Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդյոք Ֆրանսիայի կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ. մեկնաբանում են հայ-ֆրանսիական բարեկամական խմբի իշխանական և ընդդիմադիր պատգամավորները․ տեսանյութ

Ֆրանսիայի Սենատի վեց անդամ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձև էին ներկայացրել Սենատ։ Այն Սենատում քննարկվեց երեկ, և 295 կողմ ու 1 դեմ ձայներով Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևը ընդունվեց։
Բանաձևով առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման, գազի ու նավթի ներմուծման էմբարգոյի հնարավորությունը։ Սենատորների նախաձեռնած բանաձևով, բացի պատժամիջոցներից, Ադրբեջանից պահանջվում է անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Բանաձևով սենատորները ֆրանսիական կառավարությանը նաև կոչ են անում ստիպել Ադրբեջանին վերադարձնել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, խոսք կա նաև Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի մասին։ 

Ի՞նչ կտա այս բանաձևը հայկական կողմին։ Արդյոք Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի՞ Ադրբեջանի նկատմամբ։ 

Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանի՝ սա քաղաքական բավականաչափ հզոր զենք է, որը եթե իշխանությունները կարողանան ճիշտ օգտագործել, հայկական կողմը կկարողանա բավական մեծ հաջողություններ գրանցել։ Պատգամավորը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղի մասին այդ բանաձևում եղած հիշատակումը։

Կառավարող ուժի ներկայացուցիչ Վաղարշակ Հակոբյանն էլ, ով ևս հայ-ֆրանսիական բարեկամական խմբի անդամ է, նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին՝ իրենց հայանպաստ գործունեության համար, նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի վերջին ռազմական հարձակման ժամանակ, երբ Հայաստանը սպասում էր միջազգային հանրության գնահատականին, Ֆրանսիայի նախագահը, Ֆրանսիան շատ հստակ կարծիք հայտնեցին և դատապարտեցին Ադրբեջանի գործողությունները։ Իսկ թե Ֆրանսիայի կառավարությունը պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, թե ոչ՝ Վաղարշակ Հակոբյանը խորհուրդ տվեց սպասել և հետևել իրադարձությունների զարգացումներին։

Անդրադառնալով ընդդիմադիրների թերահավատություններին, թե այս իշխանությունը չի կարողանա օգտվել Սենատի ընդունած բանաձևի տված հնարավորություններից, կառավարող ուժի ներկայացուցիչն ասաց, որ բացասական է վերաբերվում նրան, որ ընդդիմությունը կարող է նման գնահատական տալ իշխանությանը, որը ամենածանր իրավիճակում չի խուսափում պատասխանատվությունից։

Ի՞նչ է կախված Հայաստանից, ի՞նչ կարող է անել հայկական կողմը, որպեսզի Սենատի որոշումը դառնա նաև Ֆրասիայի կառավարության օրակարգը։ Ըստ կառավարող ուժի ներկայացուցչի՝ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որ գործընկեր կառավարությունները մաքսիմալ էֆեկտիվ որոշումներ կայացնեն՝ ի նպաստ Հայաստանի։ 

Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Ֆրանսիայի կառավարությունը չի կարող հաշվի չառնել Սենատի քաղաքական սենտիմենտները։ 

Անդրադառնալով մտահոգություններին, որ Սենատի այս որոշումը կարող է գործիք դառնալ Ադրբեջանի ձեռքում՝ Ֆրանսիային միջնորդի կարգավիճակից զրկելու համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ Ադրբեջանին դա անել չի հաջողվի, չնայած նրան, որ վերջիններս ի սկզբանե դեմ են եղել Ֆրանսիայի միջնորդ դառնալուն։
Վաղարշակ Հակոբյանը ևս կարծում է, որ Ադրբեջանին չի հաջողվի Ֆրանսիային զրկել միջնորդի կարգավիճակից։ 

Խաղաղության պայմանագրի շուրջ խոսակցություններից հետո, երբ լուրեր էին պտտվում, թե գոյություն ունեն խաղաղության պայմանագրի ռուսական և վաշինգտոնյան տարբերակներ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե իրենք կողմ են ռուսական տարբերակին, քանի որ Մոսկվան առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հարցը թողնել անորոշ ապագային, իսկ արևմտյան տարբերակով Արցախը մնալու էր Ադրբեջանի կազմում։ Արդյոք Սենատի ընդունած այս բանաձևը մեսիջ է, որ Արևմուտքը և՞ս կարևորում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը Ադրբեջանի կազմից դուրս: Արթուր Խաչատրյանն ասաց, թե իրենց համար կարևոր չէ, թե որ տարբերակով կլուծվի Արցախի հարցը՝ ռուսակա՞ն, թե՞  արևմտյան, կարևոր է, թե ինչ կա այդ առաջարկի մեջ։ 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան