Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պրահյան հայտարարությունը հիմք կարող է դառնալ կանխարգելելու Ադրբեջանի հետագա տարածքային նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ. Սարգիս Խանդանյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ Պրահայում Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումից հետո տարածվեց հայտարարություն, համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։
«Առաջին հայտարարությունը, որը հաջորդեց քառակողմ հանդիպմանը, կարծում եմ՝ շատ դրական ազդակ է խաղաղության հաստատման ճանապարհին, որովհետև անդադար Ադրբեջանի կողմից մեղադրանքներ էին հնչեցվում, թե իբր Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մենք բազմիցս ենք նշել, և Հայաստանի կառավարությոնը բազմիցս է նշել, որ 1991 թվականին երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն արդեն իսկ ճանաչել են, և շատ կարևոր է, որ սա ևս մեկ անգամ արձանագրվեց։ Այդպիսով նաև այս արձանագրումը հիմք կարող է դառնալ, որպեսզի կանխարգելվեն Ադրբեջանի հետագա տարածքային նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, և ավելի ամուր հիմք կարող է  հանդիսանալ այն բանի, որ Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը, որոնք նախ 2021 թվականի մայիսին, այնուհետև այս տարվա սեպտեմբերին ներխուժել են ՀՀ տարածք»,- ասաց պատգամավորը։
Վերջինիս խոսքով՝ այս հայտարարությունը նաև կարևոր է խաղաղության պայմանագրի նախապատրաստման տեսանկյունից, որովհետև խաղաղության պայմանագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը պետք է նաև լինի միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումը։   
Խոսելով նաև Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման մասին՝ Սարգիս Խանդանյանն ասաց, որ շատ կարևոր է, որ պաշտոնական մակարդակը բարձրացավ վարչապետի և նախագահի մակարդակի, իհարկե հատուկ ներկայացուցիչները կարևոր աշխատանք են տանում, և այդ բանակցությունները պետք է շարունակվեն, և բոլոր հարցերի շուրջ քննարկումները ծավալվեն, բայց կարևոր է, որ նաև առաջին դեմքերի մակարդակով է հանդիպում տեղի ունենում, ինչը վստահության ամրապնդման և խնդիրների կարգավորման տեսանկյունից կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ։

Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան