Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ․ ՀՀ-ին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի․ Զաս

Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ․ ՀՀ-ին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի․ Զաս
Քաղաքականություն
19:50, 05 декабрь 2022
Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը պետք է ստորագրվի, դա կարևոր է հենց Հայաստանի համար, երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ ԽՎ նիստի ընթացքում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը․ գրում է ՏԱՍՍ-ը։
 
«Պետությունների ղեկավարների հանձնարարությամբ Հայաստանում դիտորդական առաքելություն է աշխատել՝ գլխավոր քարտուղարի և մեր կազմակերպության օպերատիվ շտաբի պետի գլխավորությամբ։ Այդ աշխատանքի արդյունքում նախապատրաստվել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների վերաբերյալ, որը դիտարկվել է Խորհրդի նոյեմբերի 23-ի նիստում։ ՀԱՊԿ պետությունների տարբեր դիրքորոշումների պատճառով հնարավոր չեղավ ընդունել այս նախագիծը։ Հուսով եմ, որ որոշակի վերանայումից հետո մենք կհասնենք այս որոշման նախագծի ստորագրմանը և այդ միջոցների ընդունմանը։ Ես վստահ եմ, որ դա անհրաժեշտ է, այդ թվում՝ Հայաստանի համար»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
 
Զասն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով, չնայած տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների տարբեր գնահատականներին, բոլոր պետությունները համամիտ են, որ ներկա պայմաններում Հայաստանը կանգնած է ռիսկերի և սպառնալիքների առաջ։ «Ուստի մշակվել է Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մի շարք՝ վեց կետ, որոնք հավանության են արժանացել բոլոր պետությունների կողմից, միջոցառումների բավականին ծանրակշիռ փաթեթ»,- պարզաբանել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
 
«Սա ներառում է լրացուցիչ քաղաքական և դիվանագիտական աշխատանք՝ ապահովելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, դիտորդական առաքելության երկարաձգումը ևս երկու ամսով, որն իր աշխատանքային խմբերը կտեղակայի սահմանի երկայնքով՝ դժվարին վայրերում, և դա մեզ թույլ կտա անհրաժեշտության դեպքում արագ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել։ Դա նաև ռազմատեխնիկական օգնության տրամադրումն է»,- ասել է Զասը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չստորագրեց  «ՀԱՊԿ ՔՊՀ-ի հռչակագիրը Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։