Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիով որևէ տարածք, որը կպատկանի Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի, չի տրվելու․ Գևորգ Գորգիսյան

Մեղրիով որևէ տարածք, որը կպատկանի Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի, չի տրվելու․ Գևորգ Գորգիսյան
Քաղաքականություն
12:46, 20 апрель 2021
«Կարևորը մենք պետք է տարանջատենք՝ ինչ է  նշանակում միջանցք և ինչ է նշանակում ճանապարհների ապաշրջափակում։ Միջանցքը, դա օրինակ, Լաչինի միջանցքն է, որը մենք ունենք, այսինքն՝ տարածք, որը մեզ է պատկանում, մեր տիրապետության տակ է գտնվում»,- այդ մասին այսօր ԱԺ-ի ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նա նշեց, որ Մեղրիով որևէ նման տարածք, որը կպատկանի Ադրբեջանին, կամ Թուրքիային, կամ որևէ այլ երկրի, չի տրվելու այդ երկրներին, բայց ամսի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ պիտի ապաշրջափակվեն սահմանները և ենթակառուցվածքներ կառուցվեն, վերանորոգվեն։ Այդ նպատակով  ստեղծվել է փոխվարչապետերի աշխատանքային խումբ, որը պետք է  համակարգի, նախագծի, հետևի ժամանակագրությանը, հետևաբար այս երկուսն իրար խառնել չի կարելի։ 

«Այսինքն՝ այդ փաստաթղթով Փաշինյանն արդեն իսկ տվել է  համաձայնություն, որ այդ ճանապարհները պիտի աշխատեն, բայց ես վստահ եմ, որ դրանք լինելու են Հայաստանի սուվերենության ներքո, և որևէ կերպ մենք չենք կարող Հայաստանի տարածք զիջել այլ երկրի»,-ասաց Գևորգ Գորգիսյանը։