Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ում տեղյակ չեն Վազգեն Մանուկյանի՝ շենքեր գրավելու և ապստամբության կոչերի մասին դատախազության ուղարկած տեսանյութից

ԱԱԾ-ում տեղյակ չեն Վազգեն Մանուկյանի՝ շենքեր գրավելու և ապստամբության կոչերի մասին դատախազության ուղարկած տեսանյութից
Քաղաքականություն / Իրավունք
18:17, 15 февраль 2021
Դեռ հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատում շենքներ գրավելու և ապստամբության կոչերի մասին հայտարարությունների տեսանյութն ուսումնասիրվել  է և  ուղարկել է ԱԱԾ՝ դրանում նշված հանգամանքների վերաբերյալ ստուգման գործողություններ իրականացնելու եւ ընթացքը լուծելու համար:

Ըստ այդմ՝ դատախազությունն ուսումնասիրել էր թե՛ շենքեր գրավելուն ու ապստամբությանը վերաբերող Մանուկյանի հայտարարությունները, թե՛ Արցախի պատերազմի օրերին գեներալներին զանգելու մասին նրա հայտարարությունը:
Թեև գլխավոր դատախազության խոսնակ Արեւիկ Խաչատրյանը Civic.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ տեսանյութը ուղարկվել է ԱԱԾ, մինչդեռ ԱԱԾ-ից Civic.am-ին պատասխանեցին, որ տեղյակ չեն գլխավոր դատախազության կողմից իրենց ուղարկված տեսանյութից, նաև՝ Վազգեն  Մանուկյանի տվյալ հայտարարությունից։ Ասել է թե՝ ԱԱԾ-ում այս մասով անգործության են մատնված։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հունվարի 26-ին Արարատում շենքեր գրավելու ու ապստամբության կոչ էր արել, եթե ՀՀ գործող իշխանությանը հեռացնելու սահմանադրական ճանապարհը արդյունք չտա։
«Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է»,- ասել էր նա՝ լրագրողների հետ զրույցում հստակեցնելով. «Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով հեռացնելը՝ առանց ֆիզիկական բռնության»:

Իսկ Արարատի մարզի բնակիչներից մեկի հարցին ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանը նաև հայտարարել էր, որ պատերազմի ընթացքում առաջարկել է, որ զինվորականությունը իր ձեռքը վերցնի իշխանությունը: «Ես նույնը պատերազմի ժամանակ միշտ հեռախոսի միջոցով կապվում էի Արցախի հետ, գեներալների հետ, ասում էի՝ վերցրեք իշխանությունը ձեր ձեռքը, մի թողեք, որ Արայիկ Հարությունյանը սրա (ՀՀ վարչապետի-խմբ.) հրամանները կատարի, եւ Արցախը կորցնի իր ինքնուրույնությունը: Ցավոք սրտի, դա չեղավ: Եվ ես կարծում եմ, որ դա մեր բանակի թերությունն է»,- նշել էր Մանուկյանը:

Նշենք, որ դա Վազգեն Մանուկյանի առաջին նմանատիպ հայտարարությունները չեն: 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը գնացել էր Վանաձոր և այնտեղ համախոհների առաջ ելույթ ունենալով՝ ափսոսանք հայտնել, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում չեղավ:

«Երբ որ պատերազմում պարտություն է լինում, և զինվորականությունը տեսնում է, որ երկրի ղեկավարը սխալ հրամաններ է տալիս կամ դավաճանական ճանապարհով է տանում, լինում է հեղաշրջում»,- համակիրներին բացատրել էր Մանուկյանը՝ շարունակելով. «Զինվորականությունը վերցնում է իր ձեռքը իշխանությունը, ու, ես կարծում եմ՝ Հայաստանում էն վիճակն էր, որ պետք էր դա անպայման անել»:

Այնուհետև Վազգեն Մանուկյանը հիշեցրել էր, որ պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ինքը կոչ է արել զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: «Դա կոչ էր, որ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը: Նույնը ես հեռախոսով ասում էի Ղարաբաղի գեներալներին: Վերցրեք, կորում ա երկիրը, վերցրեք ձեր ձեռքը, դուք կառավարեք, գոնե ռազմական գործողությունները դուք կառավարեք: Ցավոք սրտի Հայաստանում այդպիսի բան տեղի չունեցավ, և դժվարանում եմ ասել՝ ինչու, բայց որոշ երկրներում եղել են այդպիսի բաներ»,- ափսոսանք էր հայտնել նա: