Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին նախագահները պարտավոր են շատ ուղիղ, կոնկրետ պատասխանել Ադրբեջանի առաջարկներին առնչվող հարցերին

Նախկին նախագահները պարտավոր են շատ ուղիղ, կոնկրետ պատասխանել Ադրբեջանի առաջարկներին առնչվող հարցերին
Քաղաքականություն
17:00, 04 октябрь 2022
Սեպտեմբերի 13-ից այս կողմ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո,  Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծվել է միանգամայն նոր, որակապես այլ իրավիճակ, քան էր մինչև սեպտեմբերի 13-ը, 44-օրյա պատերազմից հետո և նույնիսկ պատերազմի օրերին։ Իրավիճակը համարժեք գնահատելու համար պահանջվում է սթափություն,  ձեռքը խղճին դնելու կարողություն՝ օբյեկտիվություն, և, իհարկե, ամուր նյարդեր։ 
Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված տեքստը  հետպատերազմական Հայաստանի շուրջ ստեղծված  իրավիճակի (Ադրբեջանի ախորժակի), այսպես ասած, կոնսպեկտն է, հանրային իրազեկման ակտ՝ հասցեագրված բոլոր շահագրգիռ խմբերին, այդ թվում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի հովանավորությամբ Էջմիածնում տեղի ունեցող հավաքի մասնակիցներին, ովքեր հետաքրքրված են Հայաստանի ապագայով և այդ ապագան երաշխավորող խաղաղության գործընթացով։  
 «Նախագահը գնահատում է այդ հրապարակումը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների ակնկալվող կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բացահայտման համար: Դա, ըստ էության, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի տեքստի ադրբեջանական նախագիծը, որի մանրամասներին, ինչպես նշվել էր ՀՀ Առաջին նախագահի կողմից սեպտեմբերի 26-ի հարցազրույցում, մինչ այժմ տիրապետում էին միայն վարչապետը և իշխանության վերին էշելոնի մի նեղ շրջանակ: Նույնպիսի նախագիծ, բնականաբար, պատրաստել է նաև Հայաստանը, որի մանրամասները չեն բացահայտվում, և ճիշտ է, որ չեն բացահայտվում՝ ելնելով քաղաքական խորհրդապահության նկատառումներից»,- ի պատասխան  ՀԺ-ի հրապարակման՝ արձագանքել է առաջին նախագահը՝ միաժամանակ հավելելով, թե «այսպիսով, պետք է արձանագրել, որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել», քանի որ խնդրո առարկա հրապարակումը, «ըստ էության, մերժողական պատասխան է ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն սկսելու առաջարկին»:     
Նշենք, որ իր՝ մեծ աղմուկ հանած և թույլ տվեք ասել՝ չհասկացվածության մթնոլորտ ձևավորած  հարցազրույցում առաջին նախագահը նշում էր, թե բավարար չափով ինֆորմացված չէ այն մասին, թե ինչ է պահանջվում Հայաստանից։ «Ես էլ պետք է այդ ինֆորմացիային տիրապետեմ, ես էլ, մյուս նախագահներն էլ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ կա՞ ավելի լավ լուծում։ Իմ նպատակն ինչ է. գիտեմ՝ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար, ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Սա է մեր ակնկալիքը՝ ամենաքիչ ցավալի լուծումը։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է, ուրիշ ոչ ոք։ Եվ ավելին ասեմ՝ դրանից էլ չեմ վախենում՝ Փաշինյանն էլ է վախենում ստորագրել այդ փաստաթուղթը, որովհետև դուք շատ լավ գիտեք՝ ինչ էլ ստորագրի, ասելու են՝ «դավաճան», «թուրք», չգիտեմ ինչ։ Ինչ էլ ստորագրի։ ...Իմ կարծիքով՝ մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, եթե մեզ բացատրում ենք, միասին ենք ընտրում էն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում։ Ես պատրաստ եմ դրան։ Պատրաստ եմ, պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար»։ 
Այժմ, երբ շտկված է իրավիճակը՝ լրացված է առաջին նախագահի մատնանշած ինֆորմացիոն բացը, անտեղյակ հանրությունը, այդ թվում նախկին նախագահները  տեղեկացված են  Ադրբեջանի առաջարկների մասին, ելնելով  առաջին նախագահի  հարցազրույցի  տրամաբանությունից, պետք է  տեղի ունենա  շահագրգիռ քննարկում արդեն հայտնիի մասին։ Ասել է թե՝ Արցախի և ՀՀ նախկին նախագահները փնտրեն ու գտնեն «ամենաքիչ ցավալի լուծումը» և այդ լուծմանը հետամուտ լինելու, ի կատար ածելու հարցում աջակցեն Նիկոլ Փաշինյանին, ընդհուպ՝ նրա հետ կիսեն «գտնված լուծման» պատասխանատվությունը։ 
Մինչդեռ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ՀԺ-ի հրապարակմանն ի պատասխան հայտարարել, Վեհարանի ֆորմատով հանդիպումները շարունակելու իմաստ այլևս չկա, այն դեպքում, երբ այդ հանդիպումները տեղի ունեցած գաղտնազերծումից հետո պետք է  տեղի ունենային «նոն ստոպ» ռեժիմով, առանց քուն ու դադարի, քանի որ նախկին նախագահները խիզախել էին իրար գլխի հավաքվել ու իրենց անցավ գլուխները, փաստորեն, դնել ավետարանի տակ։ Այդ անցավ գլուխնեից մեկը, օրինակ, օրերս տեղի ունեցած իր ասուլիսում հայտարարեց, թե չի պատրաստվում անսալ առաջին նախագահի հորդորին՝ կոնսոլիդացվել իշխանության շուրջ, և շարունակեց նախկինի պես «քշել իր էշը»՝ պահանջել իշխանության հրաժարականը։  Մյուս «անցավ գլուխն» էլ, որը կիսում է վերոհիշյալ անցավ գլխի ցավը՝ իշխանության հրաժարականի պահանջը, ենթադրաբար կհետևի իր նախորդի օրինակին, և ինքն էլ չի կոնսոլիդացվի։    
 Իսկ թե ինչ ֆորմատով են նախկին նախագահները կամ այլ շահագրգիռ խմբեր փնտրելու, գտնելու և առաջարկելու «ստեղծված իրավիճակից» դուրս գալու «իդեալական»  լուծումը՝ թողնում ենք վերջիներիս ճաշակին ու հայեցողությանը, սակայն վերջիններս պարտավոր են շատ ուղիղ, կոնկրետ ու առանց թերասածությունների պատասխանել Ադրբեջանի առաջարկներին առնչվող մասնավորապես հետևյալ հարցերին. 
1. Կո՞ղմ են, թե՞ դեմ, որ Հայաստանի տարածքով միջանցք տրվի։ Եթե դեմ են, ապա ի՞նչ են առաջարկում որպես այլընտրանք՝ բացի «թող Նիկոլը գնա, մենք կգանք, կասենք» բլեֆից։ Արձանագրենք, որ ՀՀ գործող իշխանությունը այս ողջ ընթացքում, ինչ Ադրբեջանն ու նա թիկունքում գտնվող խաղացողները խաղարկում են  «Զանգեզուրի միջանցք» օպերացիան, Հայաստանը կտրուկ դեմ է արտահայտվում և ազդարարում՝ միջանցք չի տրվելու։ 
2. Համաձա՞յն են Արցախի՝ Ադրբեջանի կազմում ճանաչմանը։ Այս հարցի ենթադրվող պատասխանը, բնականաբար, միանշանակ  «ոչ»-ն է լինելու, բայց եթե «ոչ», ապա ի՞նչ պետք է անել (նշել դիվանագիտական ողջ գործիքակազմը), որպեսզի դա տեղի չունենա՝ բացի «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» կենացը անընդհատ թութակելուց։  
3. Կո՞ղմ են ԼՂ պաշտպանության բանակի լուծարմանը, եթե ոչ, ապա ի՞նչ պետք է անել դա թույլ չտալու համար, կա՞ անվտանգային-պաշտպանական  այլընտրանքային տարբերակ՝ բացի ռուսական խաղաղապահ առաքելության թվաքանակի ավելացումից, առաքելություն, որի մանդատը Ադրբեջանն այդպես էլ չի հաստատել։ 
4. Պե՞տք է համաձայնել Ադրբեջանի առաջարկին՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացն իրականացնել  1919, 1920 թվականի քարտեզներով, թե՞ այլ քարտեզներ պետք է առաջարկել, ո՞ր թվականի քարտեզով է  հնարավոր երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու «ոչ մի թիզ հող» չզիջել։ 
Եվ ամենակարևորը՝ եթե խաղաղության օրակարգը կեղծ է, սին ու անիրականանալի, և այն, ինչպես խորհորդ էր տալիս անցավ գլուխներից մեկը, պետք է հանձնել հողին, ապա ի՞նչ պետք է առաջարկել այդ օրակարգին որպես այլընտրանք՝ պատերազմի՞, ռևանշի՞ օրակարգը։ Հանրությունը, որը դեմ է խաղաղությանը, պետք է իմանա այլընտրանքային օրակարգերի բոլոր հետևանքների մասին և նախապատրաստվի սեփական մաշկի վրա  զգալ այդ հետևանքները։           
 Հ.Գ. Դատելով հանրայնացված 5 առաջարկներից՝ խաղաղության բանակցությունները փաթեթային են լինելու, վերաբերելու են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, այլև Արցախի խնդրին։ Այնպես որ՝ «անցավ գլուխների» ցավի մասշտաբը կրկնապատկվելու է,  եթե, իհարկե, քաջություն ունենան դուրս գալ Պիղատոսի կերպարից ու պատասխանատվություն ստանձնել՝ կիսել հայրենիքի՝ հայկական երկու պետությունների փրկության ցավը։  

Հեղինե Մանուկյան