Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռետրո․ Միքայել Մինասյանի ականը՝ Ռոբերտ Քոչարյանի տակ․ «Վահե Հակոբյան» պրոյեկտը

Ռետրո․ Միքայել Մինասյանի ականը՝ Ռոբերտ Քոչարյանի տակ․ «Վահե Հակոբյան» պրոյեկտը
Քաղաքականություն
17:45, 30 ноябрь 2022
Դեռևս 2021թ-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում մենք հոդված էինք հրապարակել՝ ՎՀԿ նախագահ Վահե Հակոբյանի՝ Քոչարյանի դաշինքում ական լինելու մասին։ Ռոբերտ Քոչարյան-Վահե Հակոբյան քաղաքական ապահարզանի ֆոնին որոշեցինք վերահրապարակել այն։ 

Մեծ կոմբինատորը․ Ո՞վ էր Քոչարյանի «Հայաստան» դաշինքին միացած Վահե Հակոբյանը մինչև 2014թ-ը, ինչպե՞ս կարողացավ պետական համակարգում 10 տարի շարունակ ֆինանսական մասնագետի համեստ հաստիքով աշխատած անձը մեկ թռիչքով դառնալ Հայաստանի ամենախոշոր և ամենահարուստ կազմակերպության բաժնետեր, տնօրեն և դոլարային մուլտիմիլիոնատեր։ Ինչպե՞ս կառավարման որևէ փորձ չունեցող այդ անձը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Վերջապես ինչու՞ և ո՞ւմ կողմից այդ գրեթե անհայտ գործիչը ներդրվեց Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշինքի կազմում։

Վահե Հակոբյանի կերպարն ուշադրություն է գրավում նախևառաջ սեփական կենսագրությունը կեղծելու և դրա առանձին դրվագները թաքցնելու փորձերի պատճառով։ Նա սկսած 2014թ-ից պարբերաբար տարբեր առիթներով փորձել է թաքցնել իր կենսագրությունը, խեղաթյուրել, թե որտեղ է աշխատել և ինչ աշխատանք է կատարել։ Սեփական կենսագրության խզբզումը Վահե Հակոբյանի կողմից առանձնապես «ահագնացել է» 2011-2016թթ-ին, երբ, ըստ իր կողմից տարբեր ժամանակներում ներկայացրած տարբեր կենսագրականների՝ միաժամանակ աշխատել է 6 տարբեր կազմակերպություններում։ 

Դեռ 2016թ-ին մամուլը «Սյունիքի նոր մարզպետը կեղծել է իր կենսագրությունը» վերտառությամբ հոդվածով բացահայտել էր, որ Վահե Հակոբյանը կեղծել է 2002-2011թթ-ին իր աշխատանքային գործունեությունը՝ ներակայանալով որպես Գլխավոր դատախազությունում ներքին անվտանգության ղեկավար։

Լքելով պետական համակարգը, 2011թ-ից հետո Վահե Հակոբյանը դառնում է միանգամից թվով 4 առևտրային կազմակերպությունների սեփականատեր, տնօրեն կամ տնօրենի խորհրդական։ Բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք եղել են արհեստածին կազմակերպություններ, այսինքն չեն զբաղվել որևէ իրական գործունեությամբ, դրանց միջոցով դուրս են գրվել մեծ աշխատավարձեր, սակայն չեն աշխատել և շահույթ չեն ստացել։ Այս գույնզգույն կազմակերպությունների գրանցումը և Վահե Հակոբյանի կողմից «տնօրինումը» պարզապես նպատակ է ունեցել 0-ից կենսագրություն հորինել այդ անհայտ ծագման կերպարի համար։ 

Նոր կենսագրությունը հորինելուց հետո Վահե Հակոբյանը ստանում է իր կյանքի ամենամեծ նվերը՝ նրա ձեռքն է հանձնվում Հայաստանի խոշորագույն կազմակերպության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» տնօրինությունը։ Նման շռայլ նվեր 150 հազար դրամ աշխատավարձ ստացող պետական համակարգի ամեն մասնագետ չէ, որ ստանում է իր կյանքում, բայց մեր «հերոսը» բացառիկ էր։

«Տարօրինակ» համընկնումով Վահե Հակոբյանի՝ կոմբինատում որպես ադմինիստրատիվ տնօրեն նշանակվելուց անմիջապես առաջ մեկնարկել էր ԶՄՊԿ-ից դրա երկարամյա ղեկավար և սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի և նրա որդու վտարման օպերացիան։ Նախ 2014թ-ին տարբեր բնույթի չարաշահումների բացահայտումից հետո ԶՄՊԿ գլխավոր տնօրենի պաշտոնը լքում է Մաքսիմ Հակոբյանը։ Ու հենց այդ պահին ԶՄՊԿ-ում «օդից» հայտնվում է Վահե Հակոբյանը և անմիջապես ստանձնում է կոմբինատի ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը։ Այս իրադարձությունից հետո երկու տարի տևած հետևողական ճնշումների և խորհրդավոր միջադեպերի ուղեկցությամբ 2016թ-ին Մաքսիմ Հակոբյանը և նրա որդին ստիպված են լինում վաճառել կոմբինատում իրենց ունեցած մասնաբաժինները։ Ինչ-որ զվարճալի պատահականությամբ այդ մասնաբաժինների սեփականատերեր են դառնում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի գրպանային գործարարները՝ նրա սրճարանների աշխատողներն ու բիզնես կառավարիչները։

Ահա այս կոմբինացիան խաղարկելուց հետո գալիս է պղպջակային կերպար Վահե Հակոբյանի աստեղային ժամը՝ 2016թ-ին նա նշանակվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ՝ մի քանի միլիոնանոց աշխատավարձ, ուղղաթիռ, ավտոմեքենաներ, հսկայական հարստություն կազմող թանկարժեք իրեր, առանձնատուն Իսպանիայում և այլ շքեղություններ ու արտոնություններ։ Ավելի ուշ Վահե Հակոբյանը և իր եղբայր Կարեն Հակոբյանը մինչև իսկ դառնում են կոմբինատի իրական սեփականատերեր զգալի բաժնեմասերով, իսկ վերջինս սույն օպերացիայի ընթացքում 2016-ից նաև նշանակվում է «Մաքուր Երկաթ» գործարանի գլխավոր տնօրենի պաշտոնում։ Սա էլ բավական չէր, նույն 2016 թվականին Վահե Հակոբյանին մատուցվում է նաև Սյունիքի մարզպետի պաշտոնը։

Ո՞վ էր դատախազությունում հասարակ ֆինանսական մասնագետի հաստիքով աշխատող Վահե Հակոբյանը, ի՞նչ ֆանտաստիկ ունակությունների տեր էր այս անձը, որ կարողացավ ոչնչից դառնալ Հայաստանի ամենամեծ ձեռնարկության սեփականատերերից, կառավարիչներից մեկը և միևնույն ժամանակ ստանձնել Սյունիքի մարզպետի պաշտոնը։

Այս հարցի պատասխանը թաքնված է առաջին հայացքից մի անմեղ կեղծիքի տակ, որն արել էր Վահե Հակոբյանն իր պաշտոնական կենսագրությունում։ Սյունիքի մարզպետարանի կայքում ներկայացված կենսագրությունում Վահե Հակոբյանը թաքցրել էր իր 5 տարվա աշխատանքային գործունեությունը և դա փորձել էր քողարկել զանազան անհասկանալի ծագմամբ կազմակերպություններում իրեն պաշտոններ վերագրելով։ Ի՞նչ էր փորձել թաքցնել այդ փաստը քողարկելով։ Բանն այն է, որ 2011-2016 թվականներին Վահե Հակոբյանը որպես մասնագետ գրանցված է եղել ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հենց այս հանգամանքն է բացահայտում Վահե Հակոբյանի ուղղակի կապը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ, ում գրպանային գործարարներն ինչ-որ պատահական համընկնումով դարձել էին ԶՄՊԿ սեփականատեր նույն ժամանակահատվածում, ինչ Վահե Հակոբյանին տեղավորել էին կոմբինատում որպես տնօրեն։

Ինչպես հայտնի է՝ նշված ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը Միքայել Մինասյանի աջ ձեռքն է՝ նրա մեդիապորտֆեյլի կառավարիչը։ Մեզ հասած տեղեկություններով՝ Վահե Հակոբյանը և ԶՄՊԿ տնօրենի տեղակալ ու բաժնետեր Նարեկ Ամբարյանը վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանի մոտ ընկերներն են, և մտերմացել են դեռ 2000-ականներից, երբ Սաղաթելյանը արդարադատության նախարարի մամուլի քարտուղարն էր, իսկ իրենք գլխավոր դատախազության աշխատակիցներ։ Ապագա օպերացիաներում ներդրվելու համար Վահե Հակոբյանը չափազանց համեստ և անպիտան կենսագրություն ուներ և կարիք կար այն ուռճացնելու։ Այդ նպատակով Վահե Հակոբյանին գրանցում են Սաղաթելյանի ղեկավարած ՊՈԱԿ-ում՝ իբրև նախագահի աշխատակազմի աշխատակից, ինչպես նաև նրա սեփականությամբ զանազան անուններով հանքարդյունաբերության ոլորտի հետ ասոցացվող կազմակերպություններ են հիմնվում, որոնց իրական գործունեությունից որևէ փաստ հայտնի չէ։

Երբ գալիս է Մաքսիմ Հակոբյանից ԶՄՊԿ տնօրինությունը և սեփականությունն իրենով անելու օպերացիայի ժամը, Միքայել Մինասյանը խաղի մեջ մտցնում է իր գրպանային գործարարներին՝ այդ թվում և Վահե Հակոբյանին՝ սկզբից որպես կոմբինատի ադմինիստրատիվ տնօրեն, հետո որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, իսկ վերջում՝ որպես սեփականատեր և խորհրդի անդամ։ Ահա այսպիսի խորամանկ կոմբինացիայով Միքայել Մինասյանը մոխրոտից կերտում է մեզ արդեն հայտնի Վահե Հակոբյանին՝ ձեռքի հետ դասավորելով սեփական հարստությունը և սեփականությունը մեծացնելու գործերը։

Բացի սեփական կենսագրությունը կեղծելուց և այլ սուբյեկտների համար պրոքսի-օլիգարխ ծառայելուց, Վահե Հակոբյանն այս ընթացքում հասցրել է հայտնվել մի շարք սկանդալներում և քրեական գործերի շրջանակում։ Մարզպետի պաշտոնը զբաղեցրած ժամանակահատվածում նա գրեթե չի մասնակցել մարզի կառավարման աշխատանքներին, ինչի մասին անգամ բարձրաձայնել են մարզի համայնքների ղեկավարները, 2017-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում տևական ժամանակ չի հաճախել աշխատանքի, սակայն շարունակել է աշխատավարձ ստանալ, ինչի առթիվ ավելի ուշ նույնիսկ քրեական գործ է հարուցվել։ Չնայած նման անպատասխանատու վարքագծին՝ Վահե Հակոբյանն օգտվել է Հայաստանում հասու բոլոր շռայլություններից և արտոնություններից, օրինակ՝ Երևանից Սյունիք ուղևորվել է հիմնականում ուղղաթիռներով և ինքնաթիռով։ Իր կարճ պաշտոնավարման ընթացքում Վահե Հակոբյանի անունը շրջանառվել է Սյունիքի մարզում կադրային ջարդ իրականացնելու, բնապահպաններին վարկաբեկող նյութեր պատվիրելու և իրեն քննադատող «Սյունյաց երկիր» թերթի ավտոմեքենան հրկիզելու գործում։

«Մակաբույծ» ֆիլմի սցենարի նմանությամբ՝ Վահե Հակոբյանը, վերը նկարագրված մեխանիզմով դառնալով ԶՄՊԿ հսկայական ունեցվածքի տեր և կառավարիչ, սկսում է թաքցնել պետությանը վճարվող հարկերը՝ փոխարենն այդ կառույցի միջոցների հաշվին պարբերաբար մեծ գումարներով ֆինանսավորում է իր կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի պիցցայի բիզնեսները և հասարակական գործունեությունը՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն, որը հայտնի է PARA TV հեռուստաընկերության գործունեությամբ։

2018թ-ի իրադարձությունները որոշակի խաթարում են Մինասյանի պլանները, ինչի հետևանքով փոփոխություններ են տեղի ունենում ԶՄՊԿ բաժնետերերի ցանկում, ընկերությունում մասնաբաժին է ձեռք բերում Արթուր Վանեցյանի եղբոր հետ առնչություն ունեցող մի օֆշորային կազմակերպություն, մեծանում է Հակոբյան եղբայրների մասնաբաժինը և այլն։

Այսպիսով, ի վերջո, ակնհայտ է, որ Վահե Հակոբյան մեծ կոմբինատորը 0֊ից աճեցվել, հարստացվել և առաջին պլան է մղվել Միքայել Մինասյանի կողմից, սակայն հարց է առաջանում` ինչու՞ ներկա փուլում նա չի ներդրվել ՀՀԿ-Հայրենիք դաշինքում և չի սպասարկում Սերժ Սարգսյանի քաղաքական կարիքները։ Սա 2021թ֊ի արտահերթ ընտրությունների, թերևս, ամենամութ կետն է։

Գաղտնիքն իրականում թաքնված է պարզ քաղաքական հաշվարկի մեջ։ Եթե Վահե Հակոբյանը ներդրվեր ՀՀԿ-Հայրենիք դաշինքում, ապա դա ընտրություններում կտար չնչին էֆֆեկտ` առավելագույնը 1% ձայն կամ 1-2 մանդատ խորհրդարանում։ Մինչդեռ ներդրվելով Ռոբերտ Քոչարյանի դաշինքում, «Վահե Հակոբյան» պրոյեկտը տալու է շատ ավելի մեծ էֆեկտ, քանի որ միանշանակ կանխատեսելի է` Քոչարյանի գլխավորած դաշինքը հավաքելու է ավելի շատ ձայն և ստանալու է ավելի շատ մանդատ, քան Սարգսյանի կազմած դաշինքը։

Հետևաբար ապագա խորհրդարանում Վահե Հակոբյանի կողմից քոչարյանական խմբակցությունում ներդրված կլինեն ավելի մեծ թվով պատգամավորներ, քան դա կլիներ Սարգսյանի դաշինքով մասնակցելու դեպքում։

«Վահե Հակոբյան» պրոյեկտը Տրոյական ձի է, որի նպատակն ապագայում ինչ-որ x պահին Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունից մեծ թվով պատգամավորներ պոկելը և նրան թուլացնելն է՝ Քոչարյանին լիովին վերահսկելի դարձնելով։ Ի վերջո, չմոռանանք, որ 2008 թ Մարտի 1-ից հետո ՀՀԿ-ն ու Մինասյանի լրատվամիջոցները Քոչարյանին դարձրին միակ մեղավոր՝ խեղդելով իշխանության վերադառնալու նրա նկրտումները և պահանջները։ Իսկ հիմա Միքայել Մինասյանին ու Սերժ Սարգսյանին առավել քան անհրաժեշտ է Քոչարյանին սանձելու, իսկ նպատակահարմար պահին՝ «պայթեցնելու» գործիք ունենալ։ 

Այսօր Քոչարյանն այլևս ի վիճակի չէ հրաժարվել Հակոբյանի հետ դաշինքից, քանի որ դրանով կջախջախի իր վարկանիշը։ Իսկ Հակոբյանն էլ անխոս պարտավոր է պարել Միքայել Մինասյանի սրինգի տակ, ով կերտել է իր իմիջը, ում հսկայական ֆինանսներն են ներդրված իր մեջ։

Քոչարյանի դաշինքում ականն այլևս գործարկված է։

Civic.am 29․05․2021 թ