Քաղաքացիակենտրոն
լրատվություն

16-ի շարժումն անտեսո՞ւմ է իր թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ բակային խմբեր ձևավորելու կոչերը․ դրանք անարձագանք են

16-ի շարժումն անտեսո՞ւմ է իր թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ բակային խմբեր ձևավորելու կոչերը․  դրանք անարձագանք են
Քաղաքականություն
16:55, 15 февраль 2021

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ բակային խմբեր ձևավորելու կոչերն անպատասխան են մնացել շարժման անդամների կողմից։ Ուրբաթ օրը հրավիրած Մանուկյանը հանրահավաքում կոչ էր արել բակերում ու թաղերում խմբեր կազմել և գնալ իշխող ուժի պատգամավորների, բարձրաստիճան զինվորականների և ոստիկանների ետևից։

«Մեզ պետք է, որ ամեն մի թաղում, կոլեկտիվում ստեղծեն կոմիտեներ, ինքնակամ կազմակերպեք այդ կոմիտեները, հարևանների հետ, խմբեր կազմեք, ջոկատներ կազմեք, մեր կենտրոնը այստեղ կլինի: Մի խումբը կգնա մի պատգամավորի հետևից, մի խումբը կգնա մի ոստիկանի հետեւից», - հայտարարել էր Վազգեն Մանուկյանը։

Civic.am-ը փորձեց շարժման անդամներից պարզել, թե որքանո՞վ են հետևել իրենց թեկնածուի կոչին և, օրինակ, քանի՞ բակային խումբ են կազմել պատգամավորների և ոստիկանների հետևից գնալու համար մինչ այժմ։ 

«Հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Արսեն Բաբայանից մեկնաբանություն խնդրեցինք այդ առթիվ, ինչին ի պատասխան Բաբայանն ասաց, թե դա քաղաքացի Վազգեն Մանուկյանի նախաձեռնությունն էր և քաղաքացի Վազգեն Մանուկյանի առաջարկությունը՝ ուղղված այլ քաղաքացիներին, ով ինչ կանի՝ կանի։ Հիշեցմանը, թե Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն է, Արսեն Բաբայանը պատասխանեց․ «Այո՛, նաև մեր թեկնածուն է, բայց դա չի նշանակում, որ պրն Մանուկյանը չի կարող իր համար առանձին ինչ-որ առաջարկներ հնչեցնել»։ 

Բաբայանը նաև ասաց, որ ինքն այդ հանրահավաքին մասնակցել էր որպես քաղաքացի։ Իրենք միացել են Վազգեն Մանուկյանի կոչին՝ հանդիպել հրապարակում՝ չնայած, որ դա շարժման նախաձեռնած միջոցառումը չէր, և շարժման մաս էր կազմում այնքանով, որ Վազգեն Մանուկյանը շարժման վարչապետի թեկնածուն է։ 

Շարժման վարչապետի թեկնածուի փոփոխության հնարավորության մասին Բաբայանն ասաց, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի, ապա շարժումը այդ մասին հանդես կգա հայտարարությամբ․ «Հիմա այդպիսի որոշում չկա»։

Շարժման համակարգող, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրաժարվեց պատասխանել  մեր հարցին՝ իրենք արդեն բակային ջոկատներ կազմե՞լ են պատգամավորների, բարձրաստիճան զինվորականների և ոստիկանների ետևից գնալու կոչերի մասով, թե՞ ոչ։  

Շարժման վարչապետի թեկնածուի հնարավոր փոփոխության մասին հարցին ի պատասխան, Իշխան Սաղաթելյանն ասաց, թե չկա նման խոսակցություն․ «Շարժման ներսում այդպիսի խոսակցություններ չկան»։ 

ԲՀԿ-ից Արման Աբովյանը նույնպես հրաժարվեց պատասխանել  Մանուկյանի հորդորին հետևելու և բակային ջոկատներ կազմելու առթիվ մեր հարցին՝ հորդորելով դիմել Վազգեն Մանուկյանին։ Մեր դիտարկմանը, թե Վազգեն Մանուկյանը «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն է, Աբովյանը պնդեց՝ «այդ կարգի բոլոր հարցերով կխնդրեմ դիմեք պրն Մանուկյանին»։ Շարժման վարչապետի թեկնածուի հնարավոր փոփոխության մասին հարցին ի պատասխան Աբովյանն ասաց՝ «եթե լինի փոփոխություն՝ դուք կտեղեկանաք, հիմա փոփոխություն չկա»։

Ստացվում է՝ շարժման մասնակից քաղաքական ուժերը չեն կիսում կամ լուրջ չեն վերաբերվում վարչապետի միասնական Վազգեն Մանուկյանի կոչերին ու մարտավարությանը․ արդեն մի քանի օր է անցել, բայց որևէ բակային կամ թաղային խումբ չի ձևավորվել, ոչ մի ոստիկանի կամ պատգամավորի  հետևից չեն գնացել, իսկ շարժման մասնակից քաղաքական ուժերը չեն ցանկանում նույնիսկ մեկնաբանել Մանուկյանի կոչերը։

 

Վովա Հակոբյան