Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միակ տարբերությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության և բացակայության այն է, որ եթե բացակայում են՝ մենք տեսնում ենք Արցախի արագ մահ, եթե ներկա են՝ տեսնում ենք Արցախի դանդաղ մահ, բայց չենք տեսնում ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն

Միակ տարբերությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության և բացակայության այն է, որ եթե բացակայում են՝ մենք տեսնում ենք Արցախի արագ մահ, եթե ներկա են՝ տեսնում ենք Արցախի դանդաղ մահ, բայց չենք տեսնում ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն
Քաղաքականություն
22:00, 06 декабрь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ ասուլիս է տվել և պնդել, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և դրանից հետո անհիմն են մեղադրանքները, թե Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:

 
Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արեգ Քոչինյանը, հայտնելով իր տեսակետն այս առնչությամբ, ասաց, որ Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը մի քանի մակարդակով մանիպուլյատիվ է։

 «Առաջին մակարդակը՝ Պրահայի թուղթը, ընդամենը հղում է անում 1990-ականներից գոյություն ունեցող փաստաթղթի՝ Ալմա-Աթայի դեկլարացիայի վրա։ Այդ դեկլարացիան ստորագրել և վավերացրել են, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, և թե՛ Ռուսաստանը։

 Այսինքն՝ Պրահայի թուղթը որևէ նորություն՝ իրավական տեսանկյունից, իր մեջ չի պարունակում, այլ ընդամենը հղում էր անում գոյություն ունեցող փաստաթղթին։ Եվ Ռուսաստանը տեղյակ էր այդ փաստաթղթից,  երբ որ իր առաջ քաշած կետը՝ 15-րդ կետը, բերում էր։ Կամ Ռուսաստանը գոյություն ունեցող իրավապայմանագրային բազայի հետ անհամատեղելի կետ էր բերում, ընդ որում՝ իրավապայմանագրային բազա, որն ինքն է վավերացրել, կամ իրականում Ալմա-Աթայի փաստաթուղթը չի հակասում այդ 15-րդ կետին և, ըստ էության, տեղի է ունենում մանիպուլյացիա»,-ասաց Արեգ Քոչինյանը։
   
Քաղաքագետը խոսելով երկրորդ շերտի մանիպուլյացիայի մասին՝ ասաց, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, թե սրանից հետո տեղին չէ 15-րդ կետի մասին խոսակցությունը, դա արդեն շահարկում է, բայց այդ խոսակցությունը տեղին չէր արդեն այն պահից, երբ Ադրբեջանը հրաժարվել էր այդ կետից։ 
 
Քաղաքագետի խոսքով՝ ամիսներ շարունակ ռուսական կողմը մեզ վստահեցնում էր, թե իրենք կհամոզեն Ադրբեջանին, թե իրենց նախագահը կբացատրի Ադրբեջանի նախագահին, որ այս կետը պետք է լինի, բայց մենք, ինչ-որ չէինք տեսնում, կամ էլ Ռուսաստանի նախագահը լավ չէր կարողանում բացատրել իր մտքերը։ 
 
«Սրա ապոգեյը եղավ, երբ Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը եկավ նստեց Ռուսաստանի նախագահի դիմաց և ասաց, որ Ղարաբաղի թեմայով մենք ձեզ հետ քննարկելու բան չունենք, այդ թեման փակ է։ Հիմա, եթե Ռուսաստանը համարում էր, որ այդ թեման փակ չի և այդտեղ ասելիք կա, առնվազն տարօրինակ է, որ չարտահայտվեց, որ թեման փակ չի, այդտեղ մենք ասելիք ունենք, կարգավիճակի հարց կա և այլն»,- ասաց քաղաքագետը։

 Խոսելով երրորդ շերտի մանիպուլյացիայի մասին՝ քաղաքագետն ասաց, որ սա արել է և՛ ՌԴ նախագահը, և՛ ՌԴ ԱԳ նախարարը, և փորձել են տպավորություն ստեղծել, թե Ռուսաստանն այն գլխից մեզ ինչ-որ բաներ էր առաջարկում, մենք էլ մաքսիմալիստական բաներից ելնելով՝ չէինք համաձայնվում, ընդ որում, խոսքը արդեն ոչ միայն այս վարչակարգի մասին է, այլև՝ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների, բայց այստեղ էլ պետք է հիշեցնել, որ ժամանակին ՌԴ նախագահ Մեդվեդևի առաջարկած Կազանի փաստաթուղթը Սերժ Սարգսյանը պատրաստ էր ստորագրել, այդ Ալիևն էր, որ վերջին պահին մի քանի նոր կետ էր առաջ քաշել։
 
«Այսինքն՝ այստեղ էլ է իրենց մեղադրանքները սուտ, որ այ, մենք ձեզ տարիներ շարունակ զգուշացնում էինք, որ այսպես է լինելու, առաջարկում էինք, դուք չէիք համաձայնվում։ Հայաստանը միշտ համաձայն է եղել Ռուսաստանի առաջարկություններին, Ռուսաստանը չի կարողացել կամ չի ուզեցել իր առաջարկություններին հոգի ու մարմին տալ։ Եվ վերջապես վերջին շերտի մանիպուլյացիան, այդ ժամանակը, տարածությունն ու գործընթացները միմյանց խառնելը, և փորձելով այլ բառապաշարներ օգտագործել, իրավիճակը դրանից չի փոխվում։ Գոյություն ունի դեպքերի հաջորդականություն, Ռուսաստանն առաջարկել է, Հայաստանը համաձայնվել է, Ադրբեջանը չի համաձայնվել,  դրանից հետո եղել է Պրահայի թուղթը։ Եվ հիմա փորձել Պրահայի թուղթը մատի փաթաթան սարքել, ասել այ սրա պատճառով չի ստացվել, մեղմ ասած, մանիպուլյատիվ է»,- ասաց քաղաքագետը։
 
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները և նշել, որ մինչև տարվա վերջ հնարավոր է երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների հանդիպում լինի:
 
Խոսելով սրա մասին, քաղաքագետն ասաց, որ ինչքանով ինքն է  հասկանում, Վաշինգտոնում ադրբեջանական կողմը որոշակի առաջարկություններ է ներկայացրել, հայկական կողմը դրանց պատասխան առաջարկություններ է ներկայացրել, և հիմա 3-րդ փուլով Ադրբեջանը նորից ինչ-որ առաջարկներ է ներկայացրել և  խոսքը, թերևս, գնում է վաշինգտոնյան ֆորմատի մասին։
 
«Հիմա, եթե կան հայկական կողմի և ադրբեջանական կողմի առաջարկներ, բնական է, որ դրանք պետք է քննարկվեն, լավ կլիներ, որ դրանք Վաշինգտոնում քննարկվեին, այլ ոչ Մոսկվայում կամ Բրյուսելում։ Բրյուսելում կարող են քննարկվել, եթե Բրյուսելում լինի քառակողմ ֆորմատ, բայց Ադրբեջանը դրան չի համաձայնվում, մնում է վաշինգտոնյան ֆորմատը։ Ամեն դեպքում, հույս ունենալ, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք խաղաղության պայմանագիր, իհարկե չարժե, միևնույն ժամանակ չի կարելի բացառել, որ ինչ-որ պայմանավորվածություն, այնուամենայնիվ, որևէ ուղղությամբ կլինի, դա կլինի, օրինակ,  դելիմիտացիայի հարցը, թե որևէ  այլ առանձին վերցրած հարց, չի կարելի բացառել, որ հնարավոր է որոշակի ձեռքբերում կարողանան գրանցել»,-նշեց  Արեգ Քոչինյանը։       
 
Քաղաքագետը կարծում է, որ հնարավոր չէ արդյունավետ բանակցել և խաղաղությունից խոսել, երբ քո ծոծրակին ատրճանակի փող է դրված, իսկ հենց դա է արված, քանի որ դելիմիտացիան արված չէ և ադրբեջանական զորքերը պարբերաբար սպառնում են ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, և ըստ էության, նաև խախտել են  այդ տարածքային ամբողջականությունը։
 
Խոսելով նաև Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մասին՝ քաղաքագետն ասաց, որ վերջին միջադեպն ամբողջությամբ տեղավորվում է ռուսական խաղաղարար կոնտինգենտի իրավասությունների մեջ, և նրանք տապալել են այդ իրավասություններն այն պահից, երբ ադրբեջանցի մի խումբ անձինք՝ քաղաքացիական հագուստով, փակել են այդ ճանապարհը։
 
«Ավելին՝ ՌԴ խաղաղապահների ղեկավարի հայտարարության համաձայն, եթե այդտեղ իրենց բառապաշարով մինի  անցակետ են ուզում տեղադրել, դա նույնպես եռակողմ հայտարարության խախտում է, որովհետև եռակողմ հայտարարությունով նախատեսված չէ, ո՛չ մինի, ո՛չ միջին, ո՛չ էլ մաքսի անցակետերի տեղադրում այդ ճանապարհի վրա, դա նույնպես խախտում է լինելու։ Սա հերթական ապացույցն է նրա, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը ի վիճակի չէ, չի կարողանում Արցախի անվտանգությունն ապահովել, սա արդեն չգիտեմ տասներորդ, թե որերորդ ապացույցն է, և հերթական վկայությունն այն փաստի, որ եթե չի փոխվում այդ միջնորդական այս ձևաչափը կամ անվտանգությունն ապահովող այս ձևաչափը, ըստ էության, մենք հիմա խոսում ենք ոչ թե Արցախի անվտանգության մասին, այլ Արցախի դանդաղ մահվան մասին։ Միակ տարբերությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայության և բացակայության այն է, որ եթե բացակայում են՝ մենք տեսնում ենք Արցախի արագ մահ, եթե ներկա են, մենք տեսնում ենք Արցախի դանդաղ մահ։ Բայց մենք չենք տեսնում ո՛չ անվտանգություն, ո՛չ կայունություն, ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ, առավելևս, երկարաժամկետ կտրվածքի մեջ»,- եզրափակեց քաղաքագետը։
 
Լիլիթ Թադևոսյան