Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն. Փաշինյանը նոր «կապիտուլյացիա»-ի մասին ահազանգողներին հորդորեց ներողություն խնդրել

Այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն. Փաշինյանը նոր «կապիտուլյացիա»-ի մասին ահազանգողներին հորդորեց ներողություն խնդրել
Քաղաքականություն
14:30, 29 октябрь 2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը համարում է շատ կարևոր փաստաթուղթ, որում արձանագրված են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովի իր ելույթում:
«Առաջինն՝ արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի գոյությունը, խաղաղապահների տեղակայումը՝ որպես անվտանգության երաշխավոր, Լաչինի միջանցքի գոյությունը՝ որպես ԼՂ-ի և Հայաստանի կապի միջոց, արձանագրված է ապաշրջափակման օրակարգը, փախստականների իրավունքները և այլն»,-ասաց Փաշինյանն՝ այլ բան համարելով այն, թե ինչպես և ինչ կերպ է կատարվում այդ եռակողմ արձանագրությունը:

Նա նկատեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը որոշ ուժերի կողմից գնահատվել է որպես կապիտուլյացիա:

«Հիմա այդ նույն ուժերը կրծքով պաշտպանում են նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ ասելով, որ չի կարելի կորցնել այդ փաստաթղթում առկա ձեռքբերումները: Եվ այսօր նրանք, ովքեր մեզ մեղադրում էին 2020-ի նոյեմբերի 9-ին «կապտուլյացիա» ստորագրելու մեջ, հիմա էլ ասում են, որ ես առաջիկայում պատրաստվում եմ առաջիկայում «կապիտուլյացիա» ստորագրել: Պատմությունը չի տեսել, որ նույն իշխանությունը, նույն երկիրը 2, 3 անգամ կապիտուլյացիա ստորագրի: Այսինքն, եթե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա է, ուրեմն վերջ՝ էլ կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն չկա: Եթե կապիտուլյացիա ստորագրելու հնարավորություն կա, ուրեմն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ»,-ասաց՝ Փաշինյանը:

Նա առաջարկեց արձանագրել  հետևյալը. «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ ես պատրաստվում եմ կապիտուլյացիա ստորագրել, ուրեմն այդ նախադասությունն ասելուց առաջ հանրությունից պետք է ներողություն խնդրեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելու համար: Դա պարզ գրագիտության հարց է, իսկ եթե  այդ մարդիկ ներողություն չեն խնդրում, ուրեմն իրավունք չունեն հանրությանն ահաբեկել ու ահազանգել նոր կապիտուլյացիաների մասին, քանի որ պատմության մեջ կապիտուլյացիա՝ երկրի, կամ՝ առավել ևս իշխանության պատմության կյանքում, լինում է մեկ հատ: Կրկին ընդգծում եմ՝ այս հարցում մեր ընդդիմախոսները պետք է կողմնորոշվեն»: