Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանին հեռուստաէկրաններից գովերգող ԵՊՀ դեկան Ռուբեն Մելքոնյան, արյունահեղության կոչ հնչեցրած Սայաթ Շիրինյան և նրանց հաջորդող 2 ՀՅԴ-ականներ. ովքեր կարող են հայտնվել ԱԺ-ում որպես պատգամավոր

Քոչարյանին հեռուստաէկրաններից գովերգող ԵՊՀ դեկան Ռուբեն Մելքոնյան, արյունահեղության կոչ հնչեցրած Սայաթ Շիրինյան և նրանց հաջորդող 2 ՀՅԴ-ականներ. ովքեր կարող են հայտնվել ԱԺ-ում որպես պատգամավոր
Քաղաքականություն
18:00, 29 ноябрь 2022
Ինչպես հայտնի է, այսօր կայացավ Ռոբերտ Քոչարյան-Վահե Հակոբյան վերջնական քաղաքական ապահարզանը․ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության երեք ներկայացուցիչներ՝ Վահե Հակոբյանի գլխավորությամբ, հայտարարեցին, որ վայր են դնում իրենց ԱԺ պատգամավորական մանդատները, քանի որ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ԱԺ-ում։

Դաշինքի ցուցակում նրանց հերթականությամբ հաջորդում են ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ գիտխորհրդի անդամ Ռուբեն Մելքոնյանը, որը թեև անկուսակցական է, սակայն հեռուստաէկրաններից հանրությանը հայտնի է որպես Քոչարյանի գովքն անող դեկան: Հաջորդը ցուցակում Մհեր Սահակյանն է, որը ՀՅԴ ԳՄ Պետաիրավական հանձնախմբի պատասխանատուն է։ 

Հաջորդող մյուս թեկնածուները Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությունից են։ Իսկ կուսակցությունն այսօր հայտարարել է, որ դադարեցնում է գործունեությունը ԱԺ-ում, և ցուցակի այն համարները, որոնք կվերցնեն մանդատները, պետք է լքեն կուսակցությունը։

Թեև նրանք դեռ հայտարարություն չեն արել մանդատներից կամ մանդատի օգտին կուսակցությունից հրաժարվելու մասին, սակայն կարելի է ենթադրել, որ չեն վերցնի մանդատները։ Այսպիսով՝ ՎՀԿ անդամներ Մարիա Պետրոսյանը, որը Վահե Հակոբյանի քենին է, և նրան հաջորդող Ռոբերտ Հայրապետյանը ամենայն հավանականությամբ մանդատներից կհրաժարվեն։ Վահե Հակոբյանն այսօր մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, և նրանց վերջնական դիրքորոշումը հնարավոր չեղավ ճշտել։

Այս թեկնածուներին հաջորդողը նախընտրական ցուցակում ՀՅԴ-ական Արփինե Վարդանյանն է։ 

Եվ վերջում՝ անկուսակցական Սայաթ Շիրինյանը, որը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետն է։ Վերջինս հայտնի է իր աղմկահարույց հայտարարություններով և անհայտ ծագման հարստությամբ։ Նա անցնում է քրեական գործով, որով անձանց խմբի նկատմամբ 2020 թվականին, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ 

Վերջինս արդարացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, սակայն այն բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարանում։