Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ձերբակալված ցուցարարներից մեկը մահապատժի է ենթարկվել, մյուսները` «հերթի» մեջ են, սա մարդկանց ավելի է զայրացրել․ իրանցի փախստականը մանրամասներ է պատմել Civic.am-ին

Իրանում ձերբակալված ցուցարարներից մեկը մահապատժի է ենթարկվել, մյուսները` «հերթի» մեջ են, սա մարդկանց ավելի է զայրացրել․ իրանցի փախստականը մանրամասներ է պատմել Civic.am-ին
Քաղաքականություն / Տարածաշրջան
21:05, 09 декабрь 2022
«Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են, բայց ոչ նախկինի նման։ Մարդիկ կենտրոնացված չեն մեկ վայրում, որպեսզի թույլ չտան անվտանգության ուժերի հարձակումը։ Նրանք բողոքում են՝ հնչեցնելով իրենց մեքենաների շչակները: Ներկայումս այն կոնկրետ ժամ չունի»,- այս մասին Civic.am-ին պատմեց Հայաստանում փախստականի կարգավիճակ ունեցող ազգությամբ իրանցի Բաբաք Աշթարին։

Նրա խոսքով՝ ցույցերի իրական պատճառն այն է, որ մարդիկ ցանկանում են, որ Իրանի ռեժիմը վերանա․ «Ժողովուրդը բողոքի ակցիաների ժամանակ ուղղակիորեն վիրավորում է Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին, այդ բառերը գրելով նաև պատերին»:

 Բաբաք Աշթարին հիշատակեց, որ երեկ՝ դեկտեմբերի 9-ի առավոտյան, ձերբակալված ցուցարարներից մեկը մահապատժի է ենթարկվել, իսկ մյուս ձերբակալվածները «հերթի» մեջ են․ «Սա մարդկանց ավելի է զայրացրել։ Սովորաբար Իրանում դատավարությունների գործընթացը, որն ավարտվում է մահապատժով, ամիսներ է տևում։ Այս մեկը տևեց ընդամենը 17 օր և չուներ բավարար ապացույցներ և իրավասու փաստաբան: Իմ կարծիքով, այս սխալը, նկատի ունեմ մահապատիժները, մարդկանց մոտ կատաղություն կառաջացնեն։ Իրանցիները սովորաբար հանկարծակի չեն արձագանքում իրադարձություններին։ Պետք է սպասել և տեսնել։ Բայց ժողովուրդն այս անգամ վճռական է՝ առաջ գնալու՝ մինչև ռեժիմի փոփոխություն»:
 
Բաբաք Աշթարին մեջբերեց Միացյալ Նահանգների քարտուղար Էնթոնի Բլինկենի թվիթերյան հայտարարությունը, որում ասվում էր․ «Մեր ուղերձը Իրանի ղեկավարությանը պարզ է. վերջ տվեք այս դաժան բռնաճնշումներին: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել իրանական ռեժիմին»:

 Թե ինչպես պետք է պատասխանատվության ենթարկեն, իրանցի փախստականը շեշտում է․ «Այս պաշտոնյաները բավարար տեղեկատվություն չեն տրամադրում այն մասին, թե ինչպես է պատասխանատվության ենթարկվելու իրանական ռեժիմը։ Մինչ այժմ միակ բանը, որ նրանք արել են, պատժամիջոցներ են սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք Իրանից դուրս որևէ կապ չունեն․ ոչ բիզնես, ոչ ընտանիք, ոչ էլ նույնիսկ ճանապարհորդում են: Մարդիկ սոցցանցերում կատակում են այս մասին: ԱՄՆ-ի կողմից այս առումով հստակություն չկա։ Այնուամենայնիվ, մարդիկ պահանջում են ԱՄՆ կառավարությունից չվերսկսել բանակցությունները Իրանի կառավարության հետ»:
 
Նարա Մարտիրոսյան