Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության կազմաքանդման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, խմբակցությունը կուռ է․ Աննա Գրիգորյան

«Հայաստան» խմբակցության կազմաքանդման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, խմբակցությունը կուռ է․ Աննա Գրիգորյան
Քաղաքականություն
13:43, 24 ноябрь 2022
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ Սյունիքը ներկայացնող պատգամավորներն այլևս մաս չեն կազմում «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, բայց միևնույն ժամանակ հանդիսանում են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցության կազմաքանդման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։

«Ես, Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Վահե Հակոբյանը շարունակում ենք լինել «Հայաստան» խմբակցության անդամ, պահպանում ենք գործընկերային հարաբերությունները, ուղղակի ես և Արթուր Սարգսյանը հանդիսանում ենք խմբակցության պատգամավորներ, բայց ոչ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։

Հարցին, թե որն է կուսակցությունից դուրս գալու պատճառը, պատգամավորը պատասխանեց.

«Քանի դեռ մեր երկրում կան ներքաղաքական լարված իրավիճակ և արտաքին լրջագույն մարտահրավերներ, ես կարծում եմ, որ այս պահին տեղին չէ ներթիմային որոշ տարաձայնությունների մասին բարձրաձայնել։ Կարծում եմ՝ կգա այդ մասին խոսելու օրը, բայց հենց այսօր նպատակահարմար չեմ գտնում դրանց մասին խոսելու։ Ուղղակի պետք է արձանագրենք՝ մենք դուրս ենք եկել կուսակցությունից, բայց հանդիսանում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավորներ։ Խմբակցությունը կուռ է և շարունակում է իր գործունեությունն այնպես, ինչպես նախկինում»։