Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» դաշինքը ի սկզբանե եղել է անձնական շահերի համընկնման հիման վրա ստեղծված միավոր, հետևաբար նման դրսևորումները զարմանալի չեն․ Ծովինար Վարդանյանը՝ դաշինքի խմորումների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում ասել է, որ երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը չի ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը, քանի որ չի հաջողվել դրանցում համաձայնության գալ։ 

Civic.am-ի հետ զրույցում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, պատասխանելով հարցին, որ եթե երեկվա նիստում չհաջողվեց համաձայնության գալ, հետագա քննարկումներում հնարավո՞ր է այդ համաձայնությունը լինի, ասաց, որ հնարավոր է, եթե այն ակնկալիքը արդարացվի, որին արադարացիորեն սպասում է ՀՀ-ն, որպես անդամ պետություն՝ ունենալ քաղաքական գնահատական այս իրավիճակին, ինչի մասին խոսվել է բազմիցս։  

Հարցին, թե Հայաստանի կողմից ՀԱՊԿ հռչակագրի չստորագրումը հնարավո՞ր է  առիթ տա, որ ՀԱՊԿ երկրները իրավիճակի պատասխանատվությունը թողնեն ՀՀ-ի վրա, Ծովինար Վարդանյանն ասաց, որ կարծում է՝ ՀԱՊԿ-ը, որպես անվտանգության համակարգ,  ունի իր պատասխանատվության գոտին և պատասխանատվության շրջանակը, և տվյալ կազմակերպության գործողությունները պետք է լինեն այդ կազմակերպության լիազորությունների և պարտականությունների սահմաններում։

Խոսելով նաև այն մասին, որ  ՀԱՊԿ նախագահությունը ստանձնեց Բելառուսի Հանրապետությունը, որի նախագահը հայտնի է իր պրոադրբեջանական վերաբերմունքով, Ծովինար Վարդանյանն ասաց, որ իր կարծիքով՝ քաղաքական գործիչները, որոնք ստանձնում են անվտանգային համակարգի ղեկավարությունը, պետք է անձնական վերաբերմունքից զատեն իրենց պարտականությունները։  

Երեկ Բելառուսի նախագահը, ստանձնելով նախագահողի պարտականությունները, իր ելույթում ասաց, որ եթե  այսպես շարունակենք գործել, ինչպես այսօր քննարկեցինք, ապա հայ-ադրբեջանական հակամարտությունը կավարտվի, և կկնքվի խաղաղության պայմանագիր։ Հարցին, թե  պատգամավորն արդյոք տեղյա՞կ է՝ կոնկրետ ի՞նչ է քննարկվել, և ի՞նչ համաձայնության շուրջ է եղել քննարկումը, վերջինս ասաց, որ ինքը տեղյակ է ՀԱՊԿ-ի նիստից այնքանով, որքանով դա լուսաբանվել է լրատվականներում։ 

«Գիտեմ, որ հռչակագիրը չի ստորագրվել Հայաստանի Հանրապետության կողմից, քանի որ ՀՀ-ն ակնկալում է քաղաքական գնահատական, իսկ Բելառուսի նախագահի ակնկալիքները չեմ կարող ասել՝ ինչով են պայմանավորված։ Բնականաբար, խաղաղության պայմանագրի կնքումը մեր օրակարգն է, ՀՀ օրակարգն է։ Եթե մեր պետության համար շահեկան և ընդունելի պայմաններ լինեն խաղաղության պայմանագիրը կնքելու, կարծում եմ՝ միայն ողջունելի է»,- ասաց պատգամավորը։     

Անդրադարձ կատարելով նաև «Դուրս ՀԱՊԿ-ից» նախաձեռնության երեկվա ակցիային՝ պատգամավորն ասաց, որ իրավիճակին ՀԱՊԿ-ի ոչ համաչափ արձագանքը ստեղծել է մի իրավիճակ, որ Հայաստանի  հանրության մի ստվար զանգված այլևս կասկածի տակ է դնում ՀԱՊԿ-ի արդյունավետությունը, ինչը բնական արձագանք է ժողովրդի կողմից։ 
 
«Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ՝ Աննա Գրիգորյանը և Արթուր Սարգսյանը, ինչպես նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դուրս են եկել Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից։  Խոսք է գնում նաև, որ «Հայաստան» դաշինքից կլինեն պատգամավորական մանդատները վայր դնողներ, շրջանառվում են Վահե Հակոբյանի, Արամ Վարդևանյանի և Իշխան Սաղաթելյանի անունները։  Հարցին, թե «Հայաստան» դաշինքում արդեն պառակտո՞ւմ է սկսվել, պատգամավորն ասաց. «Ես չեմ կարծում, որ դա քաղաքական մտքի և գաղափարախոսության վրա հիմնված ինչ-որ միավոր է։ Եվ քանի որ դա ի սկզբանե եղել է անձնական շահերի համընկնման հիման վրա ստեղծված ինչ-որ միավոր, հետևաբար նման դրսևորումներն ինձ համար զարմանալի չեն, ինչը շատ ակնկալելի իրավիճակ է։ Նաև հավելելով այդ թեմային՝ ասեմ, որ Աննա Գրիգորյանը երկրորդ անգամ է լքում կուսակցությունը, որին անդամակցում է, կամ քաղաքական ուժը, որին անդամակցում է։ Հետևաբար սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդիկ գաղափարախոսության համար չի, որ հավաքվել են այդտեղ, այլ զուտ անձնական այս կամ այն շահերից ելնելով»։
 
Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Թադևոսյան