Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անպատժելիությունը գրգռում է Բաքվի ախորժակը». Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նախագահի այցը Ֆրանսիա

«Անպատժելիությունը գրգռում է Բաքվի ախորժակը». Մասիս Մայիլյանը կարևորում է Արցախի նախագահի այցը Ֆրանսիա
Քաղաքականություն
17:18, 08 декабрь 2022
Բաքվի իշխանությունների նախահարձակ հայտարարություններն ու սադրիչ գործողությունները հիմնված են Արցախի իբր ադրբեջանական պատկանելության կեղծ թեզի վրա։ Այս մասին Ֆեյբուքի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը:

«Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասի ապօրինի բռնազավթման և կատարած ռազմական հանցագործությունների համար ադրբեջանական կողմը դեռևս չի կրել իր պատիժը։ Իսկ անպատժելիությունը գրգռում է պաշտոնական Բաքվի ախորժակը և հանցավոր նոր ծրագրեր ծնում, որոնց թվում է Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումը՝ հետագա էթնիկ զտումների և բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության ակնկալիքով։

Բաքվի վարչակարգի զսպման համար հարկ է կոնկրետ որոշումներ ընդունել և գործնական քայլեր ձեռնարկել, որոնք ի ցույց կդնեն, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն տարածվում Արցախի Հանրապետության վրա։

Այս առումով մեծ նշանակություն ունի Արցախի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցը Ֆրանսիա և նախագահ Հարությունյանի արած հայտարարությունները։ Մասնավորապես, Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում: Այցի ընթացքում նաև նշվել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ասված է Մասիս Մայիլյանի գրառման մեջ: