Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ

ՀՀ ԱԺ արտահերթ նիստ. ուղիղ
Քաղաքականություն
11:07, 24 ноябрь 2022
Ազգային ժողովը նոյեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի օրակարգը: Կառավարության առաջարկով եւ ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված նախագծերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի տեղեկացմամբ` նախագծերի ընդունման արդյունքում օրենքների դրույթները կհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իրավակարգավորումներին, ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընթացքում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված հարաբերությունները (այդ թվում` ծառայության համար սահմանված տարիքային առավելագույն սահմանափակումները) կկանոնակարգվեն առավել հստակ` հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարեւորությունը: Կլուծվեն ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեության ընթացքում առաջացող գործնական խնդիրները, կբարձրանա կադրային քաղաքականության արդյունավետությունը: Օրենքով կհստակեցվեն Ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահվող լիազորությունները` համապատասխան իրավահարաբերությունները գերատեսչական իրավական ակտերով կանոնակարգելու առումով:

Առաջարկվող նոր լուծումներն ուղղված կլինեն նաեւ ազգային անվտանգության մարմիններում իրականացվող ծառայության նկատմամբ պատշաճ զգոնություն եւ անձնական առավել բարձր պատասխանատվություն սերմանելուն:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը մտահոգիչ են համարել ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը, որով նախատեսվում է օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով»:

ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մտահոգող հարցը կարգավորվում է դեռեւս 1996 թ. ընդունված «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքի 15-րդ եւ 16-րդ հոդվածներով:

Անդրանիկ Սիմոնյանի պարզաբանմամբ առաջարկվող կարգավորումների արդյունքում չի լինելու նոր մոտեցում, քանի որ այն արդեն կար վերոնշյալ օրենքում: