Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձախողելով պաշտոնյաներին «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» լոզունգը հնչեցնել ստիպելու գործում՝ ընդդիմությունը այն բերել էր ԱԺ. Թադևոս Ավետիսյանի բացահայտումը

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ արտահերթ նիստ, որը հրավիրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Նիստում քննարկվեց ընդդիմության հեղինակած Արցախի վերաբերյալ հայտարարության նախագիծը, որը մշակվել էր ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի նոյեմբեր ամսին արված հայտարարության՝ նշելով, որ Միլի Մեջլիսն արդարացրել է 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները և հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով։
 
«Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ ըստ իրենց՝ սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Ադրբեջանի խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ խոսվել է ուլտիմատումների և շանտաժի լեզվով, Հայաստանին ներկայացվել են անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ, կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, կրկին խոսվել է միջանցքի մասին և այլն։

Կառավարող մեծամասնությունը և ընդդիմությունը նախօրոք քննարկել էին ընդդիմության բերած հայտարարությունը, որոշ փոփոխություններ իրականացրել, սակայն վերջնական համաձայնության չէին եկել սկզբունքային համարվող մի քանի կետերի վերաբերյալ։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կառավարող ուժի ներկայացուցիչ Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգի առաջխաղացմանը, և իրենք, որպես ՀՀ պատասխանատու իշխանություն, չեն կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր։ Աղաջանյանն ասաց, որ իրենց գերնպատակը Հայաստանի քաղաքական, դիվանագիտական մեկուսացման  անիվը շրջելն է  և ապահովելը միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ, իսկ դա ապահովելու համար պետք է նվազագույնը խոսել այնպիսի բառապաշարով, որոնք ընկալելի, հասկանալի և ընդունելի կլինեն միջազգային հանրության համար։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այս նախագիծը բերելու հիմնավորվածությունն այն է, որ Ազգային ժողովն ունենար քվեարկված հայտարարություն՝ ի պատասխան Ադրբեջանի  խորհրդարանի ընդունած հայտարարության, ապա ներկայացրեց այն աշխատանքը, որն արել էին հայտարարության վրա՝ մինչև այն նիստին ներկայացնելը։ 

Մարիա Կարապետյանը իր ելույթում դրական գնահատեց լիագումար նիստին նախորդած քննարկումը ընդդիմության հետ և նշեց, որ ընդդիմության ներկայացրած հայտարարության մեջ իրենց համար կան ընդունելի արտաքին քաղաքական ձևակերպումներ, և չկան ներքաղաքական անընդունելի ձևակերպումներ, և կարևոր քայլ կլիներ այն համատեղ ընդունելը, սակայն այդ փորձը ձախողվում է, և մատնանշեց, թե ինչու: 

Երկրորդ կարևոր տարբերությունը կառավարող ուժի և ընդդիմության միջև, ըստ Կարապետյանի, բանակցություններում Հայաստանի դերի մասին է։ Կառավարող ուժի մոտեցումն այն է, որ Հայաստանը հանձնառու է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության օրակարգի սպասարկման հարցում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դարձնել գրավի առարկա բանակցություններում։ 

Թադևոս Ավետիսյանը իր ելույթում բացահայտեց ընդդիմության բերած հայտարարության բուն նպատակը՝ հարց ուղղելով Էդուարդ Աղաջանյանին, թե ի՞նչ կլինի, եթե իշխանությունը հայտարարի, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Ընդդիմությունը, այս հայտարարությունը ընդունելով, փորձում էր ոչ թե ուժեղացնել Հայաստանի դիրքերը, պատասխանել Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությանը, այլ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» լոզունգ դարձած արտահայտությունը բերել խորհրդարան և այն ընդունել տալ։ Հաջողության չհասնելով Կառավարության տարբեր անդամներին այդ լոզունգը հնչեցնել ստիպելու գործում՝ փորձել են այն բերել Ազգային ժողով և այստեղ այն անցկացնել՝ ուղղակի անցկացնելու համար։

Ի վերջո, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չմասնակցեց քվեարկությանը՝ 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով որոշումը չընդունվեց։

Վովա Հակոբյան