Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ քաղաքացիական կոնտինգենտը սահմանին թույլ կտա կանխել Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները. Արտաշես Խալաթյան. տեսանյութ

«Աստանայում կայանալիք Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից ոչ մի ակնկալիք էլ չկա, պարզապես Ռուսաստանը փորձում է հետ չմնալ զարգացումներից, և ինչպես Մարիա Զախարովան բազմիցս հայտարարել է, տվյալ դեպքում ԱՄՆ-ն և Ֆրանսիան փորձում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանային զարգացումներից Անդրկովկասում և մասնավորապես Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Փորձ կարվի նաև տորպեդահարել և թուլացնել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտաշես Խալաթյանը։ 

Վերջինս նշեց՝ ակնհայտ է, որ այսօր տարածաշրջանում շատ թեժ մրցակցություն է գնում ազդեցության ոլորտների բաժանման և այդ համատեքստում նաև հակամարտությունների կարգավորման գործում, իսկ հակամարտությունների կարգավորումը կամ մոդերացիան նաև հակամարտող կողմերի վրա լուրջ ազդեցության լծակներ է  տալիս։  

Խոսելով նաև Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին՝ փաստաբանն ասաց, որ շատ կարևոր նշանակություն է ունենալու այս առաքելությունը, որովհետև իրականում Ռուսաստանը ինչ-ինչ պատճառներով չի կարող լինել անաչառ արբիտր այս հակամարտությունում, որովհետև բազմաթիվ թելերով՝ թե՛ տնտեսական, թե՛ վերջերս նաև իրավապայմանագրային, իրեն կապել է Ադրբեջանի հետ։

«Մասնավորապես, դեռևս 2000-ականներին իրենք, ըստ էության, բարեկամության և փոխգործակցության վերաբերյալ բազմաթիվ մրջազգային համաձայնագրեր են կնքել, որոնք խորացրել են և դաշնակցային մակարդակի են բերել իրենց հարաբերությունները հենց այս տարվա ձմռանը կնքված դաշնակցային հռչակագրով, որով Ռուսաստանը պարտավորվել է չձեռնարկել որևէ գործողություն՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, որը կհակասի Ադրբեջանի շահերին։ Պարզ է, որ որքան էլ ռուսական կողմը ասում էր, որ երրորդ երկրների դեմ ուղղված չէ այս հռչակագիրը, ակնհայտ է, որ դրանով Ռուսաստանն իրեն կամավոր սահմանափակել է իր դաշնակից Հայաստանին աջակցելու հարցում, և ավելին, այդ հռչակագրով իր վրա դրված պարտավորությունները նաև Ռուսաստանին սահմանափակում են իր՝ որպես հակամարտության մոդերատորի գործողություններում»,- ասաց Արտաշես Խալաթյանը։   

Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանի գլխավորած անվտանգային համակարգը, որը տարիներ շարունակ կազմել է ՀՀ անվտանգային համակարգի առանցքը՝ ՀԱՊԿ-ը, բացարձակ անգործունակ դուրս եկավ և վերջնականապես հեղինակազրկվեց  հայ հանրության աչքերում. այդ կազմակերպությունն ավելի շատ Ադրբեջանի դաշնակից կամ բարեկամ երկրներից է կազմված, քան Հայաստանի. «Պարզ է, որ Հայաստանի անվտանգային համակարգում առաջացած մեծ ճեղքվածքը պետք է  ինչ-որ կերպ փակել, և դրա մասին մեր իրավասու պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են»։  

«Իմ տեղեկություններով՝ առաջարկ է եղել անգամ սահմանին զինված կոնտինգենտ տեղակայել, որին կտրականապես դեմ է եղել Ալիևը, և որպես փոխզիջում՝ քաղաքացիական կոնտինգենտի տեղակայման մասին է համաձայնություն ձեռք բերվել, այն էլ՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանը շատ սահմանափակ կերպով է  պատրաստակամ աջակցելու այդ կոնտինգենտին: Բոլոր դեպքերում այդ քաղաքացիական կոնտինգենտը թույլ կտա կանխել Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողությունները»,- ասաց Արտաշես Խալաթյանը։         

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան