Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակութային ժառանգության ոչնչացումը

Դեկտեմբերի 4-ին Բաղդադում տեղի է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպումը: Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը։ 

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղում հայկական հնագույն մշակութային ժառանգության վտանգված լինելու հանգամանքը և դրա նկատմամբ իրականացվող դիտավորյալ ոչնչացման, պղծման, յուրացման և վանդալիզմի ուղղորդված քաղաքականությունը։

Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական հնագույն մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այս տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը՝ 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ որպես տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևոր միջոց։

Ֆորումի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում՝ անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարների կողմից ընդունվել է Բաղդադի հռչակագիրը: Անդամ-պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին։

Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ-Լատիֆ Ռաշիդին։ Հանդիպման ընթացքում Վահե Գևորգյանը նշել է, որ Իրաքը հանդիսանում է տարածաշրջանում ՀՀ վստահելի գործընկերը: Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտների հետագա ծավալումը և զարգացումը՝ առանձնահատուկ ընդգծելով առևտրատնտեսական կապերի շարունակական խորացման անհրաժեշտությունը: Բարձր է գնահատվել իրաքյան կողմի ջանքերը՝ Բաղդադում անցկացված Հնագույն քաղաքակրթությունների նախարարական 6-րդ ֆորումի կազմակերպման աշխատանքներում։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Իրաքի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ֆուադ Հուսեյնի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող մի շարք հարցերի: Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ զարգացնելու հայ-իրաքյան հարաբերությունները: