Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Հակոբջանյանը վերընտրվել է Սիսիանի համայնքապետի պաշտոնում

Արմեն Հակոբջանյանը վերընտրվել է Սիսիանի համայնքապետի պաշտոնում
Քաղաքականություն
13:03, 12 октябрь 2022
Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում նորընտիր ավագանու քվեարկության արդյունքներով երկրորդ փուլով համայնքապետ է վերընտրվել ներկայիս պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը: Այս մասին մեզ հայտնեց Սիսիանի համայնքապետի մամուլի քարտուղար Արմինե Հարությունյանը: 

Նրա հաղորդմամբ՝ միայն «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները ներկա չեն գտնվել նիստին, մնացած 4 ուժերի 17 անդամները մասնակցել են ընտրությանը, որից մեկը ձեռնպահ է քվեարկել: 

Երկրորդ փուլի արդյունքով ձայները բաշխվել են հետևյալ կերպ. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած թեկնածու Արմեն Հակոբջանյանը ստացել է 9 ձայն, «Աշխատանք և արդարություն» դաշինքի թեկնածու Հայկ Առաքելյանի օգտին քվեարկել է 7 անդամ, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության համայնքապետի թեկնածու Սևակ Մուսաթյանը, ստանալով 2 ձայն, դուրս էր մնացել մրցակցությունից:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որ ուժերը ում օգտին են քվեարկել: Մամուլի քարտուղարն ասաց, որ ՔՊ-ի թեկնածուի օգտին, բացի թիմակիցներից, քվեարկել է «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ի ավագանու մեկ անդամ, իսկ «Աշխատանք և արդարություն» դաշինքի թեկնածու Հայկ Առաքելյանի օգտին իր թիմակիցներից բացի՝ քվեարկել են թեկնածու չառաջադրած  «Մեկ Հայաստան» կուսակցության անդամները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ և ունենալ անհրաժեշտ 11 մանդատը: Մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները կստանան 2–ական մանդատ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր ընտրական ցուցակը գլխավորող Արմեն Հակոբջանյանի թեկնածությունը, «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը՝ Հայկ Առաքելյանի, իսկ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էր Սեւակ Մուսաթյանի թեկնածությունը։