Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների` ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն․ Արթուր Ղազինյան

«Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների` ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն․ Արթուր Ղազինյան
Քաղաքականություն
16:12, 06 декабрь 2022
«Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ներքաղաքական կյանքը իր օրգանական միջավայր վերադարձնելու համար նախ պետք է արձանագրել, որ «Վերածնվող Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների ԱԺ-ից դուրս գալուց հետո «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն այլևս գոյություն չունեն:

ՀՀ ԱԺ-ում ընդդիմություն են մնացել Հայ Հեղափոխական Դաշնակցությունն ու Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, որոնք պետք է ստանձնեն ընդդիմության քաղաքական պատասխանատվությունը, իսկ ԱԺ խմբակցությունները պետք է անվանափոխել այս երկու կուսակցությունների անուններով:

Այն ընդդիմադիր պատգամավորները, որոնք չեն հանդիսանում նշված կուսակցությունների անդամներ կամ չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել նրանց քաղաքական գործունեության համար, կարող են դուրս գալ խմբակցությունից և մնալ անկախ պատգամավորներ, կամ վայր դնեն իրենց պատգամավորկան մանդատները:

Սա անհրաժեշտ է ընդդիմության ինստիտուցիոնալիզացման, ընդդիմադիր գործունեությանը քաղաքական դեմք և պատասխանատվության կոնկրետ հասցեատեր ունենալու համար:

Կլինի՞ սա, անկեղծ չգիտեմ, պետք է՞ սա պետությանը՝ միանշանակ . . .

Հ.Գ. Այս արձանագրումն արտացոլում է առկա քաղաքական իրողությունը, նպատակ ունի բարձրացնել ընդդիմության աշխատանքի արդյունավետությունը, կազմակերպվածությունը, և որևէ կերպ չի վնասում ԱԺ ընդդիմադիր ուժերի վարկանիշին ու հեղինակությանը:

Հ.Հ.Գ. Ես իմ ընտրությունն արել եմ դեռևս հուլիսին և հրաժարվել եմ պատգամավորական մանդատից, քանի որ  Դաշնակցության անդամ չեմ և չեմ ցանկացել կիսել «Հայաստան» խմբակցության գործունեության քաղաքական պատասխանատվությունը . . .