Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պետք է կտրուկ, հատուկ միջոցներով գլխատեն ու մեկուսացնեն այդ բանդաներին հասարակությունից»

«Պետք է կտրուկ, հատուկ միջոցներով  գլխատեն ու մեկուսացնեն այդ բանդաներին հասարակությունից»
Քաղաքականություն
19:43, 22 апрель 2021
«Ալիևի վերջին հայտարարությունների և Սյունիքի դեպքերի միջև կարծես թե ուղիղ կապ կա։ Այս համընկնումը պատահական չէ։ Պատահական չէ նաև երեկ կառավարական առանձնատան մոտ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը։ Այս ամենը ինձ թույլ է տալիս ենթադրել, որ հավանաբար ներքին կոնսոլիդացիա ունեն իրար հետ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին բավարարում է Ադրբեջանի ազգային, պատմական ու ապագա շահերին։ «Մենք կիրագործենք Զանգեզուրի միջանցքի ծրագիրն անկախ նրանից` կուզի դա Հայաստանը, թե ոչ։ Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ։ Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար։ Այսպիսով` 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր», - ասել է Ալիևը։

Շիրինյանի խոսքով՝ այն, որ Սյունիքի գործողությունները Ալիևի այս հայտարարությունից հետո կազմակերպված էին, դա միանշանակ է, և հատուկ ծառայությունները պետք է պարզեն դա։ «Ես եղել եմ Սյունիքում երեք օր։ Եղել եմ Ագարակում, Նռնաձորում, Կապանում, այլ համայնքներում և մի բան եմ հասկացել, որ ժողովուրդը վարչապետի հետ է և թքած ունի նման ակցիաների վրա։   Ինչ է նշանակում' վեր կենալ ու հարցնել՝ ինչու է վարապետը գնացել Սյունիք։ Ուրեմն երկրի ղեկավարը պետք է մի քոսոտ քաղաքապետից կամ գյուղապետից հարցներ՝ գնա՞, թե ո՞չ։ Սա ինչ խայտառակություն է։ Նրանք մի բան են ուզում անել՝ հասնել նրա, որ ընտրություններ չլինեն, երկրում վիճակը ապակայունանա, բայց իշխանությունը օրենքի երկաթյա ուժով պետք է կարգուկանոն  հաստատի։ Հակառակ դեպքում անթույլատրելի վիճակ է։ Երեկվա կատարվածն ապստամբության գործողություն էր երկրի իշխանության դեմ» ,-ընդգծեց Շիրինյանը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով' վարչապետի Սյունիք կատարած այցը պատահական չէր։ Այն նախատեսվել էր հենց Ալիևի հայտարարությունների ֆոնին՝ ընդ որում շատ լավ իմանալով այդտեղ տիրող մթնոլորտը։ «Ալիևի հայտարարությունների ու Սյունիքում քրեական խմբերի կողմից կազմակերպված գործողությունների միջև ներքին օրգանական կապն ակնհայտ է։ Մեկն' ուղղված նրան, որ Հայաստանում ապակայունացվի վիճակը դրսից, մյուսը՝ ապակայունացնեն ներսից։ Ալիևի այդ  հայտարարությունն իրոք որ խիստ մտահոգիչ է։ Դա խելքը գցած մի աննորմալի հայտարարութուն չէ, դրան շատ լուրջ պետք է վերաբերել։ Իզուր չէր, որ այդ հայտարարութունների ֆոնին վարչապետ Փաշինյանը որոշում ընդունեց այցելել Սյունիք՝ շատ լավ իմանալով, թե այդտեղի հասարակությունը ինչ մեծ չափաբաժին դեզինֆորմացիայի զոհ է։ Եվ այո, այդ կազմակերպված քրեական խմբերը որոշեցին դրա վրա  խաղ խաղալ ինչը նրանց  մասամբ հաջողվեց»,-ասաց Մեհրաբյանը՝ հավելելով, որ դա նրանց հաջողվեց միայն աղմուկի, բայց ոչ արդյունքի տեսանկյունից։ 

Քաղաքագետն ընդգծեց, որ պետության ներքին  անվտանգությամբ զբաղվող բոլոր մարմինները պետք է լինեն գերմոբիլիզացված վիճակում և «կտրուկ, հատու միջոցներով  գլխատեն ու մեկուսացնեն այդ բանդաներին հասարակությունից»։