Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդենի որոշումից հետո Թուրքիայում արդեն խոսում են ՆԱՏՕ-ից հեռանալու, ռազմակայանը փակելու մասին, բայց դրանք պաշտոական արձագանքներ չեն. Էստուկյան

Բայդենի որոշումից հետո Թուրքիայում արդեն խոսում են ՆԱՏՕ-ից հեռանալու, ռազմակայանը փակելու մասին, բայց դրանք պաշտոական արձագանքներ չեն. Էստուկյան
Քաղաքականություն
20:36, 26 апрель 2021
Civic.am-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

-Պարոն Էստուկյան, ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ի՞նչ արձագանք է գտել Թուրքիայում։ Էրդողանի, Չավուշօղլուի արձագանքներից զատ, ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում։

-Շատ բարձր արձագանքներ չկան։ Եղան մեր-երկու պաշտոնական արձագանք Ձեր կողմից նշված մարդկանց կողմից, բայց դրանից զատ, հատկապես հասարակության մոտ, լուրջ արձագանքներ չկան։ Անշուշտ, այս որոշումից ուրախ են այստեղի հայերը, ինչպես աշխարհի բոլոր հայերը։

-Իսկ Ձեր կարծիքով ի՞նչ կարելի է ակնկալել այս որոշումից, ի՞նչ գործողութուններ կհաջորդեն սրան։


-Գիտեք որ մինչ օրս ավելի քան 30 երկիր պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ի թե՛ Ներկայացուցիչների  տունը, թե՛ Սենատն արդեն նախապես ընդունել էին այս փաստը։ Հետևաբար՝ այստեղ արտակարգը պարզապես Բայդենի կողմից, որպես ԱՄՆ նախագահ, ցեղասպանություն բառն արտաբերելն էր։ Թե չէ օրինական, իրավական հիմքի վրա ավելի մեծ ձեռքբեումներ գոյություն չունեն։ Սա պարզապես խորհրդանշական իմաստ ունի, թե չէ այսպիսով խնդիրը նոր հանգրվանների   չի հասնում, մեր առաջ նոր դռներ չեն բացվում։ Այս ճանաչումով որևէ ձեռքբերում ակնկալել հնարավոր չէ։ Ցեղասպանության հարցում կարևորը Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը, իր մերժողական կեցվածքը։ Այնպես որ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչման հարցում մեզ համար նպաստավոր շատ բան չկա, բացի, այսպես ասած, այն, որ մի քիչ  սրտներս կհովանա։ Ավելի մեծ նշանակություն չկա։

-Պարոն Էստուկյան, իսկ Բայդենի քայլը չի՞ կարող որոշակի ճնշում հանդիսանալ Թուրքիայի վրա փոխելու իր մերժողական դիրքորոշումը։

-Բացարձակապես։ Ադպիսի հույսեր ունենալը շատ անիմաստ է։ Չկա նման բան։ Հակառակը՝ սա շատ ավելի է դժվարացնում իրավիճակը։

-Իսկ ի՞նչ զարգացումներ կարող են հաջոդել թուրք-ամերիկյան հարաբերություններում։ Առկա լարվածությունը կմեծանա՞։

-Քաղաքական շատ լուրջ խնդիրներ արդեն իսկ կան երկու երկրների միջև։ Շատ կարևոր խնդիրներ կան։ Հետևաբար՝ սա կարող է դրանց վրա հավելյալ ազդեցություն ունենալ։ Թուրքիայում արդեն խոսում են անգամ Հյուսիսատլանտյան դաշինքից հեռանալու մասին։

-Նման քննարկումնե՞ր արդեն կան Թուրքիայում։

-Այո, նման կարծիքի արտահայտումներ կան։ Խոսվում է «Ինջիրլիք»-ի ռազմակայանը փակելու մասին։ Հետևաբար՝ արդեն ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերութունները շատ լուրջ լարվել են, և դա էլ այս խնդիրների վրա հավելյալ բեռ է դարձել Թուրքիայի համար։ Բայց Թուրքիան պատրաստ էր այս պահին։

-ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու, ռազմակայանը փակելու քննարկումները հաջորդե՞լ են Բայդենի որոշմանը, թե ավելի վաղ էին այդ քննարկումները գնում։

-Ավելի շատ հաջորդել են։

-Իսկ ինչպե՞ս է արձագանքում թուրքական ընդդիմությունը Բայդենի այս քայլին։ Արդյոք Էրդողանի հասցեին մեղադրանքներ հնչո՞ւմ են։

-Թուրքիայում ընդդիմությունը երկու թև ունի։ Մի թևը պետականության հետ համերաշխ է։ Այդ թևից էրդողանի հետ նույն լեզվով կխոսեն, իսկ մուս թևը՝ քրդամետ կուսակցության ներկայացրած  բևեռն է, որը առաջին օրվանից շատ հստակ դիրքորոշում ունի։ Իրենք ասում են՝ ճանաչեք Ցեղասպանության իրողութունը, ազատվեք այդ ամոթից։ Իրենք շատ հստակ են խոսում այս հարցով։

-Առաջիկայում նոր զարգացումներ սպասո՞ւմ եք Թուրքիայում պայմանավորված ԱՄՆ-ի որոշմամբ։

-Ոչ։ Թուրքիան արդնեն փորձում է այս լարվածությունից դուրս գալ։ Հավելյալ լարվածության Թուրքիան չի գնա։ Նոր որ ասում էի՝ Թուրքիան մտադիր է ՆԱՏՕ-ից դուրս գալ, ռազմակայանը փակել և այլ քայլեր անել, դրանք էլ պատասխանատու անձանց, պաշտոնյաների կարծիքներ չեն։ Հետևաբար, կարծում եմ, որ նոր զարգացումենր, լրացուցիչ լարվածություն չի լինի։

Արփի Հարությունյան