Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքե՞ր են քիչ առաջ երդված ընդդիմադիր պատգամավորները․ Երկու ՀՅԴ-ական, նախկին գյուղապետ, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով նախկինում առաջադրված թեկնածու

Ովքե՞ր են քիչ առաջ երդված ընդդիմադիր պատգամավորները․ Երկու ՀՅԴ-ական, նախկին գյուղապետ, «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով նախկինում առաջադրված թեկնածու
Քաղաքականություն
11:32, 20 декабрь 2022
Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցությունը համալրեց չորս պատգամավոր, որոնցից 2-ը ՀՅԴ-ական են՝ Փաստաբանների դպրոցի ունկնդիր Մհեր Սահակյանը եւ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Արփինե Վարդանյանը։  
 
Մյուս երկու նորաթուխ մանդատավորները  անկուսակցական են՝ «Խայադթա» Հայաստանի ասորական կազմակերպության ֆեդերացիայի նախագահ 61-ամյա Իրինա Գասպարյանն ու Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը։ Իրինա Գասպարյանը, նշենք, 2018 թ․ արտահերթ Աժ ընտրությունների ժամանակ պատգամավորի թեկնածու էր առաջադրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ մասով՝ որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ Արամ Գասպարի Սարգսյանի ղեկավարած «Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության» ցուցակով էր առաջադրվել ԱԺ համամասնական պատգամավորի թեկնածու։ Պատգամավոր դառնալու նախորդ երկու փորձերը արդյունք չտվեցին, տիկին Գասպարյանը, փաստորեն, պատգամավոր դարձավ  հանգամանքների բերումով։ Նշենք, որ «Հայաստան» խմբակցության՝ ասորական համայնքը ներկայացնող մյուս պատգամավորը Զեմֆիրա Միրզոեվան է։  

Զոլաքարի 19 տարվա համայնքապետ Արման Ղազարյանը, նկատենք, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր ընդգրկվել համայնքի ղեկավարի կարգավիճակով (պաշտնը դադարեցվել է 2021 թ․ հուլիսի 27-ին)։

Նորաթուխ պատգամավորների կենսագրական տվյալները դեռեւս չեն զետեղվել ԱԺ պաշտոնական կայքում։  

Այսպիսով, «Հայաստան» խմբակցությունը այս պահին ունի 14 ՀՅԴ-ական պատգամավոր, 15՝ անկուսակցական, այդ թվում՝ խմբակցությունը լքած «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախկին երկու անդամները՝ Աննա Գրիգորյանն ու Արթուր Սարգսյանը։
«Հայաստան» խմբակցությունը այլեւս նեկայացնում է մեկ կուսակցության՝ ՀՅԴ-ն։     

Ելենա Ազատյան