Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը «անօրինական պետական կազմավորում» որակած ՌԴ Պետդումայի պատգամավորը, պարզվում է՝ Ռուսաստանում հայտնի է որպես հոգեկան խնդիրներ ունեցող․ տեսանյութ

ՌԴ Պետդումայի պատգամավորներից մեկը՝ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը,  ակնհայտորեն շատ էր  հուզվել ՀՀ-ում ընդդեմ ՀԱՊԿ-ի տեղի ունեցած  բողոքի ակցիայից և որոշել էր  արտահայտել իր զայրույթը՝ մոռանալով  պոլիտկոռեկտության բոլոր կանոնների մասին։  Ֆյոդորովը  Հայաստանն անվանել է «անօրինական պետական կազմավորում» և կոչ արել լուծել, իբր, մեր երկրում առկա «ռոսատյացության հարցերը»:  

«Հայաստանի իշխանությունը բերվել է ԱՄՆ-ի կողմից նարնջագույն հեղափոխության արդյունքում, ինչպես, օրինակ, Կիևում։ Միաժամանակ, սակայն, Հայաստանը փակուղում է աշխարհաքաղաքական իրավիճակում, Ռուսաստանից է կախված նրա գոյության հարցը։ Ինչպե՞ս լուծել հարցը։ Պետք է միշտ լուծել օրենքով։ Հայաստանը ԽՍՀՄ-ից օրինակա՞ն է դուրս եկել։ Ոչ։ Ուրեմն անօրինական պետական կազմավորում է։ Պետք է գործել դրանից ելնելով»,- ասել է միջազգային իրավունքի մասին կատարելապես  անտեղյակ  ռուսաստանցի պաշտոնյան, որը, փաստորեն, նաև ՌԴ ռազմավարական  դաշնակից երկրի՝ Հայաստանի  պատմությունից է «բոբիկ»։  Սա այն դեպքն է, երբ պետք է ասել. «Каждый понимает в меру своей испорченности  и начитанности»։

Պարոն պատգամավորի խոսքը գրոշի արժեք չէր ունենա, արժանի կլիներ խոր  արհամարհանքի, եթե վերջինս իր խոսքում արած չլիներ երկու  վտանգավոր  արտահայտություն՝  «ռուսատյացություն» և  «անօրինական պետական կազմավորում»։ Ի գիտություն  տնտեսագիտության թեկնածու  պարոն Ֆյոդորովի՝ ՀՀ-ում չկա ռուսատյացություն, կա խոր դժգոհություն ՀՀ-ի նկատմամբ  ՌԴ-ի կողմից  վարվող քաղաքականության և է՛լ ավելի խոր դժգոհություն մասնավորապես ՀԱՊԿ կոչվող կառույցի  հանցավոր անգործության հանդեպ։  Կարծում ենք՝ պարոն Ֆյոդորովի  պես ինտելեկտուալի  համար, որը ՌԴ նախկին նախագահ Ելցինի ժամանակներից է դեգերւմ քաղաքականության մեջ,  դժվար չի լինի այս երկու հասկացությունները միմյանցից տարբերել։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի՝  անօրինական պետական կազմավորում լինելուն, որի իշխանությունը, ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, նարնջագույն հեղափոխության միջոցով է եկել իշխանության, ապա նման  եզրահանգումը միայն  խղճահարություն կարող է առաջացնել դրա հեղինակի հանդեպ, քանի որ վերջինս, պարզվում է, ՌԴ այն պաշտոնյաների թվին է պատկանում, որոնք  պատգամավորական գործունեությունը համատեղում են  «նարնջագույն հեղափոխությունների կանխման»,  «5-րդ շարասյուների» բացահայտման, «ամերիկյան ագենտների»  վնասազերծման և  այլ  պարանորմալ, «պոլտրգեյսթ»-ական երևույթների դեմ։  

Հայտնի ռուս հասարակական-քաղաքական գործիչ, բլոգեր Իլյա Յաշինը  Ֆյոդորովին նվիրված  հատուկ թողարկում ունի, որտեղ վերջինիս ներկայացնում է որպես «հոգեկան հիվանդ», «փսիխ»։  Պարզվում է՝ պարոն Ֆյոդորովը  «Ազգային ազատագրական շարժման» (ՆՕԴ)  լիդերն է, շարժում, որի նպատակը ՌԴ-ն ամերիկացիներից ազատագրելն է։ Նա, ըստ Յաշինի,  խելացնոր մի տեսության ջատագովն է, ըստ որի՝ ՌԴ-ն զավթված է ԱՄՆ-ի կողմից՝ զրկված է ինքնիշխանությունից և հանդիսանում է  ԱՄՆ կամակատար պետություն։  Ըստ պատգամավորի՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դրսի ուժերը Սահմանադրություն են գրել ՌԴ-ի համար, հաստատել իրենց կարգուկանոնն ու արդեն 30 տարի է՝ թաքուն կառավարում են ՌԴ-ն։  Իսկ ահա ՌԴ նախագահ Պուտինը ամեն կերպ փորձում է դիմակայել ԱՄՆ-ին, սակայն ոչինչ անել չի կարող, քանի որ ՌԴ Կենտրոնական բանկը նրան չի լսում, կառավարությունը նույնպես կատարում է դրսի ուժերի քմահաճույքները, ու արդեն 20 տարի պարոն Պուտինը հերոսաբար կռիվ է տալիս կառավարական կաբինետները բռնազավթած սրիկաների դեմ։ Սակայն ապարդյուն։  

Ինչ վերաբերում է «Ազգային ազատագրական շարժման»-ը (հարկ է նշել, որ ՀՀ-ում էլ վերջերս նույնանուն մի շարժում  է ձևավորվել), ապա, ըստ Յաշինի, այն  համարվում է ՌԴ ամենաագրեսիվ քաղաքական կազմակերպությունը, որի անդամները ռուսաստանյան  քաղաքական  դաշտում  «որսում» են,  այսպես կոչված, ագենտներին և դաժան քննադատության ենթարկում։ «Ընդ որում՝ այդ ագենտները Ֆյոդորովի աչքին երևում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր դաշտում, և՛ անգամ Պուտինի մերձավոր շրջապատում»,- նշում է Յաշինը։ 

Ֆյոդորովը  տարբեր ժամանակներում  «ագենտ» և «5-րդ շարասյան» անդամ է անվանել այնպիսի  գործիչների, ինչպիսիք են Բորիս Նեմցովը, որը սպանվեց տարիներ առաջ, այժմ անազատության մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնին, ինչպես նաև ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, կրթության նախկին նախարար Լիվանովը, ինչպես նաև մի շարք մշակութային գործիչներ, ինչպիսիք են, օրինակ, Վիկտոր Ցոյն ու  Անդրեյ Մակարևիչը, որի պետական պարգևները, ըստ  «խենթանոցից փախած»  Ֆյոդորովի,   պետք է հետ վերցնել։  

Հարկ է նշել, որ Ֆյոդորովի շարժման ներկայացուցիչները տարիներ  առաջ տեղի ունեցած իրենց ակցիաներից մեկի ժամանակ թիրախավորել էին նաև, այսպես կոչված, կրեմլյան պրոպագանդիստ, հայ հանրությանը քաջ հայտնի լրագրող Դ. Կիսելյովին՝ նրան անվանելով  «Թրամփոման» (ԱՄՆ նախկին նախագահ  Դ. Թրամփի երկրպագու)։ Կիսելյովն  իր հերթին «թափառող  կրկես» էր անվանել Ֆյոդորովի շարժումն ու ցնդաբանություն որակել իր հասցեին հնչած մեղադրանքները։     

Առավել մանրամասն՝ տեսանյութում։ 
 
Հ. Մանուկյան