Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի համաձայնությունը ԵՄ առաքելության ժամկետը երկարացնելու հարցում պետք չէ, իսկ սադրանքների դեպքում կարող ենք պահանջել Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ. քաղաքագետ

Ադրբեջանի համաձայնությունը ԵՄ առաքելության ժամկետը երկարացնելու հարցում պետք չէ, իսկ սադրանքների դեպքում կարող ենք պահանջել Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ. քաղաքագետ
Քաղաքականություն / Հարցազրույց
18:24, 13 октябрь 2022
Civic.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։ 

- Պարոն Ստեփանյան, ԵՄ-ից քաղաքացիական առաքելություն է գալիս Հայաստան, այսօր քննարկվելու են տեխնիկական հարցեր, այդ թվում՝ հայկական տարածքներում տեղակայման հարցը։ Քաղաքացիական դիտորդական առաքելությունն ի՞նչ կարող է անել Ադրբեջանի հարձակումների դեմ։

- Այն, որ այդ առաքելությունը բխում է Հայաստանի շահերից՝ դա միանշանակ է, որովհետև ցանկացած ադրբեջանական կրակոց ֆիքսվելու է, և դա տեղ է գտնելու եվրոպական այդ առաքելության ավարտին՝ վերջնական զեկույցում։ Եվ եթե սադրանքներ լինեն Ադրբեջանի կողմից, ես կարծում եմ՝ այդ զեկույցը հնարավորություն կտա մեզ պահանջելու Ադրբեջանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ։ Դա է հիմնական մեխը այդ առաքելության, և եթե առաքելությունը տեղակայվի հայ-ադրբեջանական ողջ սահմանին, մենք հնարավորություն կունենանք խուսափելու Ադրբեջանի ագրեսիայից։ Կարծում եմ՝ սկզբում կգա մարդկանց սահմանափակ քանակ, հետո կմեծանա, ու մենք կարող ենք հույս ունենալ, որ հայ-ադրբեջանական սահմանը գտնվելու է նրանց մոնիտորինգային մեծ խմբերի վերահսկողության ներքո։ Եվ այս դեպքում Ադրբեջանը կկորցնի իր միակ ճնշման խաղաքարտը Հայաստանի վրա՝ կրակոցներն ու մարդասպանությունները։ 

- Ադրբեջանի նախագահ Ալիևը վերապահումով է մոտեցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը. կարծում եք՝ կերկարացվի՞ 2-ամսյա ժամկետը, և արդյոք այդ դեպքում անհրաժե՞շտ է Ադրբեջանի համաձայնությունը։

- Ժամկետը միանշանակ երկարաձգվելու է, և դա ուղղված է ոչ միայն Ադրբեջանին սանձելուն, այլ նաև Ռուսաստանին սանձելուն, որովհետև երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ միջնորդական առաքելությունը՝ դիտորդական խումբը պատրաստ է տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, և սա հերթական մրցակցության դրսևորումն է Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Եվ ես կարծում եմ, որ եթե այս ԵՄ առաքելությունը տեղակայվի սահմանին, ապա երկար ժամանակ այդտեղից չի գնալու, և դա լինելու է շարունակական պրոցես։ Իսկ Ադրբեջանը որևէ կերպ շահագրգռված չէ սահմանին այդ առաքելության տեղակայմամբ, որովհետև դա խանգարելու է նրան կրակել։ ԵՄ առաքելությունը միայն Հայաստանի տարածքում է տեղակայվելու, և Ադրբեջանի համաձայնությունը այդ առաքելության ժամկետը երկարացնելու հարցում պետք չէ։

- Պատկերացնենք ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդեն իսկ տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին, իսկ Ադրբեջանն անտեսում ու հերթական անգամ հարձակվում է հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Ի՞նչ ձևով է հնարավոր զսպել Ադրբեջանին։

- Ալիևին կանչելու են Բրյուսել կամ Վաշինգտոն, կամ Պրահա, դիտորդական զեկույցը դնելու են Ալիևի առաջ, որտեղ նշված է լինելու նրանց բոլոր արածները՝ ապացույցներով, և պահանջելու են, որպեսզի այս ամենը կասեցվի։ Իսկ եթե Ալիևը չկատարի, ենթարկվելու է սանկցիաների։  

- Էրդողանի խոսքով՝ սահմանները կբացվեն, երբ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրվի։ Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանի խաղաղության պայմանագրի համար առաջարկած 5 կետերը իրականում Թուրքիայի պահանջներն են Հայաստանից, և արդյոք այսքանո՞վ են սահմանափակվում այդ պահանջները։

- Թուրքիան և Ադրբեջանը կազմում են տանդեմ, և այս տանդեմը գոյություն ունի դեռ Հեյդար Ալիևի ժամանակներից, այնպես որ, այո, ամեն ինչ համաձայնեցված է, և Թուրքիան ու Ադրբեջանը մեկ ֆրոնտով են հանդես գալիս Հայաստանի դեմ։ Թուրքիան բազմիցս է այդ մասին խոսել, որ մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունները չկարգավորվեն, հայ-թուրքական կարգավորում չի լինելու։ Բայց այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը հնարավորություն է տալիս լուծելու հայ-թուրքական խնդիրները՝ դա, կարծում եմ, ակնհայտ է։ 

- Իսկ Թուրքիայի պահանջներն այսքանով ավարտվելո՞ւ են, թե՞ շարունակվելու են այլ պահանջներ առաջ բերվել Հայաստանի առաջ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացից հրաժարում։

- Ես կարծում եմ՝ ավարտվելու են, իսկ մնացած խնդիրներն ուղղակի մղվելու են երկրորդ պլան՝ լուծում չեն ստանալու, և դրանց մասին չեն խոսվելու։ 

- Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր վերջին հարցազրույցում խոսելով ԼՂ-ից, ասել է, որ 5000 ռուս զինվորականներ են տեղակայվել սահմանին՝ անվտանգությունը երաշխավորելու համար, սակայն ռուսները օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են ադրբեջանցիների խաղը՝ Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ համագործակցություն ունեն։  Նրա դիտարկմամբ՝ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը Կովկասում։    
Արդյոք Ռուսաստանին պե՞տք է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, որովհետև մենք տասնամյակներ շարունակ տեսել ենք, որ հնարավորինս կայուն է եղել, և ի՞նչ կտա Հարավային Կովկասում ապակայունացումը Ռուսաստանին, և ընդհանրապես ի՞նչ է ակնարկում Մակրոնը՝ նշելով, որ ՌԴ-ն Ադրբեջանի խաղն է խաղում։ 


- Ռուսաստանը շահագրգռված չէր ապակայունացման մեջ այնքան ժամանակ՝ մինչև իր շահերից բխում էր գոյություն ունեցող ստատուս քվոն։ Իսկ 2020թ. արցախյան պատերազմը փոխեց այդ ստատուս քվոն։ Եվ նոր ստատուս քվոյի պայմաններում, երբ որ Արևմուտքը դուրս հանվեց տարածաշրջանից և մասնավորապես Մինսկի խմբից, ստեղծվեց նոր ստատուս քվո, հիմա այդ ստատուս քվոն էլ խախտվել է Ուկրաինայի պատերազմի միջոցով։ Քանի որ Ռուսաստանը թուլացել է Ուկրաինայով, Արևմուտքը՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն, բացելու է ոչ պատերազմական երկրորդ ճակատը Հարավային Կովկասում Ռուսաստանի դեմ։ Եվ մենք տեսնում ենք, որ ակտիվ պրոցես է գնում, այդ թվում՝ Ռուսաստանին դուրս թողնել հայ-ադրբեջանական կարգավորման սահմաններից։ Հիմա այս նոր ստատուս քվոյի իրավիճակում, որի մեղավորն առաջին հերթին Ռուսաստանն է, որը սկզբից թույլ տվեց 2020թ.-ին, որ քանդվի առաջին ստատուս քվոն, որը կար 1994թ.-ից սկսած, և երկրորդը, մտավ Ուկրաինա և դրանով իսկ թուլացրեց իր սեփական դիրքերը. այս նոր ստատուս քվոյի պայմաններում Ռուսաստանը շահագրգռված է տարածաշրջանը պայթեցնել այն դեպքում, երբ հասկանա, որ իր հեռացումն այստեղից անխուսափելի է։ Ես համաձայն եմ Մակրոնի գնահատականների հետ։ 
 
Նարա Մարտիրոսյան