Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր են «Հայաստան» խմբակցության նոր դեմքերը՝ կռիվ սիրող ՀՅԴ-ական, մանկապարտեզի տարածքը եղբորն օտարած Զոլաքարի նախկին գյուղապետ, ԼՀԿ-ի եւ ՀԴԿ-ի ցուցակով պատգամավոր առաջադրված, բայց չընտրված թեկնածու

Ովքեր են «Հայաստան» խմբակցության նոր դեմքերը՝ կռիվ սիրող ՀՅԴ-ական,  մանկապարտեզի տարածքը եղբորն օտարած Զոլաքարի նախկին գյուղապետ, ԼՀԿ-ի եւ ՀԴԿ-ի ցուցակով պատգամավոր առաջադրված, բայց չընտրված թեկնածու
Քաղաքականություն
13:27, 09 декабрь 2022
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վերջին շաբաթների «մանդատադրումներից» եւ «մանդատահրաժարումներից» հետո վերջապես համալրվել է միանգամից 4 անդամով, որոնցից 2-ը ՀՅԴ-ական են՝ Փաստաբանների դպրոցի ունկնդիր Մհեր Սահակյանը եւ «Gijitain»-ում  Լիվե դրայդեր աշխատող, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ 27-ամյա Արփինե Վարդանյանը։ Վերջինս, նկատենք,  Դիմադրության շարժման ակտիվիստներից էր եւ իր ֆեյսբուքյան էջում մայիսի 9-ին մի խորախորհուրդ տեքստ էր զետեղել։  «Սիրում եմ ես կռիվը: Սիրում եմ կռվարարին, սիրում եմ երկար և ամուր եղջույրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի´սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք լուռումունջ արածող ոչխարին: Սիրում եմ նրան, ով անհոգ է, անվարվեցող, ով ըմբոստ է և հոխորտ, ով խայթող է և բռունցքն երկաթի: Սիրում եմ ես նրան, ով հոսանքի դեմ է լողում, հոսանքն ի վեր է գնում`ջարդվելով ալիքների դեմ: Եվ այդ պատճառով`սիրում եմ կնճռոտ դեմքեր, սիրում եմ խայթիչ լեզու, սիրում եմ ճիրաններ եւ լարված նետեր: ԵՎ այդ պատճառով` թքում եմ ես ձեր երանավետ դեմքին, ձեր խաղաղ բարքին, հեզ բնավորության և համակերպող բարության վրա»,- մասնավորապես գրել էր երիտդաշնակցական՝ այսօր արդեն պատգամավորը։  Քանի որ Արփինե Վարդանյանը կռիվ, «խայթիչ լեզու», «լարված նետեր» սիրող, «երանավետ դեմքերին» թքող տեսակ է, նշանակում է՝ ԱԺ-ում  ռազմահայրենասիրական ոճի ելույթ ունեցողների թիվը մեկով ավելացավ։   
 
Մյուս երկու նորաթուխ մանդատավորները  անկուսակցական են՝  «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպության ֆեդերացիայի նախագահ 61-ամյա Իրինա Գասպարյանն ու Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը։ Իրինա Գասպարյանը, նշենք, 2018 թ․ արտահերթ Աժ ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ մասով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած «Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության» ցուցակով էր առաջադրվել ԱԺ համամասնական պատգամավորի թեկնածու։ Պատգամավոր դառնալու նախորդ երկու փորձերը արդյունք չտվեցին, տիկին Գասպարյանը, փաստորեն, պատգամավոր դարձավ  հանգամանքների բերումով։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցության՝ ասորական համայնքը ներկայացնող մյուս պատգամավորը Զեմֆիրա Միրզոեվան է։  

Զոլաքարի 19 տարվա համայնքապետ Արման Ղազարյանը, նկատենք, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր ընդգրկվել համայնքի ղեկավարի կարգավիճակով (պաշտնը դադարեցվել է 2021 թ․ հուլիսի 27-ին)։ Նրան կարելի է դասել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթում նշված «գող համայնքապետերի» թվին։ Նախկին նախագահը, հիշենենք, 2017-ին ՏԻՄ-երին նվիրված խորհրդաժողվում մասնավորապես նշել էր, թե «գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի»։ Արման Ղազարյանի «խորամանկությունների» մասին ժամանակին գրել էր «Հետք»-ը։ Կայքի հրապարակումն ուղարկվել էր ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազություն։ Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը (համայնքապետը-խմբ․) շահադիտական նպատակներով, 2014թ. սեպտեմբերի 26-ին համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզի տարածքից 568 քմ հողատարածքը աճուրդ-վաճառքով օտարել է իր եղբորը, որի սեփականության իրավունքը պետական գրանցում է ստացել 2014թ. հոկտեմբերի 2-ին: Իսկ վերջինս 2014թ. հոկտեմբերի 8-ից մինչև օրս նշված հողատարածքը, ամսական 40.000 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության է տրամադրել «Ղ-Տելեկոմ» (Վիվասել-ՄՏՍ) ՓԲԸ-ին:

Նկարագրված գործողությունների հետևանքով Զոլաքար համայնքին պատճառվել է շուրջ 2.760.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, պարզվել է նաև, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ 2015-2018թթ ընկած ժամանակահատվածում համայնքապետարանի 4 աշխատակիցներին թույլ է տվել պարբերաբար բացակայել ՀՀ-ից, չհաճախել աշխատանքի: Այդ պայմաններում, սակայն, աշխատանքի չհաճախած ժամանակահատվածում նրանք ստացել են աշխատավարձ, որի հետևանքով Զոլաքարի համայնքապետարանի բյուջեից առերևույթ վատնվել է խոշոր չափերով` 1.448.832 ՀՀ դրամ գումար: 

Պարբերականը գրել էր նաեւ, որ Գեղարքունիքում 1.8 կմ երկարությամբ խողովակ է անհետացել, Զոլաքարի հողերն անջրդի են դարձել։ Գյուղացիների պնդմամբ, խողովակներն ապամոնտաժել և յուրացրել է այդ ժամանակ դեռևս գործող համայնքապետ Արման Ղազարյանը։ Համայնքի ղեկավարն էլ մեղքը բարդել էր նախորդ համայնքապետի վրա։ Ապամոնտաժված և յուրացված խողովակների գործով համայնքին պատճառված վնասը գնահատվել է 16 միլիոն 128 հազար դրամ։ 

Քրեական վարույթ էր նախաձեռնվել նաեւ ՔՕ 177-րդ 3-րդ մասի 1-ին կետի՝ առանձնապես խոշոր չափերի գողության հատկանիշներով (խողովակների ենթադրյալ գողության վերաբերյալ)։  Նախաձեռնված քրեական վարույթը, սակայն, ինչպես ՔԿ-ից հայտնել էին «Հետքին», կասեցվել է 2021 թ-ի հուլիսի 29-ին։ Սույն գործը 2021 թ-ին մեկ անգամ էլ էր կասեցվել, սակայն գործը հսկող դատախազի որոշմամբ կասեցումը վերացվել էր, և նորից նախաքննություն էր իրականացվում։ 

Ի դեպ, այժմ անկուսակցական, ՀՀ ոստիկանության ներքին զորքերի սպա, նախկին ՀՀԿ-ական գյուղապետը մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել մասնավորապես 2007 թվականին։ Առիթը թանկարժեք մեքենաներ գնելու մասին հայտարարությունն էր․ գյուղապետարանն իր կարիքների համար «Ջիփ» «LEXUS LX 300» եւ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենաների գնման մրցույթի հայտարարություն էր հրապարակել։ Խմելու ջրի, ճանապարհների բարեկարգման եւ մի շարք այլ՝ հրատապ լուծման կարոտ խնդիրներ ունեցող համայնքի ղեկավարի եւ նրա աշխատակազմի սիրտը, փաստորեն, թանկարժեք մեքենաներ էր ուզել, ինչը հարուցել էր գյուղացիների դժգոհությունը։  «Էս քանդած ճանապարհներին՝ նրանց ինչի՞ն է պետք նման թանկարժեք մեքենաները»,- տարակուսել էին գյուղացիները եւ կասկածներ հայտնել, թե այսպիսով «գյուղապետարանը փողեր է լվանում»։  

Հեղինե Մանուկյան