարբերություն Նաիրա Զոհրաբյանի, հասկանում են, որ սեպտեմբերի 13-14-ի այդ պատերազմը Սյունիքի միջանցքի համար է, իսկ ՀՀ ղեկավարությունը Փաշինյանի գլխավորությամբ բազմիցս հայտարարել է, որ միջանցք չի լինելու, և բանակը տեղում պաշտպանում է իրենց երկիրը։ 

Տեսնելով, թե ինչպես է նախկին պատգամավորուհին հայտնվել  քաղաքական աղբանոցում, հասկանալի է դառնում, որ Ծառուկյանին իր երդումն այդուհանդերձ չի պահել։

Եվս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ էր գրել Նաիրա Զոհրաբյանն իր «ղազագրում». «Ես երաշխավորում և երդվում եմ իմ միակ, ամենամեծ սրբությամբ՝ իմ աղջկանով, որ այլևս էմոցիոնալ առճակատման տանող և լարվածություն առաջացնող հայտարարություններ չեմ անելու։ Սա պատվի հարց է»։