Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչը չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը
Քաղաքականություն
16:25, 07 декабрь 2022
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Մարիա Պետրոսյանը հայտնել է, որ դիմում է ներկայացրել ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետրոսյանը իր որոշումը հիմնավորել է այն փաստով, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է հեռանալ ԱԺ-ից:

«Այսօր պաշտոնական դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ:

Որոշումս, կարծում եմ, միանգամայն պարզ ու հասկանալի է՝ հաշվի առնելով Ազգային Ժողովից հեռանալու «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշումը:

Մեր երկիրը դժվարագույն օրեր է ապրում: Ցավոք, խորհրդարանում քննարկվող, արհեստականորեն հանրային դիսկուրս ներմուծվող օրակարգերը որևէ աղերս չունեն մեր երկու հայկական պետությունների և մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերների հետ»,- գրել է Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ առաջնային խնդիր պետք է լինի ժողովրդի հետ աշխատելը, ժողովրդին համախմբելն ու գործող իշխանությունից ազատվելը, ազգային ու պետական շահերը պաշտպանելը:

Նա հավելել է, որ շարունակելու է իր  գործունեությունը «Վերածնվող Հայաստան» կուսակցության օրակարգի ներքո:

ԱԺ «Հայաստան» պատգամավորական խմբակցությունում թափուր մանդատներ են մնացել այն բանից հետո, երբ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցութունը հայտարարեց ԱԺ-ում գործունեությունը դադարեցնելու մասին: Կուսակցության երեք ներկայացուցիչներ դիմումներ ներկայացրին պատգամավորական մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Օրերս պատգամավորական մանդատները վերցնելու հրաժարվել են նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը: