Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգյսանին մեր թիմը չի մերժել, նրան մերժել է ՀՀ ժողովուրդը․Արփի Դավոյան

Սերժ Սարգյսանին մեր թիմը չի մերժել, նրան մերժել է ՀՀ ժողովուրդը․Արփի Դավոյան
Քաղաքականություն
16:22, 15 февраль 2021
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, անդրադառնալով այն տեսակետներին, թե Նիկոլ Փաշինյանը նախորդ իշխանությունների նախագիծն է, անվանեց դրանք անհիմն բամբասանքներ․ «Այդ մասին կարծիքները տարիներ շարունակ եղել են՝ հենց նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Նմանատիպ բամբասանքները այն ժամանակ շատ էին հնչում և դրանք առանց որևէ հիմքի շարունակում են մնալ բամբասանքներ»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցին՝ Դավոյանը նշեց, որ առհասարակ, նախկին ղեկավարության ներկայացուցիչների անընդմեջ հարցազրույցներ տալը ավելի շատ ինքնապաշտպանական բնույթ է կրում, քան որևէ փաստարկներ ներառում։

Հարցին, թե արդյոք հանրությունը կարող է վստահ լինել, որ իշխանությունը նախկինների դատավճիռները ավարտին հասցնելու կամք կդրսևորի, տեսնելով, որ Սերժ Սարգյսանը, ում ժամանակին մերժել է նրանց թիմը, անցնում է քրեական գործով, սակայն, մինչ օրս օրինական ուժի մեջ մտած որևէ վճիռ նրա հարցով չկա, Դավոյանը պատասխանեց․ «Սերժ Սարգյսանին չի մերժել մեր թիմը, նրան մերժել է ՀՀ ժողովուրդը։ Եթե միայն մեր թիմի մերժելով լիներ, իրադարձությունների նման ընթացք և հանգուցալուծում չէր լինի։

Այն, ինչ տեղի է ունեցել 3 տարի առաջ, տեղի է ունեցել ոչ թե մեր թիմի կամքով, այլ եղել է տարներ շարունակ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունք։ Իսկ դատավճիռներ կլինեն։ Այն, ինչ մենք ասել ենք, հետևողականորեն գնում ենք այդ ճանապարհով։ Գուցե, ճշմարտության ճանապարհը դանդաղ է, սակայն, դա չի նշանակում, որ չեն լինելու այն բոլոր գործերը, որ պիտի քննվեն։ Արդարությունը պետք է իրականում հաղթանակի, նույն Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ։ Նրանք ինքնապաշտպանական հարցազրույցներ են տալիս, քանի որ իրականում ասելիք չունեն, քանի որ այն, ինչ այսօր տեղի է ունեցել, նրանց քաղաքականության արդյունքն է։

Հարցին, թե ինչո՞ւ է Վարչապետի թիմը անընդհատ հղում անում նախորդների թողած վատ ժառանգությանը, եթե նա ինքը զրոյական կետից է սկսել բանակցությունները, Դավոյանը նշեց․ «Որովհետև , այո, վարչապետը սկսել է նոր կետից, բայց չէ՞ որ մենք ստացել ենք ժառանգություն, ինչ-որ մի կետ, որից պետք էր սկսել բանակցությունները։ Իսկ, թե ինչպիսի՞ն է եղել այդ կետը, նախկին իշխանության ներկայացուցիչները ազնվորեն երբեք չեն ասում։ Իրենք գնացել են ինչ են բանակցել, եկել են այստեղ ինչ են ասել։ Նրանք ուղղակի ասում են այն, ինչը հարմար են գտնում և ձեռք է տալիս։ Տարիներ շարունակ այսպիսի քաղաքականություն են վարել»։

Դավոյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման հարցին, նշելով,  որ ցանկացած իշխանության վարկանիշ երբեք չի մնում այնքան, որքան եղել է իշխանության գալու պահին․ «Վարկանիշի մասին նորից մեզ կասեն քաղաքացիները, և այն կչափենք ընտրություններով»։

Սյուզի Սիրականյան