Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը

Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը
Քաղաքականություն
20:58, 06 октябрь 2022
Եվրամիությունը պաշտոնապես հրապարակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթը, որն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 7-ին:

Նոր փաթեթով ռուսական նավթի գնի վերին շեմ է սահմանվում, արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Չնայած դրան՝ հնարավոր են ռուսական նավթի գների սահմանափակումների ռեժիմից որոշակի բացառություններ՝ հաշվի առնելով կոնկրետ երկրի էներգետիկ անվտանգությունը:

Արգելք է սահմանվում Ռուսաստանից պողպատե արտադրանքի, տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի և ծխախոտի ներմուծման նկատմամբ: Արգելվում է նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավական ծառայությունների տրամադրումը։

Փաստաթղթի համաձայն՝ արգելվում է նաև Ռուսաստանին վաճառել քաղաքացիական հրազեն, ռազմական տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ: ԵՄ երկրների քաղաքացիները չեն կարողանա ռուսական պետական ընկերություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: