Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում. Արտակ Բեգլարյան
Քաղաքականություն
17:52, 19 декабрь 2022
Ադրբեջանը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու նախապայմաններ է դնում, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այսօր հայտարարել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Շաբաթ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե բանակցային գործընթացի ընթացքում ռուսական խաղաղապահների հրամանատարությունը սպասում է հայկական ու ադրբեջանական կողմերի պատասխանին իրավիճակի կարգավորման վերաբերյալ իրենց առաջարկներին։ Թե ինչ առաջարկներ են դրանք, կողմերից ոչ մեկը չի բացահայտում։

Երևանում գտնվող Արցախի պետնախարարի խորհրդականը հաստատեց, որ բանակցություններ ընթանում են։ Բեգլարյանի խոսքով՝ Արցախի բոլոր երկխոսությունները, ուղիղ շփումներն Ադրբեջանի հետ տեղի են ունենում ռուսական միջնորդությամբ։

Լաչինի միջանցքը արդեն 8-րդ օրն է՝ բնապահպան ներկայացող ադրբեջանցիներն են փակ պահում։ Նրանցից առաջ Ադրբեջանի պետական մի քանի գերատեսչությունների, նրանց թվում՝ բնական ռեսուրսների նախարարության ու պետական գույքի վարչության աշխատակիցներն էին մոնիտորինգ պահանջում Արցախի Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում։ Արցախցի պաշտոնյան հաստատեց՝ ճանապարհի բացման համար ադրբեջանցիների առաջ քաշած նախապայմաններից մեկը մուտք գործելն է Կաշենի հանքավայր։ Բայց թե ինչ է պատասխանել Ստեփանակերտը, չասաց։

Ավելի վաղ Արցախից ասել էին, որ համաձայն են միայն միջազգային փորձագետների մոնիտորինգին։ Ըստ պետնախարարի խորհրդականի՝ Ադրբեջանի ռազմավարական նպատակը Արցախի ժողովրդի հայրենազրկումը, ցեղասպանությունն է. «Այո, բանակցություններում նաև նմանատիպ հարցեր են քննարկվել, այսինքն՝ նախապայման է եղել ադրբեջանական կողմից, թե ինչ ձևով, ինչ հաճախականությամբ՝ մեկանգամյա, թե ոչ, թե մոնիտորինգ ինչպես պետք է լինի և այլն, սրանք բոլորը մանրամասներ են, որոնք ես չեմ կարող մեկնաբանել, բայց անձամբ իմ կարծիքն է, որ Արցախը որևէ կարմիր գծի զիջման հաշվին չպետք է համաձայնության գա»:

Հայաստանի վարչապետը, որ անցած շաբաթ միջազգային ճնշմանը զարկ տալու կոչով էր հանդես եկել, այսօր նախ իրավիճակը նկարագրող թվիթերյան գրառում արեց, ապա՝ Անվտանգության խորհրդի նիստ։