Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ մեխանիզմները չեն իրականացվել և գործի չեն դրվել, ինչի հետևանքով ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգված է․ Արթուր Հովհաննիսյան

Երեկ  «Հայկական ժամանակ»-ում հրապարակվել է մի տեղեկություն, որում նշված է, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են՝

-ԼՂ պաշտպանության բանակի լուծարում,
-ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով,
-Միջանցք Հայաստանի տարածքով,
-Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919-1920 թվականների քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը),
-Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։

«Ադրբեջանը մշտապես խոսել է 1919-1920 թվականների քարտեզների մասին, իհարկե չկոնկրետացնելով, թե կոնկրետ որ քարտեզների մասին է  խոսքը գնում, և ինչ-որ վերացական քարտեզների կամ միայն իրենց տպագրատներում գոյություն ունեցող քարտեզների մասին է, կարծես թե, խոսում ադրբեջանական կողմը։ Տարածքային ամբողջականության ճանաչման մասին Ադրբեջանի պահանջը ներկայացված էր հենց իրենց կողմից  ներկայացված այդ 5-կետանոց խաղաղության պայմանագրում, այդ թվում և Արցախի հարցին վերաբերող։ Այսինքն՝ բոլոր նշված հատվածներն ամբողջացնում էին մինչ այս պահը Ադրբեջանի ցանկությունները, թե՛ Հայաստանի պետականության մասով, թե՛ միջանցքի մասով և այլն»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Խոսելով նաև մեկ այլ հրապարակման մասին, որում նշված էին Ռուսաստանի պատկերացումների մասին, պատգամավորն ասաց, որ իր կարծիքով, մեր հանրության համար առավել քան ակնհայտ է, թե աշխարհաքաղաքական որ բևեռը ինչ շահեր է հետապնդում ՀՀ-ում։

 «Եվ հաշվի առնելով, որ դեպի արևմուտք ռուսական կողմի ճանապարհներն էականորեն փակվել են, հաշվի առնելով սանկցիաները, հաշվի առնելով սահմանակից պետությունների հետ ունեցած այս պահի հարաբերությունները, պարզ է, թե Ուկրաինայի հետ սահամանն ինչ իրավիճակում է գտնվում, ֆիննական կողմն է սահմանը փակում, այլ երկրներ, որոնք Ռուսաստանի հետ ունեն հարաբերություններ, սահմանակից են, էլի խնդիրներ կան այնտեղ տեղափոխվելու հետ։ Եվ ՌԴ-ի համար այս աշխարհաքաղաքական իրավիճակում հիմնական ճանապարհը դեպի արևմտյան թև ՀՀ-ն է։ Իհարկե, մենք կարող ենք խոսել և Իրանի տարածքով անցնելու համար, և Վրաստանի տարածքով անցնելու համար, բայց հասկանում ենք, որ հարաբերությունների և ռազմավարական դաշնակցության տեսանկյունից ամենաապահովը ՀՀ տարածքն է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։     
 
Խոսելով նաև այն մասին, որ ՀՀ-ում մի մեծ զանգված պահանջում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, մի մասն էլ ասում է, որ դա վտանգավոր կլինի, Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ուրախ է, որ ՀԱՊԿ-ի հետ կապված բավականին լայն քննարկումներ կան, և ուրախ է, որ այդ քննարկումները կան այն իմաստով, որ ոչինչ փակ չի, փակ թեմաներ մեր հանրության համար գոյություն չունեն, ինչը ևս մեկ անգամ խոսում է առաջին հերթին մեր երկրի ժողովրդավար լինելու մասին։
 
«Մենք այո, վերլուծել ենք, արձանագրումներն արվել են ամենաբարձր մակարդակով, շարունակում ենք այդ արձանագրումները պնդել, որ չեն իրականացվել և գործի չեն դրվել ՀԱՊԿ մեխանիզմները, ինչի հետևանքով ՀՀ տարածքային ամբողջականությունը վտանգված է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։  
   
Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Թադևոսյան