Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իշխան Սաղաթելյանը չհերքեց հնարավորությունը, որ «Դաշնակցությունը» պլատֆորմ կտրամադրի Ռոբերտ Քոչարյանին

«Համաժողովրդական ճնշման տակ պետք է քշենք սրանց». այսօր՝ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը։

Ժողովուրդը՝ ըստ Իշխան Սաղաթելյանի, դուրս կգա փողոց, որովհետև ժողովուրդը չի կարող հանդուրժել այս իշխանությանը։ Հակառակ դեպքում շարժումը ունի և՛ պլան Բ, և՛ պլան Գ, և՛ պլան Դ։ Հիմա շարժումը առաջնորդվում է պլան Ա-ով։

Թե ինչպես է նա վերաբերվում Վազգեն Մանուկյանի՝ խմբեր ձևավորելու և իշխող ուժի պատգամավորների և բարձրաստիճան ոստիկանների ետևից գնալու կոչին, Սաղաթելյանն ասաց, որ շատ նորմալ է վերաբերվում, և որ դա անհրաժեշտություն է. «Այդ հայտարարության մեջ բռնության ռիսկեր չեմ տեսնում»։

Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գործող իշխանությունը իրավունք չունի անցկացնել այդ ընտրությունները։

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչպես է որոշվում՝ ո՞վ իրավունք ունի, իսկ ով՝ ոչ, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շարժման առաջարկած թեկնածուն իրավունք ունի, իսկ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մնալ վարչապետի պաշտոնին։

Հարցին, թե արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում «Դաշնակցությունը» պլատֆորմ կտրամադրի՞ Ռոբերտ Քոչարյանին, Սաղաթելյանն չհերքեց դրա հնարավորությունը: «Մենք չենք քննարկում էդ հարցերը, մենք դրանից ավելի կարևոր խնդիր ունենք։ Երբ առաջին հարցը կլուծենք, նոր կխոսենք մնացած հարցերի մասին», - ասաց Սաղաթելյանը։

 
Մանրամասները տեսանյութում՝ քիչ անց:
 
Վովա Հակոբյան