Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի իշխանությունը չի համակերպվելու ՀԱՊԿ անգործության հետ. Ալեն Սիմոնյան․ Ազատություն

Չնայած ՀԱՊԿ -ն այդպես էլ քաղաքական հայտարարություն չարեց և չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վարչապետն այսօր անկեղծ ու դրական գնահատեց երևանյան գագաթնաժողովի քննարկումները։

Փաշինյանը երեկ հենց դաշնակիցների քաղաքական հայտարարության բացակայության պատճառով հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Հայաստանը հույս ունի, որ լրամշակումից հետո դրանք կստորագրվեն։ Թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ է հնչեցրել հայկական կողմը, Փաշինյանն այսօր փակագծեր չբացեց։

«Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը չընդունվեց, այսինքն, մենք չստորագրեցինք հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը չընդունվեց էլի մեր չստորագրելու պատճառով: Բայց ես էլի ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ դրական եմ համարում քննարկումը», - ասաց վարչապետը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրները «ուշքի կգան» և առնվազն քաղաքական գնահատական կտան այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային։ Ալեն Սիմոնյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ հայկական կողմի դժգոհությունը նաև Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման պահանջին էր վերաբերվում։

«Բավարար չի եղել մեզ այն գնահատականը, որը մեզ պետք էր: Ինչո՞ւմ է զավեշտը, ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական կառույց է, մենք ակնկալիք ունեինք քաղաքական գնահատականի ռազմաքաղաքական դաշինքից, և այդ ակնկալիքը նույնպես չի բավարարվում, դրա համար որոշում է կայացվել չստորագրել: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերները ուշքի կգան և կհասկանան, որ ՀԱՊԿ-ի սահմանը նաև Հայաստանի սահմանն է: Այսօր ՀԱՊԿ տարածքում գտնվում են երրորդ երկրի զորքեր», - ընդգծեց Սիմոնյանը:

Ինչո՞ւ ՀԱՊԿ-ն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան կառույցի անդամ Հայաստանի նկատմամբ։ Ազգային ժողովի նախագահի համոզմամբ, պատճառն այն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները շատ ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, բայց դա չի կարող ազդել միջպետական պայմանագրային պարտավորությունների վրա։ Այժմ, ըստ Սիմոնյանի, ՀԱՊԿ-ը ինքը պետք է ապացուցի իր գոյությունն ու աշխատունակ լինելը։ Ազգային ժողովի նախագահը շեշտում է՝ Հայաստանը, երբ անդամակցում էր այս կառույցին, դա անում էր Թուրքիայի և Ադրբեջանի հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և եթե այդ վտանգի պարագայում ՀԱՊԿ -ը չի գործում, ապա ինչի՞ համար է Հայաստանը շարունակում անդամակցել այդ կառույցին։ Ու չնայած աս իրավիճակին, իշխանություններն առայժմ ձեռնպահ են մնում կառույցը լքելու մասին ուղիղ հայտարարություն անել։

«Ակնհայտ է, չէ՞, որ հայաստանյան իշխանությունները չեն համակերպվել, չեն համակերպվում ու չեն համակերպվելու այսօրվա անգործության հետ և հիմա որևիցե հայտարարություն անելը շատ կտրուկ կդիտվի», - նշեց Ալեն Սիմոնյանը:

«Ազատության» դիտարկմանը՝ «այս պահին դեռ չենք հայտարարում, որ դուրս կգանք այդ կառույցից, եթե առաջիկայում այդպես էլ չլինի այդ քաղաքական գնահատականը», ԱԺ նախագահն արձագանքեց. - «Մենք երբևիցե չենք ասել, որ դուրս կգանք, մենք ասում ենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել մեր տարածաշրջանից, իրենք են գնացել այստեղից, և մենք ուզում ենք, որ մեզ տեղեկացնեն, ասեն՝ իրենք այլևս այս տարածաշրջանում չկան, չեն գործում և ՀԱՊԿ-ն այստեղ այլևս սահման չունի»:

Ալեն Սիմոնյանը շեշտում է՝ իրենց միակ հույսը ՀԱՊԿ-ը չէ, Հայաստանը փորձում է ինքնուրույն և՛ զենքի հարցը լուծել, և՛ սահմանների անվտանգությունն ապահովել։

Մանրամասները՝ azatutyun.am