Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը պետք է տնտեսական հետաքրքրություններ ձևավորի Վաշինգտոնի և Փարիզի հետ. քաղաքական դիրքավորումներում առանցքային նշանակություն ունենում են տնտեսական հետաքրքրությունները. քաղաքագետ

Հայաստանը պետք է տնտեսական հետաքրքրություններ ձևավորի Վաշինգտոնի և Փարիզի հետ. քաղաքական դիրքավորումներում առանցքային նշանակություն ունենում են տնտեսական հետաքրքրությունները. քաղաքագետ
Քաղաքականություն / Հայաստան / Աշխարհ
12:21, 03 декабрь 2022
Ինչպես հայտնի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այս օրերին պաշտոնական այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որն առաջինն էր Բայդենի վարչակազմի պաշտոնավարումից ի վեր այս և Ֆրանսիայի խոհրդարանի՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևերի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի հետ։
 
-Պարոն Բադալյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան կրկին պետք է դառնան «զենքի եղբայրներ»՝ միավորելու համար ուժերը Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում։ Ի՞նչ է սա նշանակում։

-Ընդհանրապես Մակրոնի ամերիկյան այցի առանցքային խնդիրներից մեկը, այսպես ասենք, նոր աշխարհակարգի ձևավորման այս մեծ դիմակայության գործընթացում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հստակեցնելն էր և Միացյալ Նահանգների ռազմավարությունում Ֆրանսիայի նկատմամբ վերաբերմունքի ճշգրտումը։ Այս իմաստով պետք է նկատի ունենալ այն, որ երբ Բայդենի վարչակազմը ստանձնեց իշխանությունը՝  վերաթարմացվեց Ատլանտյան խարտիան, և դա տեղի ունեցավ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա մակարդակում ու հատկանշական է, որ Ֆրանսիան, որի հետ դաշնակցային վերաբերմունքի մասին էր հայտարարում նախագահ Բայդենը նաև Մակրոնի այս այցի ընթացքում, Ֆրանսիան չկար այդ թարմացման համատեքստում, և սա, բնականաբար, արտահայտում է ընդհանրապես լայն ռազմավարական նկատառումները, որ ունեն Միացյալ Նահանգներն ու Բրիտանիան։ Այս պարագայում Մակրոնը, կարծում եմ, այցի ընթացքում իր համար առանցքային խնդիրներից մեկը դիտարկում էր հենց  սա հստակեցնելը, հասկանալը, թե, ի վերջո, ինչպիսի փոխհարաբերություններ է Վաշինգտոնը պատկերացնում   Փարիզի հետ։ «Զենքի եղբայրությունը» մեծ հաշվով, այսպես փոխաբերական իմաստով, նշանակում էր հենց դա՝ արդյոք կա՞ ընդհանուր ռամզավարություն, ընդհանուր ռազմավարական պատկերացում, թե՞ այդուհանդերձ այդ նոր ատլանտյան պատկերացումներում Ֆրանսիան պարզապես դիտվում է որպես ամերիկա-բրիտանական գործակցության ենթակա դերակատար։ 

-Բայդենն իր հերթին նշել է, որ երկու երկրներն աշխատում են, որպեսզի «ժողովրդավարությունները արդյունքի հասնեն» բազմաթիվ առանցքային հարցերում ի՞նչ առանցքային հարցերի մասին է խոսքը։

-Ըստ ամենայնի, խոսքը վերաբերում է դարձյալ ընդհանուր համակեցությանը, Եվրատլանտյան բևեռի համակեցությանը և այդ բևեռի շրջանակում փոխհարաբերությունների հստակեցմանը, ներառյալ նաև, օրինակ՝ Եվրամիություն-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների կառուցումը։ Մենք տեսանք, որ Ֆրանսիայի նախագահն իր ամերիկյան այցն սկսեց բավական կոշտ հայտարարությամբ, որը Մակրոնն արեց գնաճի զսպման ամերիկյան քաղաքականության կամ Բայդենի վարչակազմի քաղաքականության առնչությամբ և կոնգրեսականների ու ԱՄՆ բիզնես շրջանակների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը գուցե այդկերպ լուծի իր խնդիրները, բայց խնդիրներ կառաջացնի Ֆրանսիայի համար, և որ ֆրանսիայի միջին խավն էլ  է ուզում աշխատաանք և եկամուտներ։ Խոսքը վերաբերվում է նրան, որ ԱՄՆ-ը, ըստ էության, դիտարկում է սեփական արդյունաբերության սուբսիդավորում ենթադրող քաղաքականություն, և սա բավական լուրջ ռիսկեր է առաջացնում եվրոպական արդյունաբերողների համար, այդ թվում՝ Ֆրանսիայի՝ որպես ԵՄ առաջատար երկրի։ Երբ խոսվում են ընդհանուր արժեքների, ընդհանուր համակեցության մոտեցումների մասին, կարծում եմ, նկատի է առնվում նաև այս հանգամանքը, այսինքն՝ տնտեսական պատերազմի տրամաբանությամբ պետք է զարգանա իրավիճակը, թե այդուհանդերձ ԱՄՆ-ը դարձյալ Ֆրանսիան դիտարկում է իսկապես հավասար և ոչ թե ենթակա գործոն։

-Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել երկու գերտերությունների ղեկավարների հանդիպումից, որովհետև տպավորություն է, թե նույնիսկ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիան և ԱՄՆ-ը ունեն որոշակի վերապահումներ։

-Կարծում եմ Հայաստանն ուղիղ ակնկալիք այդ իմաստով չունի, այսինքն՝ չեմ կարծում, թե ամերիկա-ֆրանսիական այս բարձր մակարդակի հանդիպման օրակարգում որևէ առանցքային տեղ ունեն Հայաստանին առնչվող հարցերը, բայց, բնականաբար, երկու երկրների փոխհարաբերության ընդհանուր տրամաբանությունն իր ազդեցությունն ունենալու է նրանց ավելի լայն վարքագծի իմաստով, որի առանցքային ուղղություններից է նաև Կովկասը։ Այստեղ, սակայն, կարծում եմ այսպես անմիջական ազդեցության հեռանկարներ կամ ուրվագծեր քիչ կան և իրավիճակը, մեծ հաշվով, այն տրամաբանության շրջանակում է, որում արդեն է։ Այստեղ Հայաստանի անելիքը, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ֆրանսիայի հետ երկկողմ աշխատանքի շարունակումն է և երկկողմ աշխատանքի հնարավորինս խորացումը։ Այստեղ շատ կարևոր է, իհարկե, որ Հայաստանը կարողանա ձևավորել ընդհանուր տնտեսական հետաքրքրություններ, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի հետ, որովհետև մենք տեսնում ենք, որ մեծ հաշվով քաղաքական դիրքավորումներում առանցքային նշանակություն ունենում են տնտեսական հետաքրքրությունները և այդ տեսանկյունից ակնկալել, որ հնարավոր է քաղաքական և ռազմավարական երկխոսություն՝ առանց տնտեսական լուրջ ընդհանուր հետաքրքրությունների, թերևս, այդքան էլ իրատեսական չէ։

-Իսկ ի՞նչ կասեք Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևերի մասին, այն տեսանկյունից, որ դրանք իրենց կոշտությամբ տաբերվում են ԱՄՆ օրենսդիր մարմնի դիրքորոշումից։

-Բնականաբար, Ֆրանսիայի խորհրդարանի բանաձևերն արտահայտում են Ֆրանսիայի շահերն ու հետաքրքրությունները, և խնդիրները նույնական չեն Միացյալ Նահանգների  հետ և, ընդհանրապես, նույնական չեն մնացյալ խոշոր խաղացողների հետ։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատներն են ընդունել բանաձև, այդ բանաձևերը, կարծում եմ, գործիք են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար։ Այստեղ թիրախային ուղղությունը առերևույթ, իհարկե, Ադրբեջանն է իր ագրեսիվ գորոծողություններով, բայց, կարծում եմ, բուն խորքային թիրախային ուղղությունը առաջին հերթին Թուրքիան է և նաև Թուրքիայի հետ Ֆրանսիայի խնդիրները՝ միջերկրյածովյան տարածաշրջանում և ոչ միայն  այդ ռեգիոնում։ Եվ, իհարկե, թիրախային ուղղություններ են  Եվրոպան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը։ Այսինքն՝ սա գործիք է, խաղաքարտ ֆրանսիական ռազմավարության համատեքստում, որի կիրառումը գործադիր իշխանությունը կդիտարկի ըստ նպատակահարմարության։ Այստեղ Հայաստանը, դարձյալ կրկնեմ՝ իր հարաբերությունները Ֆրանսիայի հետ պետք է կառուցի երկկողմ շահավետության օրակարգի հիմքով։ ԵՎ մտածել, որ այդպիսի բանաձևերը միարժեքորեն  գործիք են Հայաստանի համար, սա, թերևս, կլինի գերագնահատում։ Կարևոր են քաղաքական իմաստով, բայց պետք չէ պատրանքներ ունենալ։ Պետք է դիտարկել Ֆրանսիայի այդ քաղաքականության ռազմավարության ուղղությունները, որպեսզի կարողանանք հասկանալ, թե ինչ հնարավորություններ են մեզ համար առկա և ինչ ռիսկեր կարող են նույնիսկ լինել։ Որովհետև նույն Թուրքիայի հետ Ֆրանսիայի քննարկումները կարող են ընթանալ տարբեր տրամաբանությամբ և դրանք պարունակեն թե՛ հնարավորություններ, թե՛ նաև ռիսկեր Կովկասի համար։           


Գեղամ Ադյան