Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ
Քաղաքականություն
21:18, 23 декабрь 2022
Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:

Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը: