Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դաշնակցականները գրավեցի՞ն Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը․ Վահե Հակոբյանի ՎՀ-ն զիջեց դիրքերը

Դաշնակցականները գրավեցի՞ն Քոչարյանի «Հայաստան» խմբակցությունը․ Վահե Հակոբյանի ՎՀ-ն զիջեց դիրքերը
Քաղաքականություն
14:03, 15 ноябрь 2022
Այսօր Ազգային ժողովում երդվեցին և պատգամավորական մանդատը վերցրին ընդդիմադիր 3 պատգամավորներ։ Ըստ այդմ՝ մանդատները տրվել են «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու, ԲՀԿ-ից ՀՀԿ անցում կատարած Մարտուն Գրիգորյանին՝ մանդատից հրաժարված Արթուր Վանեցյանի փոխարեն, իսկ «Հայաստան» դաշինքի նոր պատգամավորներն են  Արգիշտի Գևորգյանը և Գառնիկ Դանիելյանը:

«Հայաստան» դաշինքի նոր պատգամավորների կենսագրականներին ծանոթանալով՝ պարզում ենք, որ նրանք երկուսն էլ ՀՅԴ անդամներ են։ Այն դեպքում, երբ փոխարինում են Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանին և «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանին։

Ըստ այդմ՝ «Հայաստան» խմբակցությունում դաշնակցականների մանդատները ավելացան 2-ով, նաև՝ «Վերածնվող Հայաստանի» հաշվին։ 

Այժմ Քոչարյանի 29-հոգանոց «Հայաստան» խմբակցությունում ՀՅԴ-ն ունի 12 կուսակցական։ Եթե հաշվի առնենք, որ գաղափարապես և ընդհանրապես մերձդաշնակցական են նաև Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Ասպրամ Կրպեյանը, ապա կարելի է պնդել, որ «Հայաստան» խմբակցությունը ՀՅԴ-ի  վերահսկողության ներքո է։

Իհարկե, ամեն ինչ որոշողը Ռոբերտ Քոչարյանն է, բայց դաշնակցականներն ամենաշատ մանդատներն ունեն «Հայաստան» խմբակցությունում, համամասնությունը խախտվել է։  

Մարինե Խառատյան