Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ ընդդիմության կողմից վարչապետ առաջադրելու դեպքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու բարոյական իրավունք է ստանում․ Արման Աբովյան

ԱԺ ընդդիմության կողմից վարչապետ առաջադրելու դեպքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու բարոյական իրավունք է ստանում․ Արման Աբովյան
Քաղաքականություն
17:02, 26 апрель 2021
«Նիկոլ Փաշինյանի` վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հարցի վերաբերյալ իրավաբանական համայնքը կիսվել է երկու հիմնական դաշտերի։ Եթե կիսվել է, ուրեմն կան խնդիրներ։ Ես իրավաբան չեմ եւ առայժմ զերծ կմնամ կտրուկ գնահատականներից, բայց այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է եւ ուսումասիրվում է», -  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով հրաժարականից հետո Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պարտականությունները կատարելուն։
Հարցին՝ արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը ռիսկեր չի տեսնում, որ ընտրություններից առաջ ողջ վարչական ռեսուրսը շարունակելու է կենտրոնացած մնալ մեկ անձի ձեռքում, Աբովյանը ասաց․ «Քաղաքական դաշտում կա կոնսենսուս առ այն, որ պետք է անցնեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ցանկանում եմ բոլորին, հատկապես իշխանական թևին հիշեցնել, որ բոլոր գործընթացների հետ կապված պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան բացառապես օրենքի և Սահմանադրության դաշտում։ Իշխանությունները չպետք է կասկածի նշույլ անգամ թողնեն, որովհետև դա կբերի վատ և անդառնալի հետևանքների»։
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրելու հարցին՝ Աբովյանը բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ ԲՀԿ-ն չի խաղա իշխանության դաշտում։
«Երբ ասում են, որ պառլամենտական ընդդիմությունը թող առաջադրի վարչապետի թեկնածու, մոռանում են մի շատ կարևոր բան, որ այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ստանում է բարոյական իրավունք՝ վերընտրվել իր 83 պատգամավորի կողմից և դառնալ փաստացի վարչապետ։ Այդ պարագայում մեկ տարի գոյություն չի ունենալու որևէ իրավական լծակ անվստահություն հայտնելու և պահանջներ դնելու», - ասաց նա։
Իշխող «Իմ քայլի» հետ հնարավոր դաշինք կազմելու մասին խոսակցություններին անդրադառնալով՝ Աբովյանը ասաց․ «Նման խոսակցություններն ինձ մոտ ծիծաղ են առաջացնում։ Մի քանի տարվա անցած ճանապարհը շատ հստակ ցույց է տալիս, ով է խաղերի մեջ, իսկ ով իր սկզբունքներից հետ չի կանգնում»։