Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ասում են՝ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել. կարելի էր լուծել՝ լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում. վարչապետը՝ իր պատասխանատվության մասին

«Ցանկացած բանի պատասխանատուն, ի վերջո, երկրի իշխանությունն է և երկրի գործադիր իշխանության 1-ին դեմքը: Ես այդ պնդումը բնական եմ համարում՝ և՛ բարեփոխումների, և՛ ձախողումների պատասխանատուն ես եմ, և ես երբեք չեմ խուսափել այդ քաղաքական պատասխանատվությունը կրելուց, ինչի արտացոլումն էր նաև 2021 թվականին իմ տված հրաժարականը, որպեսզի ՀՀ-ում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն եթե ես այս կետի վրա կանգնեմ, վատ ծառայություն կմատուցեմ և ՀՀ-ին, և նրա ժողովրդին, և ընդդիմությանը, և բոլորին, և ձեզ»,- այսօր՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ararat.News-ի լրագրողի հարցին, թե ընդդիմության կարծիքով՝ ամեն ինչի մեղավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է:

Վարչապետի խոսքով՝ խնդիրները լուծելու համար պետք է հասկանալ դրանց խորքը, ենթատեքստը. «Որովհետև 2020թ. պատերազմին նախորդել է 2016 թվականի պատերազմը: Ես կարծում եմ, որ մենք, նաև այսօր, ԼՂ հարցը և այս ամբողջ պատմությունը ավելի լավ հասկանալու անհրաժեշտություն ունենք: Այս պատմությունը մեծ հաշվով Հայաստանի Հանրապետության և պետականության մասին է և այն մասին է, թե ժամանակը մենք ինչպես ենք օգտագործել և օգտագործում մեր պետության ինստիտուցիոնալ կայացման համար: Մեր գործողությունների ելակետը պետք է դառնա Հայաստանի պետական շահը: Մենք այս քաղաքականությունն ենք որդեգրում, և այս քաղաքականության և հաջողությունների, և անհաջողությունների պատասխանատուն իհարկե ես եմ»:

Ինչ վերաբերում է հարցի այն մասին, թե ընդդիմությունը դեմ է Արտաքին հետախուզական ծառայությանը, վարչապետն ասաց, որ իրենք չեն կարող զրկել որևէ մեկին որևէ բանի դեմ կամ կողմ լինելու իրավունքից:

Վարչապետը, անդրադառնալով ընդդիմության հնչեցրած մեղադրանքներին, ասաց. «Միշտ էլ կարելի է պատերազմից խուսափել, բայց ինչ գնով: Ասում են, որ Ղարաբաղի հարցը կարելի էր լուծել. կարելի էր լուծել՝ լուծեիք, ո՞վ էր ձեզ խանգարում: Ղարաբաղի հարցը միայն քաղաքական հարց չէ, այն ունի նաև պատմական, սոցիալ-հոգեբանական, մտածելակերպի կոնտեքստ»: