Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի տեղ մի խնդիր կա, որ անընդհատ այս պրոբլեմներն առաջանում են՝ հանձնարարված աշխատանքը չի կատարվում․ Քրիստինե Պողոսյանը՝ փոխոստիկանապետին

Մի տեղ մի խնդիր կա, որ անընդհատ այս պրոբլեմներն առաջանում են՝ հանձնարարված աշխատանքը չի կատարվում․ Քրիստինե Պողոսյանը՝ փոխոստիկանապետին
Քաղաքականություն / Հայաստան
20:30, 02 декабрь 2022
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեցին «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, և  «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։

Քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դիմելով նախագծերի հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանին, ասաց, որ քանի ամիս է՝ իրենց մարդիկ են դիմում, որ չեն կարողանում ստանալ վարորդական իրավունքի վկայական։

«Մարդն արտերկրից գալիս է այստեղ, որ իր վարորդական իրավունքը թարմացնի գնա, պարզվում է՝ մենք քարտ չունենք, ID-ի համար են դիմում՝ քարտ չունենք, որովհետև գնումները ճիշտ չեն կազմակերպել։ Հիմա հարազատաբար և գործընկերաբար եմ ասում. մի տեղ մի խնդիր կա, որ անընդհատ այս պրոբլեմներն առաջանում են՝ հանձնարարված աշխատանքը չի կատարվում։ Գիտեմ, որ Ձեզնից կախված չի, Դուք եք եկել, Ձեզ եմ ասում»,- ասաց պատգամավորը։

 Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, որ իրենք սկսել էին հիմնարար փոփոխությունները, և այն ժամանակ ծանրաբեռնվածությունն այդքան մեծ չէր։
 
«Ինչո՞ւ մենք հետ մնացինք և պատրաստ չէինք։ Գուցե հիմա պլանավորենք, որպեսզի այդպիսի հարցադրումներ չլինեն։ Այնուամենայնիվ, մեր անձնագրերի և վիզաների համակարգն աշխատում է այս ծանրաբեռնվածությամբ, բայց մի անգամ էլ նկատեցինք, որ անձնագրերի դեֆիցիտի խնդրի առաջ կանգնեցինք։ Հիմա այս փոփոխությունները այդ խնդիրը կլուծի։ Պարոն Ֆիդանյան, այստեղ երբ որ ասում ենք՝ մեղավորներ, մենք չենք ուզում մեղավորների փնտրտուքով զբաղվել։ Փառք Աստծո, մեր հանձնաժողովի, գլխադասային հանձնաժողովի և գործադիր մարմնի մեր ոլորտային գործընկերների հետ գիտեք, թե ինչպիսի համակցված, համագործակցության ինչպիսի լավ ավանդույթներ են ստեղծվել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։  

Այնուհետև նա նշեց, որ, երեք տարի առաջ՝ բյուջեի քննարկման ժամանակ, որն «անցնում էր բավականին բարդ իրավիճակում՝ հակասություններով, խանդի հողի վրա, նեղանալով», բայց այնուամենայնիվ իրենք գնացին դրան և գիտակցում էին, որ այդ գործիքակազմը պետք է ունենա նաև ոստիկանությունը։ 

 «Բայց երեկվա դրությամբ ինձ մոտ համոզմունք չկա, որ բյուջեով նախատեսված գումար կա, ասացիք՝ տենդեր է հայտարարված, բայց ես չեմ տեսնում այդ տողը՝ ինչքա՞ն գումար է հատկացված, տենդերը հայտարարվա՞ծ է, ո՞վ է մասնակցում։ Պարոն Ֆիդանյան, խնդրում եմ նշեք, եթե չեք ուզում հիմա պատասխանեք, մի պատասխանեք, բայց  նաև ասեմ, որ կառավարությունում այլ ոլորտային քննարկման ժամանակ ասվեց, որ օրենքն ընդունել ենք, բա մինչև հիմա ինչի՞ այդ օրենքը կիրառում չունի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

 Ի հավելումն, նա ասաց, որ եթե կան մեղավորներ՝ պիտի պատժվեն, բայց ինքը չի ուզում՝ պատժի ճանապարհով գնան, այլ ուզում է՝ գիտակցման ճանապարհով գնան։
 
Արձագանքելով՝ Արա Ֆիդանյանն ասաց, որ նախ կխոսի անձնագրերի ու վիզաների վարչության գործունեության հետ կապված, նշելով, որ դրանց ծավալները կրկնակի աճել են՝ նախորդ տարի մոտ երեք հազար, այս տարի՝ 15 000, ինչ վերաբերում է ծանրաբեռնվածությանը, ապա բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկել, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան արագ ծառայություն ստանալ։