Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ քայլը» հանդիպել է վարչապետին. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները գրեթե պատրաստ են, կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով

«Իմ քայլը» հանդիպել է վարչապետին. Ընտրական օրենսգրքի փոփոխությունները գրեթե պատրաստ են, կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով
Քաղաքականություն
21:44, 15 февраль 2021
Խորհրդարանական մեծամասնությունը վերջնական տեսքի է բերել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եւ եթե այլ զարգացումներ չլինեն՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով:
Armtimes.com-ի տեղեկություններով, շաբաթ օրը  «Իմ քայլը» այս փոփոխությունների հարցը քննարկել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Առաջիկա 3 օրերի ընթացքում վերջնական որոշում կկայացվի՝ ինչպես են առաջ շարժվում:


Քննարկված եւ վերջնական տեսքի բերած տարբերակում իշխող խմբակցությունը հիմնվում է այն ենթադրության վրա, որ այն ընդունվելու է մինչեւ Սահմանադրության փոփոխությունները:

Բայց չի բացառվում, որ դրանց զուգահեռ ԱԺ-ում նաեւ Սահմանադրության փոփոխություններ իրականացվեն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ այդ փոփոխությունները վեր
աբերելու են ԿԸՀ ձեւավորման կարգին, խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությանը եւ կայուն մեծամասնության ձեւավորմանը:
Իսկ թե ինչ է փոխվելու գործող Ընտրական օրենսգրքում՝ այդ ամենի վերաբերյալ վերջնական տվյալները մեր զրույցում ներկայացրել է օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

- Պարոն Դանիելյան, արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկվում են ԸՕ բարեփոխումները: Մեր տեղեկություններով քննարկումները վերջնական փուլի են հասել: Ե՞րբ եք պատրաստվում նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով:

- Ես լիահույս եմ, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում ոչ միայն կուղարկվեն Վենետիկի հանձնաժողով, այլ նաեւ կհրապարակվեն: Որովհետեւ կարեւոր է, որ այդ նախագիծը նաեւ Հայաստանում հնարավորինս մանրամասն քննարկման փուլ անցնի: Հիմա տեխնիկական աշխատանքներ են տարվում վերջնականացնելու փաթեթի բովանդակությունը, եւ միաժամանակ թե՛ կհրապարակվի, ե՛ւ թե կուղարկենք Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի:

- Կարո՞ղ եք ասել, թե երբ կբերվի Ազգային ժողով՝ առաջին ընթերցմամբ քննարկման:

- Գիտեք, մենք ուզում ենք, որ ոչ թե միանգամից դնենք շրջանառության մեջ, այլ առնվազն 2 շաբաթ հանրային քննարկման փուլ նախատեսենք, որից հետո կլինեն նաեւ խորհրդարանական լսումներ եւ մի շարք այլ ֆորմատով այլ հանդիպումներ եւ քննարկումներ: Հետեւաբար ես կարծում եմ, որ փետրվարի վերջին կդրվի շրջանառության մեջ եւ մարտի վերջին, ապրիլի սկզբին կունենանք առաջին ընթերցումը:

- Քանի որ նախագծի նախապատրաստման վերջնական փուլին ենք հասել, կարո՞ղ եք ասել այն հիմնայկան փոփոխությունները, որոնք կլինեն այդ փոփոխությունների արդյունքում:

- Ձեւավորվում է ընտրողների ցուցակների կազմման որոշակի նոր ընթացակարգ, որը հնրավորություն կտա ձերբազատվել ցուցակներում եղած այն անձանցից, որոնք Հայաստանում չեն բնակվում եւ ընտրելու իրավունք չունեն:

Կան քարոզարշավի հետ կապված փոփոխություններ, այդ թվում քարոզարշավի ընթացքում ֆինանսական ծախսերի կարգավորումների հետ կապված:
Ամենաշատը երեւի ուշադրության արժանի է ԱԺ ընտրակարգի հետ կապված փոփոխությունը:

Որոշակի կարգավորումներ կան անցողիկ արգելապատնեշի հետ կապված. մենք առաջարկում ենք կուսակցությունների համար արգելապատնեշը մեկ տոկոսով նվազեցնել՝ 5-ից դարձնելով 4, իսկ դաշինքների համար մեկ տոկոսով բարձրացնել՝ այդպիսով դարձնելով 8:

Որոշակի փոփոխություններ իրականացվել են ԱԺ-ում մանդատների բաշխման հետ կապված. Բոնուսների ազդեցությունը փորձում ենք հնարավորինս չեզոքացնել:

Կոալիցիայի ձեւավորման հետ կապված սահմանափակումներն են վերանայվելու՝ ազատականացնելով եւ հնարավորություն տալով, որ մեծամասնություն չունենալու դեպքում քաղաքական ուժերը ավելի երկար ժամանակահատվածում բանակցեն իրար հետ եւ արդյունքում կարողանան ձեւավորել կոալիցիա:

- Լուսավոր Հայաստան խմբակցությունը առաջարկ էր արել՝ ռեյտինգայինից հրաժարվելուց հետո անցնել ոչ թե փակ համամասնականի, այլ կիսաբացի: (Փակ համամասնականի դեպքում քաղաքացին չի կարող փոփոխություն անել կուսակցության ցուցակում: Ստացած ձայները բաշխվում են համամասնական ցուցակի հերթականությամբ: Կիսաբացի դեպքում որոշ չափով քաղաքացու ձայնի արդյունքում է որոշվում, թե այդ ցուցակից ով անցնի խորհրդարան): Ընդունվե՞լ է այդ առաջարկը:

- Տեսեք, ԼՀԿ-ն իրապես կոնցեպտուալ այլ լուծում է առաջարկում որպես ռեյտինգայինին այլընտրանք: Ինչ-որ առումով այն կարելի է համարել նորից ռեյտինգային, բայց համապետական մասշտաբով: Այս դեպքում ոչ թե 13 տարածքային ցուցակներ են լինում, այլ ամբողջ երկրում բաց ցուցակներ: Գաղափարին ծանոթ ենք, դեռ առիթ ունենալու ենք թե մեր եւ իրենց խմբակցությունով քննարկելու եւ թե արտախորհրդարանական ուժերի հետ:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: