Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայերը կարողացան ամեն ինչ իրենց ձեռքն առնել, չեմ կարող հավատալ դրան․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը վրդովված է

Հայերը կարողացան ամեն ինչ իրենց ձեռքն առնել, չեմ կարող հավատալ դրան․ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորը վրդովված է
Քաղաքականություն
13:07, 06 декабрь 2022
«Վերջին նստաշրջանում մենք մեր վերաբերմունքն արտահայտեցինք Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած որոշման վերաբերյալ, կոշտ արձագանքեցինք քվեարկած 256 պատգամավորների ստորությանը։ Բայց մենք մոռացել ենք խոսել մեր անգործության մասին»,-հայտարարել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, հաղորդում է ադրբեջանական apa-ն։

«Այս ի՞նչ անգործություն է. խոսքը Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի և այլ երկրների մասին է։ Ինչպե՞ս կարող է լինել՝ խորհրդարանում 265 մարդ դեմ է քվեարկում Ադրբեջանին, և ոչ մի մարդ չի պաշտպանում Ադրբեջանին։ Մեր դիվանագիտական կորպուսն այնտեղ գործում է արդեն 30 տարի։ Իսկապե՞ս այս դեսպանները չունեն 1-2 ընկեր, 5-6 հոգի, որոնց հետ ծանոթացել են։ Այսինքն՝ ամեն ինչ հայերի ազդեցության տա՞կ է։ Փոքր ժողովուրդ, հայերը կարողացա՞ն ամեն ինչ իրենց ձեռքն առնել։ Չեմ կարող հավատալ դրան: Մեր խնդիրները գալիս են նրանից, որ մենք չենք կարողանում լուծել մեզ հուզող հարցերը։ Շատ հաճախ այս ոլորտում որոշ մարդիկ առաջխաղացում են ստանում ոչ կոմպետենտության պատճառով»,- նկատել է պատգամավորը։

Ֆազիլ Մուստաֆան նշել է նաև, որ պետբյուջեից գումար է հատկացվում հունվարի 20-ի «արյունալի իրադարձությունների, Խոջալուի ցեղասպանության և Ադրբեջանի մասին տեղեկատվության համար»։

«Ադրբեջանի նախագահն իր ելույթով, պահվածքով և քննարկումներով մեր երկիրը ներկայացնում է ամենաբարձր մակարդակով։ Անհատների կողմից դա անելու կարիք չկա։ Որոշ երկրներում գործող մեր դիվանագիտական կորպուսը պետք է կարողանա շփվել այդ երկրներում իրավասու անձանց հետ, մարդկանց հետ, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա։ Այնուամենայնիվ, շատերը չունեն այս ունակությունը: Նրանք պարզապես ծախսում են 5 տարին և վերադառնում: Ոչ ոք չի հարցնում. ի՞նչ ես անում այնտեղ»,-նշել է Մուստաֆան։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։