Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի քանի տիրոջ ծառա սադրիչները․ Ո՞ր «բեսեդկա»-ից են Հ2-ի հաղորդավարի ականջին «ասել» Զատուլինի՝ ՀՀ կատարելիք առաջիկա այցի մասին

Հ2-ի եթերում «Խոսքի իրավունք» հաղորդման շրջանակներում խոսքի իրենց իրավունքն էին իրացնում քաղաքական մեկնաբան Շավարշ Գևորգյանն ու քաղաքական վերլուծաբան Կարեն Քոչարյանը՝ հընթացս զբաղվելով տեղեկատվական սադրիչ գործունեությամբ, ինչը, համաձայնեք, պետք է մտահոգի այդ հաղորդման «սպառնողներին» և նաև հեռուստաեթերը վերահսկող համապատասխան կառույցին։  

Ինչի մասին է խոսքը. քաղաքական մեկնաբանը քմծիծաղը դեմքին, անթաքույց հրճվանքով հայտարարեց. «Ասում են (ո՞վ, ովքե՞ր՝ հայտնի չէ-խմբ.)՝ Փաշինյանին անակնկալ է սպասվում՝ Պուտինի՝ առաջիկայում ՀՀ այցով պայմանավորված, այցի սկզբում, հենց ժամանմամբ պայմանավորված։ Իսկ անակնկալը լինելու է պատվիրակության կազմում Զատուլինի ժամանումը։ Դե Զատուլինի մասով մենք բոլորս, հեռուստադիտողները՝ էլ չասեմ, պատկերացնում ենք տեսարանը, երբ Պուտինի ինքնաթիռից, օրինակ, Պուտինի ախրանայից հետո իջնում ա էդ նույն տրապից կամ հետևի տրապից Զատուլինը»։  Առանց պարզելու, հստակեցնելու, թե ո՞վ կամ ովքե՞ր են նման բան «ասողները»՝ պաշտոնակա՞ն աղբյուրները, թե՞  մասնավորապես Հ2-ին ամենամոտը գտնվող «բեսեդկայի» նարդի կամ շաշկի խաղացողները,   քաղաքական վերլուծաբանը  հրճվալից  տոնով  արձագանքեց. «Չեմ պատկերացնում, բայց շա՜տ եմ ուզում տեսնել  էդ տեսարանը,  շատ եմ ուզում տեսնել։ Ոչ թե որ Զատուլինին ուզում եմ տեսնել Հայաստանում, այլ ուզում եմ տեսնել ռեակցիան հայաստանյան իշխանությունների, կարո՞ղ են մերժել, ասել՝ չէ, օրենքը օրենք ա... կարո՞ղ են»։ «Կհերիքի՞ դուխները»՝  հեգնում է  հաղորդավարը։ Նրա զրուցակիցն էլ  արձագանքում է. «Դուխով տղերք են, ինձ թվում ա՝ կհերիքի, դուխով են, չէ՞, եկել իշխանության»։ Այս գերինտելեկտուալ հարցուպատասխանը շարունակվում է ևս մեկ-երկու րոպե, եթերում գտնվող հասուն տղամարդիկ  լիցքաթափվում են  ևս մեկ-երկու կենցաղաին ռեպլիկով  ու այսպիսով  ...բարեբախտաբար ավարտում հաղորդումը։  

Հ2-ի տնօրինությանը, այդ ալիքին հյուր գնացած պարոնին և այդ ալիքի լսարանին ուզում ենք հիշեցնել, որ Զատուլինը ՀՀ-ում «անցանկալի անձ» է համարվել շուրջ երեք շաբաթ առաջ, և դրա համար առկա են եղել համապատասխան հիմքեր։  ՀՀ ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունով  Կ. Զատուլինին ուղարկված փաստաթղթում, հիշեցնենք,  մասնավորապես նշված է. «Ցավոք, Հայաստանի Հանրապետության հասցեին վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված՝ հետագայում ձեր այցերը ՀՀ համարվում են անցանկալի»։  Չենք կարծում, որ պարոն Զատուլինը  և նրա քաղաքական ղեկավարությունը այնքան  անխոհեմ կգտնվեն, որ կդիմեն սադրանքի՝ արհամարհելով  Հայաստանի Հանրապետության  օրենքն ու պատկան մարմինների կայացրած որոշումը, եթե, իհարկե,  այն չի վերանայվել։ 

Civic.am-ը  այս հարցի հետ կապված  հարցում է ուղարկել ԱԳՆ, պատասխանն ստանալուն պես կհրապարակենք։ Նշենք, որ այս կամ այն անձը ինչպես որ ներառվում է «անցանկալի անձանց» բանկ, այնպես էլ կարող է դուրս բերվել։ Ի պատասխան մեր հարցի՝ արդյոք  Զատուլինի անունը հանվե՞լ է «անցանկալի անձանց» բանկից, ԱԱԾ-ից հայտնեցին. «Մենք անցանկալի անձանց մասով ոչ մի տեղեկատվություն չենք տրամադրում, քանի որ դա պարունակում է անձնական տվյալ»։ 

Նշենք, որ անցանկալի անձանց տվյալների բանկին հասանելիություն ունեն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ԱԳՆ-ն, դատական և քննչական մարմիններն իրենց իրավասության սահմաններում։  

Իսկ պարոնայք Գևորգյանն ու Քոչարյանը, կարծում ենք, կարիք չունեն լրացուցիչ անգամ համոզվելու, որ ՀՀ-ում գործում է օրենքի գերակայությունը, և օրենքի առաջ հավասար են բոլորը՝ «դուխովներից» մինչև եթերային շուլուխչիներ, քաղաքական մեկնաբաններից մինչև քաղաքական վերլուծաբանի անվան տակ հացկատակությամբ զբաղվողներ և, իհարկե, ՀՀ ոտք դնող օտար երկրների քաղաքացիներ՝ անկախ իրենց ազգությունից և զբաղեցրած չինից կամ պաշտոնից։    

Քանի որ առիթ ստեղծվեց վերհիշելու «անցանկալի անձ» հայտարարելու թեման,  ապա կարիք կա անդրադառնալու պարոն  Զատուլինի՝ օրերս կայքերից մեկին տված հարցազրույցում  սպառնալից տոնով արված  հայտարարությանը. «Հայաստանի իշխանությունները եթե ուզում են ցույց տալ, որ խնդիր չկա, որ եթե սրա կամ նրա մուտքն արգելեն, դա կհանդուրժվի... մենք ուղղակի մեծ մարդիկ ենք և համբերատարություն ենք դրսևորում, բայց այն անսահման չէ։ Եթե դա շարունակվի, ապա կպահանջենք, որ այդ նույն հիմքով արգելվի Հայաստանի հարգելի պատգամավորների մուտքը ՌԴ, որոնք չամաչելով՝ մեղադրում են Ռուսաստանին բոլոր մեղքերում։ Մենք էլ կանցնենք նման գործելաոճի, բայց դեռ սպասում ենք»։  

Պարոն Զատուլինը թերևս պարզաբանի, թե հատկապես ո՞ր պատգամավորներին նկատի ունի, ովքեր «չամաչելով՝ ՌԴ-ին մեղադրում են բոլոր մեղքերում»։ Եվ մասնավորապես՝ որ մեղքերում։ Ի տարբերություն ՌԴ-ն ներկայացնող  հարգելի պատգամավորի՝  ՀՀ և ոչ մի պատգամավոր ՌԴ նախագահի հեղինակած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չի խեղաթյուրել՝ փաստաթղթի հեղինակին, որի ստորագրությունը նույնպես դրված է փաստաթղթի տակ,  վերագրելով բաներ, որոնք նա չի ներառել, չի արձանագրել, չի ամրագրել դրանում։ ՀՀ և ոչ մի պատգամավոր, որքան մեզ հայտնի է,  չի պնդել,  որ «Պուտինը ՀՀ-ի տարածքով «միջանցք» է  խոստացել  Ադրբեջանին», չի ասել, որ  գոյություն չունեցող, մտացածին այդ «միջանցքը» «ստորագրել է Պուտինը»։ 

Եվ բացի դրանից՝ ՀՀ ԱԺ և ոչ մի հարգելի պատգամավոր իրեն թույլ չի տվել քիթը խոթել  դաշնակից երկրի ներքին հարցերի մեջ և ասել, որ, օրինակ, Պուտինը լավ կանի՝  հրաժարական տա, քանի որ, ասենք, նրա կառավարումը սպառնալիք է ոչ միայն ռուս ժողովրդի, այլ նաև ուկրաինացի և համայն մարդկության համար։ Չի խրախուսել այս կամ այն ընդդիմադիր  գործչի, ասենք՝ Նավալնիի   իշխանատենչ  հավակնությունները, չի պահանջել, որ նրան անհապաղ ազատ արձակեն, որ նրա նկատմամբ դատական պրոցեսը ֆարս է և այլն, և այլն։  

Իսկ թե քանի անգամ է պարոն Զատուլինը նման անթույլատրելի արարք-հայտարարություններ արել՝ անդրադարձել ենք նախորդիվ: Բացի դա, ադրբեջանական նարատիվները հայկական ընդդիմադիր ԶԼՄ-ներով պրոպագանդող Զատուլինով հիանալը բացահայտ անարգանք է սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ներխուժելու և Սյունիքի միջանցք բացելու Ադրբեջանի փորձի 200-ից ավելի զոհերի, անհետ կորածների ու վիրավորների հանդեպ։   
 
Հ.Գ. Նշենք, որ ՌԴ-ն իր հերթին անցանկալի  անձ է հայտարարել  ինչպես արցախցի, այնպես էլ հայաստանցի գործիչների։

Մասնավորապես՝  Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, քաղաքագետ  Ստեփան Գրիգորյանին,  ԱՀ ԱԳ նախկին նախարար Մասիս Մայիլյանին։  

Ելենա Ազատյան