Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունն ու միջազգային ճանաչված սահմանները. Իրանի ԱԳ նախարար. տեսանյութ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում էր։ Այնտեղ այսօր պաշտոնապես և հանդիսավորությամբ բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը։ Նախարար Աբդոլլահիանը ելույթի իր տեքստում ասաց՝ ուրախ է, որ ԻԻՀ ԱԳ նախարարության իր գործընկերների՝ հատկապես Հայաստանում Իրանի դեսպանի և Երևանում դեսպանատան աշխատակիցների ջանքերի և ՀՀ կառավարության աջակցությամբ Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումը իրականություն դարձավ։ 

«Հաջողություն եմ մաղթում հարգարժան գլխավոր հյուպատոս պարոն Աբեդին Վարամինին, որը մեր պրոֆեսիոնալ դիվանագետներից է, և նրա գործընկերներին՝ Կապանում իրենց կարևոր պարտականությունների և առաքելությունների իրագործման գործում։ 

Պարոն Միրզոյան, հարգելի՛ գործընկեր, վստահ եմ, որ Կապանում հյուպատոսության աշխատակիցները իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության, Երևանում մեր դեսպանատան, ՀՀ կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունն ու իհարկե տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը»,- ասաց ԻԻՀ ԱԳ նախարարը։ 

Վերջինս նաև հիշեցրեց Իրանի պատրաստակամությունը՝ փոխադարձաբար Թավրիզ քաղաքում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ։ «Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու ԻԻՀ կառավարության որոշումը այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին։ Ես ուզում եմ Կապանի հյուրընկալ քաղաքացիներին հայտնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։ Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունն ու միջազգային ճանաչված սահմանները։ Երևանում ԻԻՀ դեսպանատան իմ գործընկերների և Կապանում գլխավոր հյուպատոսության իմ գործընկերների ջանքերի շնորհիվ կաշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները առավել զարգացնենք։ 

Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը։ Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու կարևորագույն երկրներից մեկը, և մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,- ասաց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Իրանի կառավարության ու ժողովրդի ջերմ ողջույնները փոխանցեց հայերին և շնորհակալություն հայտնեց Կապանի բնակիչներին և դպրոցականներին միջոցառմանը մասնակցելու համար։ 

«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը և կեցցե երկու երկրների բարեկամությունը»,- իր ելույթը եզրափակեց Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։