Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը կաջակցի Հայաստանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը. Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն. Գևորգ Պապոյան

Իրանը կաջակցի Հայաստանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը. Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն. Գևորգ Պապոյան
Քաղաքականություն
19:27, 14 октябрь 2022
 
ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խումբն օրեր առաջ գտնվում էր  Իրանում, որտեղ խմբի անդամները մի շարք կարևոր հանդիպումներ են ունեցել Իրանի տարբեր պաշտոնյաների հետ։ 

Հանդիպումների մանրամասների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի հետ։

Նա նշեց, որ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խումբը շատ սերտ համագործակցում և աշխատում է իրանցի գործընկերների հետ ութերորդ գումարման ստեղծման օրվանից, և այս ընթացքում ունեցել են փոխայցեր, սպասվում է Իրանի Մեջլիսի նախագահի՝ պարոն Ղալիբաֆի այցը Հայաստան, և նաև մի քանի անգամ իրանցի պատգամավորները փոքր խմբերով այցելել են և տարբեր հարցեր են քննարկել, ինչպես նաև սերտ համագործակցում են ՀՀ-ում Իրանի դեսպանատան հետ։  

«Սա, ըստ էության, Հայաստան և Իրան՝ երկու բարեկամ պետությունների համագործակցության դրսևորման իրական արդյունքն է, ձևն է, որն արտահայտվում է բոլոր ոլորտներում՝ ոչ միան պետության քաղաքական մակարդակում, այլ նաև գործարար մակարդակում, ժողովուրդների միջև։ Եվ սա  նաև արձանագրվել է  մեր հանդիպումների ընթացքում»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 
Պատգամավորը նշեց, որ Իրանի ԱԳ նախարարի, Իրանի Մեջլիսի  և բարեկամական խմբի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ ևս մեկ անգամ ընդգծվել է, որ անթույլատրելի է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ցանկացած տեսակի ոտնձգություն։
Պատգամավորը նշեց, որ Իրանը նաև պաշտպանում է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք, գրավել են ՀՀ սուվերեն տարածքից հատվածներ, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից. Իրանն այս առումով աջակցում է ՀՀ-ի կատարած բոլոր քայլերին։
«Սեպտեմբերի 21-ին կամ 22-ին Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, որն իրենց ամենաազդեցիկ հանձնաժողովն է, ընդունել է շատ կոնկրետ հայտարարություն այն մասին, որ Իրանը կաջակցի Հայաստանին՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը, որովհետև ադրբեջանական ագրեսիա է տեղի ունեցել նրա նկատմամբ։ Այս առումով պետք է նշել, որ մենք ունենք ամբողջովին նույն օրակարգը։ Եվ բարեկամական հարաբերությունները միայն բառեր չեն։ Մեր և մեր բարեկամ պետության շահերը բազմաթիվ հարցերում նույնական են»,- ասաց Գևորգ Պապոյանը։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան