Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու միակ արբիտրի դերը․Ֆրանսիայի ԱԳ նախարար

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում տեղի ունեցած իրադարձությունները բացահայտեցին Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու միակ արբիտրի դերը․Ֆրանսիայի ԱԳ նախարար
Քաղաքականություն
21:37, 04 октябрь 2022
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիայի խորհրդարանի կառավարությանն ուղղված հարցին (Փարիզ, հոկտեմբերի 4, 2022 թ.)։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնատան Լաքոտը։

Ստորև ներկայացնում ենք ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու սարսափելի տեսանյութի առնչությամբ բարձրացված հարցի պատասխանը։
 
«Ես հասկանում եմ ձեր վրդովմունքը և կիսում եմ այն, ինչպես այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուր ոք՝ լինեն ազգային ժողովի պատգամավորներ, թե կառավարության անդամներ։ Այո, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիությունը բացառվում է։

Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ.  ես սա կրկնում եմ առանց երկիմաստության։ Ուստի Ֆրանսիան կոչ արեց անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու մեղավորներին և ապահովելու նրանց պատասխանատվության ենթարկելը: Հավելեմ, որ Ֆրանսիան կոչ արեց ազատ արձակել հայ բոլոր ռազմագերիներին։ Ու ես կրկին կրկնում եմ այս կոչը։

Հակամարտության ֆոնին Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան ծայրահեղ մտահոգիչ են։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտերը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի կողմից գրավված դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք նաև  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրեցինք․ երկու նիստ անցկացվեց՝ սեպտեմբերի 15-ին և 16-ին։
 
Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները բացահայտեցին նաև, ընդգծում եմ, Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու միակ արբիտրի դերը, որը նա հավակնում էր ստանձնել՝ 2020 թվականի բախումներից հետո։
Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային կարգավորման համար։ Մասնավորապես՝ այս պահին մեր ջանքերն ուղղված են ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ստեղծելուն։ Ընդամենը մի քանի օր առաջ ես խոսեցի ԵԱՀԿ-ի գործող նախագահի՝ իմ լեհ գործընկերոջ հետ»։