Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, ինչո՞ւ էին ՀՀԿ-ականները ամենօրյա ռեժիմով դրա մեջ մեղադրում Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Ռուբինյան

Եթե Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, ինչո՞ւ էին ՀՀԿ-ականները ամենօրյա ռեժիմով դրա մեջ մեղադրում Նիկոլ Փաշինյանին․ Ռուբեն Ռուբինյան
Քաղաքականություն
10:19, 16 февраль 2021
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցին՝ ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հաստատեց, որ 2018 թվականի դրությամբ բանակցային գործընթացը հասել էր մի կետի, որում հայկական կողմի բանակցողը՝ այսինքն ինքը, պատրաստ էր ստորագրել փաստաթուղթ, որով պետք է հանձնվեին 5+2 շրջանները, իսկ Արցախի կարգավիճակի ճշգրտումը պիտի թողնվեր անորոշ ապագային, ընդ որում՝ ամրագրված չէր լինելու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի հարցի՝ սահմանափակված չլինելը։ Ըստ էության՝ տարածքներ խաղաղության դիմաց։

Lավ է, որ պարոն Սարգսյանը սա կրկին հաստատեց։

Բայց այստեղ երկու հարց է առաջ գալիս․

1. Ինչու՞ էին Սերժ Սարգսյանի թիմակիցները հեղափոխությունից հետո ամենօրյա ռեժիմով Նիկոլ Փաշինյանին մեղադրում մի բանում, ինչը հենց իրենք էին պատրաստվում անել (տարածքների վերադարձ)։

2. Ի վերջո, ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին այժմ մեղադրում է տարածքներ հանձնելո՞ւ, թե՞ չհանձնելու մեջ։

Ամբողջ բանակցային գործընթացի և պատերազմի սկսման հանգամանքների վերլուծության շուրջ բանավեճի համար կարևոր է հատկապես երկրորդ հարցի պատասխանը, որովհետև, համաձայնեք, անհնար է միաժամանակ ներկայացնել երկու իրարամերժ մեղադրանք և, առավել ևս, միաժամանակ հակադարձել դրանց։ Այլ կերպ ասած՝ չի կարող իրապես բովանդակային բանավեճ սկիզբ առնել, պատկերավոր ասած, «հողատու, ինչու՞ չհանձնեցիր հողերը» ինքնահակասող մեղադրանքից»։