Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի սպասելիքը ՀԱՊԿ-ից մեկը պետք է լինի, սա լակմուսի թուղթ է, Ադրբեջանի զորքերը դուրս գալի՞ս են Հայաստանի զավթած տարածքներից, թե՞ ոչ․ Նորայր Նորիկյան

«Ընդհանուր առմամբ ևս մեկ անգամ հավաստվեց, որ ՀԱՊԿ-ում կան խորքային խնդիրներ, կոնսենսուսի բացակայություն և այնպիսի ռազմավարական հարցերի վերաբերյալ տարակարծություն, որոնք առնվազն Հայաստանի մասով հանգեցրել են այդպիսի վարքագծի դրսևորման։ Վարչապետ Փաշինյանի կողմից երեկվա հայտարարությունը և այդ ստորագրությունից հրաժարվելը, խոսում է այն մասին, որ Հայաստանի սպասելիքներն ու ակնկալիքները ՀԱՊԿ գագաթնաժողովից փաստորեն չեն արդարացվել, և ըստ էության, մենք գործ ունենք մի կառույցի հետ, որ Հայաստանի մասով, Հայաստանի հասարակության ակնկալիքները չի արդարանում»,- այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

 Նրա խոսքով՝ սա խոսում է մի բանի մասին, որ առհասարակ մենք պետք է, ոչ թե վերանայենք մեր պատկերացումները, այլ մեր հանրության ներսում առկա տպավորություններն ավելի հստակեցնենք,  հետևությունների հանգենք, որ ակնկալել ՀԱՊԿ-ից այնպիսի որոշումներ, որոնք իսկապես կբխեն մեր անվտանգային միջավայրում առկա խնդիրների լուծումից՝ սին են, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ այդ կատույցը Հայաստանի մասով չի արդարացնելու իրեն։
 
«Այստեղ մի քանի հանգամանքներ կան։ Բոլորովին այլ բան է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները, և բոլորովին այլ տրամադրվածություն կա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ ՀԱՊԿ-ին նախորդող օրը՝  կհիշեք Ալիևի ճոռոմաբանությունը, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, վկայում է մի բանի մասին, որ նույն Լուկաշենկոն, ՀԱՊԿ անդամ այլ երկրները պարզապես լավություն են անում Ադրբեջանին Հայաստանի մասով այսպիսի վարքագիծ դրսևորելու համար, ո՛չ, այդ լավությունը իրենք պարզապես ծախում են Ալիևի վրա՝ իրենց ազգային կամ պետական հետաքրքրությունների սպասարկման կամ սպառման գնով։ Ես չգիտեմ՝ ո՞րն է այդ գինը, բայց միաժամանակ ակնհայտ է, որ մենք պետք է արձանագրենք մի բան՝ Հայաստանը իսկապես պետք է հստակեցնի՝ ինչ է ուզում ՀԱՊԿ-ից և այդ ՀԱՊԿ-ից ուզելը ստացվո՞ւմ է, թե՝ ոչ»,- ասաց Նորայր Նորիկյանը։
 
Վերջինս կարծում է, որ մնացածն արդեն տեխնիկական է, զուտ դիվանագիտական էթիկայի նորմեր են՝ ժամանակ տրամադրել, հետ ուղարկել լրամշակման։ 
 
Մեր զրուցակցի կարծիքով՝ ակնհայտ է, որ այնքան խորն են այդ խնդիրները ՀԱՊԿ-ի ներսում, որ ինչ պետք է փոխվի այս ժամանակահատվածում, որ Ղազախստանը կամ Բելառուսը փոխեն իրենց որոշումները։ Հայաստանի սպասելիքը ՀԱՊԿ-ից մեկը պետք է լինի․ սա լակմուսի թուղթ է՝ Ադրբեջանի զորքերը դուրս գալի՞ս են Հայաստանի զավթած տարածքներից, թե՝ ոչ, ՀԱՊԿ-ն իր մեխանիզմները կիրառո՞ւմ է այդ խնդիրը լուծելու համար, թե՝ ոչ։ 
Ըստ Նորայր Նորիկյանի, եթե այդ խնդիրը չի լուծվում, քաղաքական աջակցություն, հոդաբաշխ հորդորներ, հայտարարություններ, կողմերին զսպվածություն՝ դրանք ուղղակի դեկլարատիվ բնույթ կրող ռեվերանսներ կարող են լինել։
 
«Խնդիրը հետևյալն է, շատ պարզ է՝ ՀԱՊԿ-ը գործադրում է իր ջանքները, Հայաստանի առջև ծառացած այս խնդիրը, իր զավթված տարածքները ազատագրելու համար, թե՝ ոչ։  Եթե այդ հարցը չի լուծվում, ՀԱՊԿ-ի կենսունակությունը կամ ներուժը՝ Հայաստանի մասով կարելի է համարել անարդյունավետ և ամորֆ մարմին, ի դեմս ՀԱՊԿ-ի»։
 
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Ալիևը հայտնել է, որ «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց իր խոհրդական Հիքմեթ Հաջիևը իրեն տեղեկացրել է, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի գրասենյակից ու տեղեկացրել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»։ Մեկնաբանելով Ալիևի այս հայտարարությունը, Նորայր Նորիկյանն ասաց, որ սա շատ ավելի հետաքրքիր նրբություն է։ 
 
Նորայր Նորիկյանի կարծիքով՝ խոսք է գնում ավելի ֆունդամենտալ  հարցի մասին, և եթե շատ պատկերավոր ասի, ապա, Արևմտյան հարթակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ըստ էության փլուզվում է, եթե ոչ, գոնե առնվազն դրա հետագա բնականոն գործունեության իրականացումը դրվում է կասկածի տակ։ 
 
«Սա կարող է նշանակել մի բան, որ Ռուսաստանից թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ստացել են այնպիսի մեսիջներ, որոնք բավարարում են։ Կամ կհիշեք Երևան գալուց առաջ Պուտինը խոսեց  նաև Ալիևի հետ, ակնհայտ է մի բան, սրանից կարող ենք հետևությունների հանգենք, այստեղ Երևանում Պուտինն ու Փաշինյանը առանձին ինչ-որ բան են պայմանավորվել, կամ Պուտինը խոստացել է Փաշինյանին ինչ –որ  հարցերում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերում, արմատական, կարդինալ փոփոխությունների բեկման հնարավորության մասին, որովհետև նույն Փաշինյանը երեկ չբացառեց առաջիկայում  երկաթուղիների հետ կապված լրջագույն ներդրումներ, դրանք պատահական բաներ չեն,  դրանք ուղղակիորեն առնչվում են հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորմանը»,- ասաց Նորայր Նորիկյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան