Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան կարող է ԱԺ-ի և Սենատի ընդունած բանաձևերն օգտագործել որպես ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ․ եթե Ադրբեջանը կառուցողական դաշտ չգա, արդեն կառավարության մակարդակով ընդունել դրանք․ թուրքագետ

Ֆրանսիան կարող է ԱԺ-ի և Սենատի ընդունած բանաձևերն օգտագործել որպես ճնշման գործիք Ադրբեջանի նկատմամբ․ եթե Ադրբեջանը կառուցողական դաշտ չգա, արդեն կառավարության մակարդակով ընդունել դրանք․ թուրքագետ
Քաղաքականություն / Հայաստան
20:45, 01 декабрь 2022
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն բանաձև ընդունեց, որով առաջարկվում էր  Ադրբեջանի նկատմամբ անհատական պատժամիջոցներ կիրառել։ Բացի այդ, Ֆրանսիայի Ազգային ժողովը կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել և հայրենիք վերադարձնել հայ ռազմագերիներին։ Նաև կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով։ 
 
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ համանման բանաձև էր ընդունել նաև ֆրանսիայի օրենսդիր մարմնի Վերին պալատը՝ Սենատը։

Ընդունված բանաձևերը մեծ ոգևորություն են առաջացրել հայ հասարակության շրջանում։ Քննարկումներ կան նաև դրանց հնարավոր հետևանքների մասին։ Բացի հնարավոր դրական հետևանքներից, խոսք է գնում նաև բացասականի մասին։ Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանը հրաժարվեց դեկտեմբերի 7-ին կայանալիք Փաշինյան-Միշել-Մակրոն-Ալիև հանդիպումից՝ պատճառաբանելով, որ չեն ցանկանում, որ Մակրոնը ներկա գտնվի հանդիպմանը, քանի որ Ֆրանսիան, ըստ ադրբեջանական կողմի, ունի ակնհայտ հայամետ դիրքավորում։ Սա կարող է վտանգել Ֆրանսիայի միջնորդական հնարավորությունները, և զրկել վերջինիս այդ կարգավիճակից։
 
Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդունված բանաձևերի գործնական կողմերին նշեց, որ դրանք գործնական որևէ լուրջ նշանակություն  այս պահին չունեն։ «Դրանք կոչեր են Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից՝ ուղղված Ֆրանսիայի կառավարությանը, պաշտպանական ոլորտում համագործակցության, անհատական պատժամիջոցների մասին, որոնք ընդամենը կոչեր են և իմպերատիվ բնույթ չունեն։ Դա չի նշանակում, որ ընդունված բանաձևերի բովանդակությունը արտացոլում է նաև կառավարության տեսակետը», - ասաց Հովհաննիսյանը։
 
Սա, ըստ թուրքագետի, հնարավոր է նյութականացնել, եթե Մակրոնի կառավարությունը ցանկանա։ Այդ դեպքում Մակրոնի վարչակազմը, հիմք ունենալով օրենսդիր մարմնի երկու պալատների կողմից գրեթե միաձայն  ընդունված բանաձևերը, կարող է հստակ քայլերի գնալ։ Այլ հարց է, թե Մակրոնի կառավարությունը կգնա՞ այդ քայլին, թե՝ ոչ։
 
Ինչպե՞ս կարող է սա նյութականացնել հայկական կողմը, եթե դա չանի Մակրոնի կառավարությունը։ Ըստ Հովհաննիսյանի, ցանկացած բանաձևի վրա հղում անելով կարելի է ցանկացած հարթակում օգտագործել։ «Չեմ նվազեցնում  կարևորությունը և չեմ ասում, թե սրանք անկարևոր բանաձևեր են, բայց սա չի նշանակում, որ Ֆրանսիան կիրառելու է այդ պատժամիջոցները։ Կառավարությունը կարող է ընդունել այդ բանաձևերը, կարող է՝ չընդունել և նշել, որ սա այս պահին իրենց քաղաքականությունից չի բխում։ Մյուս կողմից՝ Ֆրանսիան սա օգտագործելու է որպես ճնշումային գործիք Ադրբեջանի վրա, ինչու ոչ նաև թուրք-ֆրանսիական հարաբերություններում՝ որոշակի խնդիրներ իր համար կարգավորելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններում, ապա կարող է օգտագործել որպես գործիք, ռեալ սպառնալիք իր՝ բանակցային սեղան վերադառնալու համար»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը։
 
Ինչ վերաբերում է  նրան, թե արդյոք այս բանձևերի ընդունումը լրացուցիչ գործիք չէ Ադրբեջանի ձեռքում, և Ֆրանսիային դուրս չի՞ թողնի բանակցային գործընթացից, Տարոն Հովհաննիսյանն ասաց․ «Ոչ, որովհետև սա արձանագրում է արդեն այն իրավիճակը, որը կար։  Ադրբեջանը վաղուց է պնդում, որ Ֆրանսիան չպետք է լինի բանակցային գործընթացի միջնորդ կողմ և դրա դեմ ուղղված գործողություններ է արել։ Ադրբեջանը շատ դժվարությամբ էր համաձայնել հոկտեմբերի այդ հանդիպմանը, որին Մակրոնը ևս ներկա էր։ Փորձում էին նաև կանխարգելել ռազմական հնարավոր համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև։ Եվ այո՛, Ֆրանսիան մի քանի գործոնի է հղում կատարում, խուսափելով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությունից՝ զենքի վաճառք, պատրաստություն, մարզում և այլն։ Եվ դրանցից մեկը  մշտապես եղել է բանակցային գործընթացում միջնորդ լինելը, միջնորդական ջանքերը չխափանելը և այլն։ Սա ոչ թե լրացուցիչ գործիք է Ադրբեջանի, այլ՝ Ֆրանսիայի ձեռքին։ Իհարկե Ադրբեջանը միշտ կարող հայտարարել, թե ա՛յ այսպիսի բանաձևեր են ընդունել և այլն, բայց ցանկացած պարագայում Ֆրանսիան կարող է ասել, որ ես ժողովրդավարական երկիր եմ, սա իմ օրենսդիր մարմնի կարծիքն է, բայց մյուս կողմից՝ դա օգտագործել որպես ճնշման գործիք  Ադրբեջանի նկատմամբ՝ սպառնալով, որ եթե Ադրբեջանը, օրինակ, կառուցողական դաշտ չգա, ապա իրենք կառավարության մակարդակով կարող են ընդունել այդ խորհրդատվական որոշումները և պատժամիջոցներ կիրառել»։ 
 
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին մեկնաբանել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը շուտով ավարտելու է դիվանագիտական իր առաքելությունը Հայաստանում ու Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու է, նշելով. «Մենք մի քանի շատ կարևոր բանակցություններ ենք վարում նրա վերաբերյալ, թե ինչպես մենք կարող ենք օգնել Հայաստանին, որը, իմ կարծիքով, շարունակում է ձգտել ավելի ժողովրդավարական և ապահով ապագա։ Կան նաև բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որոնցում Ռուսաստանը դեր է խաղում, և որոնց մենք պետք է ուշադրություն դարձնենք», - ասել էր Թրեյսին։ 

Արդյոք ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քայլերը, հայտարարությունները փոխհամաձայնեցվա՞ծ են։ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով Լին Թրեյսիի այս հայտարարությունը քիչ կապ ունի արցախյան հակամարտության կամ   հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Դա ավելի շատ իր մեջ հումանիտար բաղադրիչ է պարունակում, և սա բխեցված է  ոչ այնքան Հայաստանի շահերից, այլ՝ ՌԴ-ի հետ հակամարտության շրջանակներում արված հայտարարություն է։ «Հստակ երևում է ԱՄՆ-ի ցանկությունը՝ ներգրավվել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, բայց դա նշանակու՞մ է ներգրավվել Հայաստանի կողմից կամ  պաշտպանել Հայաստանի շահե՞րը։ Ո՛չ, նման բան չի ասվել։ Ամենևին չի նշանակում, որ պարտադիր պետք է լինի գործընթաց մեր օգտին։ Կարող է հակառակն էլ լինել։ Միացյալ Նահանգները, իհարկե, շատ լուրջ հետաքրքրվածություն ունի մեր տարածաշրջանում իր ներկայությունը պահպանելու, ուժեղացնելու, բայց ոչ այնքան առաջնահերթ հետաքրքրվածություն, որ ինքն ունենա ռազմական ներկայացվածություն։ Տարածաշրջանում ներգրավվածության մեծացում, իրենց լծակների օգտագործում՝ այդ թվում Թուրքիայի նկատմամբ  ունեցած լծակների միջոցով Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ լծակների գործադրում, այո՛, իրենք կարող են  և իրենց շահերից բխելով, ինչ-որ իրավիճակում, կարող է իրականացնեն, բայց ռազմական բաղադրիչով ներկայացվածություն՝ քիչ հավանական եմ համարում», - ասաց Հովհաննիսյանը։ 
 
Կա՞ն հակասություններ բրյուսելյան և վաշինգտոնյան հարթակների միջև հարցին անդրադառնալով, Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ որոշակի համաձայնեցման գործընթացներ կան, եթե խոսքը Եվրամիության   հարթակի և Վաշինգտոնի մասին է, իսկ Ֆրանսիայի դեպքում, ըստ Հովհաննիսյանի, Մակրոնը փորձում է այստեղ ավելի ինքնուրույն խաղալ։ «Իսկ եթե խոսքը Շառլ Միշելի ու Միացյալ նահանգների մասին է, ապա որոշակի քննարկումներ, համաձայնություն, այսպես թե այնպես, լինում է։ Բայց շատ բաներ էլ, որոնք կողքից   կարող են թվալ համաձայնեցված, ուղղակի համատեղ  ու համընկնող շահերից է բխում՝ նույն Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը կամ Թուրքիայի դեմ քաղաքականությունը։ Ասյինքն՝ այդ հատումը բխում է իրենց բնական շահերից։ Կլինեն նաև կետեր, որտեղ կարող են ունենալ հակասություններ, որովհետև Եվրամիությունը շահագրգռված է գազային գործարքներով Ադրբեջանի հետ, իսկ ԱՄՆ-ի համար սա առաջնային գործոն չէ Ֆրանսիայի և Եվրամիության քաղաքականության տարբերությունը կարող է նաև սրանով բացատրվել, որովհետև Ֆրանսիան, որպես առանձին երկիր, կախված չէ ադրբեջանական գազից, բայց Եվրամիության շատ երկրներ, օրինակ, Իտալիան, Գերմանիան, այս առումով իրենք ավելի առաջնային հետաքրքրվածություն ունեն։ Նաև Ֆրանսիայի քաղաքականությունը տարբեր է Թուրքիայի հետ իր խնդիրներով պայմանավորված։ Այստեղ չենք կարող ասել, որ ամբողջությամբ միասնական համաձայնեցված քաղաքականություն են վարում, բայց շատ հատվածներում իրենք բնականորեն ունեն շահերի հատում ու այդ հատվածներում իրար հետ համագործակցում են», - ասաց Տարոն Հովհաննիսյանը։ 
 
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ ադրբեջանական կողմի պատրաստակամության մասին՝ ապահովելու Ղարաբաղի հայերի իրավունքները, Հովհաննիսյանն այն մանիպուլյատիվ որակեց։ Լավրովը իր հայտարության մեջ նշել էր․ «Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկել ղարաբաղի հայերին անվտանգության երաշխիքներ տալ՝ կապված այն իրավունքների հետ, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։
Ըստ Հովհաննիսյանի, Լավրովը փորձել է չեզոք ձևակերպել իր միտքը, որպեսզի տպավորություն ստեղծի, որ սա ոչ թե իր, այլ՝ ադրբեջանական կողմի դիրքորոշումն է և սա, ըստ թուրքագետի, դասական մանիպուլյացիա է։ «Մյուս մանիպուլյացիան, դա ռուսական առաջարկի վերաբերյալ Ադրբեջանի վերաբերմունքն էր, որտեղ փաստացի, Լավրովը դրական տոնով է սկսում Ադրբեջանի պատասխանը նկարագրելը, այսինքն՝ իբր Ադրբեջանը գրեթե  ամբողջությամբ՝ 90 տոկոսով համաձայն էր մեր տարբերակին, ուղղակի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով առաջարկում են դեռ աշխատում շտկումներ կատարել։ Տեսեք, երբ այս հայտարարությունը այսպես է ձևակերպվում, ստացվում է , որ իրենք գրեթե համաձայն էին, չնայած մինչ այդ, որպես խնդիր, Լավրովը խոսում էր կարգավիճակի մասին։ Եթե կարգավիճակը հիմնական խնդիր է ու Ադրբեջանը այդ մասով չի համաձայնում, ապա Լավրովը պետք է հայտարարեր, որ Ադրբեջանը չհամաձայնեց, մերժեց, ոչ թե՝ 90 տոկոսով համաձայն է, բայց ա՛յ այս մասով դեռ պետք է քննարկել։ Սա նշանակում է, որ կարգավիճակի  հարցը այդքան էլ կարևոր չէր, եթե 90 տոկոսի մեջ չէր մտնում Արցախի կարգավիճակի հարցը։ Այսինքն, այստեղ էլ գործ ունենք որոշակի մանիպուլյացիայի հետ, որտեղ Լավրովը չուզեց ընդգծել, որ Ադրբեջանը մերժել է ռուսական առաջարկը։ Իրենք փաստացի չեն կարող Ադրբեջանին ստիպել համաձայնել իրենց առաջարկին և Ռուսաստանն էլ չի ընդունում, չի հայտարարում, որ չի կարող առաջ տանել իր առաջարկը», - ասաց Հովհաննիսյանը։
Լավրովի հայտարարությունը, ըստ թուրքագետի նշանակում է, որ հնարավոր է իրավիճակ, որ պետք է ԼՂ հարցը լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում՝ ապահովելով ԼՂ ժողովրդի անվտանգությունը, մյուս կողմից էլ Ռուսաստանը հետաքրքրված է  Արցախում իր խաղաղապահներին պահելով, և սա կարող է լինել ինչ-որ իրավիճակային լուծում ՌԴ-ի համար, որտեղ փորձում են ցույց չտալ իրենց թուլությունը, հետևաբար պետք է ամեն ինչ բարդել այլ կողմերի՝ հայկական կողմի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների վրա։ «Հիմա ՌԴ-ն հղում է կատարում Պրահայի վրա, թե, իբր, Պրահայում արդեն համաձայնել են, գնացել ստորագրել են և այլն։ Իսկ նախկինում, իրենք իրենց տարբերակը առաջ կտանեին, Պրահան երբեք հիմք չէին ընդունի Մոսկվայում կամ Սոչիում ընթացող բանակցություներում», - եզրափակեց Տարոն Հովհաննիսյանը։ 
 
Վովա Հակոբյան